Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախկին նախագահի այցը Հայաստան





Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Բորիս Ելցինը այսօր հատուկ չվերթով ժամանեց Երեւան՝ օդանավակայանում արժանանալով ամենաբարձր կարգի դիմավորման արարողության: Բորիս եւ Նաինա Ելցիններին դիմավորելու էին եկել Ռոբերտ եւ Բելլա Քոչարյանները: 6-օրյա ոչ-պաշտոնական այցի ծավալուն ծրագրում տեղ են գտել նաեւ Ելցինի հանդիպումները Հայաստանի գործող եւ նախկին ղեկավարների հետ:

«Հայաստանի նախագահ Ռոբերտ Սեդրակովիչի հետ մենք ընկերներ ենք: Նա ինձ հրավիրեց, ես ու Նաինան մեծ ուրախությամբ ընդունեցինք այդ հրավերը», - օդանավակայանում լրագրողներին ասաց 71-ամյա Բորիս Ելցինը: - «Ես սիրում եմ Հայաստանը, եղել եմ այստեղ, շրջագայել: Հայաստանի հետ մեզ երկար պատմություն է կապում, եւ դա պետք է պահպանել wւ ձգտել զարգացնել համագործակցությունը»:

Լրագրողների հետ զրուցելիս Ռուսաստանի նախկին նախագահը շեշտեց, որ Ռուսաստանում 2,5 միլիոն հայ է ապրում, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 1 միլիոն: «Այնպես որ հայերի ամենամեծ համայքը մեզ մոտ է», - ավելացրեց Ելցինը:

Առաջին վայրը, ուր եղավ Բորիս Ելցինը, Ծիծեռնակաբերդն էր: Այստեղ նա պսակ դրեց Եղեռնի հուշահամալիրին, իսկ Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում թողեց հետեւյալ գրառումը. «1915-22 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը համաշխարհային խայտառակություն էր, եւ չկա ու չի կարող լինել որեւէ ներում: Ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը եւ աշխահի այլ երկրներ: Ժամանակն է, որ Թուրքիան ապաշխարհի: Ես երկար տարիներ հետեւել եմ եւ տեսնում եմ, որ Հայաստանը վերածնվում է: Շնորհակալություն, որ պահպանում եք հիշողությունն ու ճշմարտությունը»:

Ավելի ուշ Ռուսաստանի նախկին նախագահը մասնակցեց այսօր նշվող էրեբունի - Երեւան տոնակատարությունը:

Լուրեր կան, թե Բորիս Ելցինը հանդիպելու է նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը ու նախկին նախագահի մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը այդ լուրերը ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG