Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամն է ողջախոհության եւ սթափ վճիռների». 1988 թվականից հայտնի այս վերնագիրն է առաջ մղել այսօր «Օրրան» թերթը՝ զուգահեռելով. - «Այդ տարիների իշխանության եւ ժողովրդի միջեւ առաջացած խորը անջրպետը, որը առաջացել էր իշխանությունների խորամտության եւ նրբամտության կամ էլ, ընդհանրապես, որեւէ մտքի բացակայության պատճառով, հիմա ավելի խորն է, մտքի իսպառ բացակայությունը ավելի աղետալի հետեւանքների է հանգեցնում, եւ չկա մեկը, որ կամուրջ դառնա՝ գոնե մի փոքր ու նեղ ճամփով միացնի առաջացած ներկայիս սերնդի երկու ափերը: Այն ժամանակ կար Հայոց համազգային շարժում, որն իրոք հայոց էր, իրոք՝ շարժում, որը համընդհանուր զարգացում էր երաշխավորում», - շեշտում է «Օրրան»-ը: - «Եվ եթե ընդդիմությունը իսկապես կարծում է, որ այս իշխանություններն աղետ ու չարիք են երկրի ու ժողովրդի համար, ապա պետք է իրապես համախմբվի: Այն, որ իշխանությունները առավել քան լուրջ ու պատասխանատվությամբ են վերաբերում գալիք հնգամյակի ամենակարեւոր միջոցառմանը՝ ակնհայտ է եւ օրավուր հաստատվում է նորանոր փաստերով: Իսկ մենք, կարծես թե, դանդաղում ենք: Այն էլ՝ շատ: Այդպես կարելի է ուշանալ նաեւ», - բազմակետել է «Օրրան»-ը:

«Առավոտ» թերթում եւս այսօր կասկած է ընդգծվում, որ մեր ընդդիմադիրները չեն ցանկանում պայքարել Քոչարյանի դեմ: Ավելին՝ նրանք ուզում են պարտվե'լ Քոչարյանին. այսպես լուռ, առանց պայքարի գոնե փոքր-ինչ իմիտացիայի: Այլապես հանրահավաքային այս լավագույն ժամանակն էլ չէին վատնի: «Օր» թերթի մեկնաբանների հայացքով, ներքին կյանքում լարվածությունը, ընդհակառակը, անընդհատ մեծանում է, պայքարը՝ թեժանում, ու մասնավորապես համայնքային ընտրությունները արդեն խելահեղ մրցավազքի տպավորություն են թողնում: Այս թերթի սահմանմամբ՝ երկրի նման իրավիճակում, համայնքապետերի ու ավագանու անդամների ներկայիս թեկնածուները չնչին բացառությամբ մարդիկ են, որոնք այդ պաշտոններին մղվում են ոչ թե ժողովրդի հոգսը թեթեւացնելու, այլ կարճ ժամանակում հարստանալու՝ իրենց մանկության վարդագույն երազանքը իրականացնելու համար:

Դաշնակցությունը մի շարք ընդդիմադիր եւ իշխանամետ կուսակցությունների հետ համաձայնության է եկել առաջիկա բոլոր ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ անցկացնելու մասին համատեղ հուշագիր ստորագրելու շուրջ: Եվ սա, «Հայկական ժամանակ»-ի գնահատականով, ինքնին «բեսպրեդելի» արտահայտություն է: «Ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու հրամայականը արձանագրված է ՀՀ Սահմանադրության եւ օրենքների մեջ: Այնպես որ, ՀՅԴ-ն պարզապես ինքնագովազդի հերթական ակցիան է նախաձեռնել», - ակնարկում է «Հայկական ժամանակ»-ը: Մյուս կողմից, ինչպես փոխանցում է «Հայոց Աշխարհ» թերթը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը դրական ու ողջունելի է համարում Դաշնակցության նախաձեռնությունը՝ նշելով. - «Անկախ քաղաքական դաշտի տարբեր ճակատներում գտնվելու հանգամանքից, կան խնդիրներ, որոնք ունեն համապետական նշանակությունը: Նման խնդիրների շուրջ մտահոգությունը նույնական է»: Ինչ վերաբերում է իրենց՝ «16»-ի դաշինքի նույնականության տեսլականին, Բազեյանը դեռեւս ասում է. - «Որեւէ առանձին քաղաքական ուժ ի զորու չի լինի իշխանափոխություն իրականացնել, ստանձնել իշխանության ողջ պատասխանատվությունը կամ ապահովել ազատ ու արդար ընտրություններ: Այս տեսանկյունից է, որ մենք անհրաժեշտ ենք համարում համագործակցել համախոհ բոլոր ուժերի հետ: Այս առումով, թեկնածուի անձը ածանցյալ է»:

Նախկին նախարար Վահան Շիրխանյանի կարծիքով, 16-ը ոչ միայն իրեն չի սպառել, այլեւ դեռ չի էլ սկսել իրապես գործել։ «16-ը ի վիճակի է Քոչարյանի պաշտոնանկության սայլը տեղից շարժել», - ասում է նա «Հայկական ժամանակ»-ում՝ այն տեսակետին մնալով, որ չպետք է թույլ տալ երկիրը հասնի հերթական ընտրությունների, քանզի Քոչարյանը ընտրությունների ժամանակ ընդունակ է գնալ ամենածայրահեղ քայլերի: Լրագրողի ՝ «Այնուամենայնիվ, դուք ընդունո՞ւմ եք ձեր եւ ձեր համախոհների մեղքը՝ 98-ի կեղծված նախագահական ընտրությունների համար» հարցին Վահան Շիրխանյանը պատասխանել է. - «98-ի մեր վարքագիծը կարելի է արդարացնել միայն նրանով, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, այսօր մենք բոլորովին այլ իրավիճակում կլինեինք։ Իսկ Քոչարյանի չընտրված լինելը ժողովուրդը հրաշալի գիտի, որովհետեւ եղել են քաղաքներ ու գյուղեր, որտեղ բնակչությունը մասսայաբար ընտրել է Դեմիրճյանին, եւ անմիջապես ընտրատարածքից դուրս գալուց հետո զարմացել է, թե ինչպես է Դեմիրճյանը ստացվել Քոչարյան։ Կարծում եմ, որ այդ մասին խոսելու ժամանակն էլ կգա», - դեռ ասում է Վահան Շիրխանյանը։

Անդրադառնալով մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հարցազրույցին, որտեղ քննադատվում է պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականությունը՝ թե Հայաստանը, ուրանալով Ռուսաստանին, նետվում է Արեւմուտքի գիրկը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը գրում է. - «Մեր քաղաքական դաշտի ընդդիմադիրները հետզհետե կորցնում են իրականության զգացողությունը. մեկ քննադատում են իշխանություններին կոմպլեմենտար արտաքին քաղաքականության համար, մեկ էլ՝ հակադրվելու նպատակով նրանց հայտարարում ինչ-որ միտման»: Սրա շուրջ թղթակիցը զրուցել է եւ Աշոտ Մանուչարյանի հետ, ու վերջինիս մեկնաբանություններից բխեցված է. «Փաստորեն, ստացվում է, որ Աշոտ Մանուչարյանը հաստատում է, որ Վաղարշակ Հարությունյանը շարժվել է պահի' թելադրանքով. այս պահին պետք է իշխանությունների տակից խլել աթոռը, ուրեմն եւ ինքը պետք է փորձի սիրաշահել Ռուսաստանին»:

Նախագահական փառքի հուշարձան դառնալու հերթական հայտն է ակամա ներկայացնում «Առագաստ» սրճարանը: «Առավոտ» թերթի փոխանցմամբ, հոկտեմբերի 10-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի հետ այնտեղ եղած Ուկրաինայի նախագահ Կուչման ուղղակի խայտառակ պահվածք է դրսեւորել: Հարբած վիճակում վիրավորել է նվագողներին, մատուցողուհիներին, աղջիներ նստեցրել նախագահների սեղանին եւ այլն: Պատմում են, որ Ռոբերտ Քոչարյանը անձամբ է անընդհատ ներողություն խնդրել իր պաշտոնակցի չկանխատեսված անզգույշ պահվածքի համար:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG