Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը բանակցում է քաղաքական ուժերի հետ՝ արդար ընտրություններ ապահովելու նպատակով


Հայ հեղափոխական դաշնակցությունը միջկուսակցական քաղաքական երկխոսություն է սկսել քաղաքական բոլոր ազդեցիկ ուժերի հետ՝ արդար ընտրությունների ապահովման նպատակով: Հանդիպումների արդյունքում կստորագրվելիք հուշագիր- հայտարարությունը, ըստ Դաշնակցության, հստակություն կմտցնի քաղաքական դաշտում եւ առաջիկա ընտրությունների շրջանում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ կձեւավորի:

Ընդդիմադիր երկու խոշոր ուժերը՝ ՀԺԿ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունները դրական են վերաբերել նախաձեռնությանը: ՀՅԴ ղեկավարներից Վահան Հովհաննիսյանի խոսքերով, այդ կուսակցությունների առաջնորդները «ցույց տվեցին, որ իսկապես մտահոգ են երկրի եւ պետության ճակատագրով»:

Իսկ ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանը, օրինակ, համոզված է, որ իշխանություները լուրջ ընտրակեղծիքների են պատրաստվում եւ այլ մտահոգություններ չունեն: «Տարօրինակ է, որ իշխանամետ կուսակցությունը ընդդմադիրներին կոչ է անում, թե եկեք պայքարենք, որ իշխանությունը կեղծիքներ չանի», - նկատեց Արշակ Սադոյանը՝ փաստարկելով նաեւ, թե ընտրություններում կեղծիքները արգելվում են օրենքով:

«Իհարկե, դա ղեկավարվում է օրենքով, բայց՝ օրենքի երկրում», - այս առնչությամբ ասաց Վահան Հովհաննիսյանը: - «Մերը, ցավոք սրտի, դեռ չի կարող այդպիսին անվանվել»:

Ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հուշագրի հետ մեծ հույսեր չի կապում: «Արդեն իսկ իշխանությունների կողմից ստեղծված են բոլոր նախապայմանները առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կատարելու խոշորաքանակ կեղծիքներ», - ասաց Գեղամյանը՝ ավելացնելով, թե կստորագրի այդ փաստթուղթը, եթե առաջին իսկ կետում նշված կլինի, որ այս իշխանություններից «մենք ոչ մի ակնկալիք չունենք»՝ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու առումով:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG