Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան - Ելցին հանդիպումը դեռ չի կայացել





Ոչ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը եւ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է նախկին նախագահի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը, կհանդիպեն, հավանաբար, վաղը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման նախաձեռնությունը Բորիս Ելցինինն է: Ըստ համառորեն շրջանառվող լուրերի, հանդիպումն առնչվելու է 2003 թվականի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրել-չառաջադրելուն:

Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկատվությունը:

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները տարբեր պատճառաբանություններով խոչընդոտում են Ելցին - Տեր-Պետրոսյան հանդիպման կայացմանը: «Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ հանդիպումը չկայանա», - ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի առաջին նախագահը գործող իշխանություններին հայտնել է, թե այդ դեպքում հարցը կստանա միջազգային հնչողություն:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանի տեղեկացմամբ, Բորիս եւ Նաինա Ելցինների այցի ծրագիրը բավական հագեցած է: Երեկ նրանք հյուրընկալվել են Հայաստանի նախագահի Սեւանի նստավայր-ամառանոցում: Իսկ այսօր հյուրերն այցելել են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Նրանց ուղեկցել են մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը՝ տիկնոջ հետ:

Օրվա երկրորդ կեսին Բորիս եւ Նաինա Ելցինների եղան Արագածոտնի մարզում, ու դիտեցին հայ միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը՝ Սաղմոսավանքը: Վաղը ծրագրված է նրանց այցը Էջմիածին, ուր հյուրերին կընդունի Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG