Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Փախուստը պայքարի միջոց չէ» վերնագրի տակ է «Երկիր» թերթն անդրադառնում տեղական մարմինների ընտրություններին քաղաքական ուժերի թույլ մասնակցությանը՝ նշելով. - «Հասկանալի է, դժվար է քաղաքական ուժերի համար պայքարի մեջ մտնել իշխանական լծակներին տիրապետող, նյութական անսպառ միջոցներ տնօրինող շրջանակների հետ, սակայն դա կլիներ արժանապատիվ մրցամարտ, որտեղ անգամ հաղթանակ չտանելը չէր դառնա պարտություն... Այսօր արդեն անհանգստացնող անօրինականությունները, կրակոցների ու ծեծկռտուքների հասնող «ընտրական մարտերը» հետեւանք են նաեւ այդ կրավորականության։ Դաշտը ազատ է նման հոգեբանությամբ, միայն նման միջոցներով հաղթանակ տանելուն պատրաստ ուժերի համար։ Քանզի ընտրական մթնոլորտը քաղաքական «թթվածնով» ծանրացած չէ»։ «Իրավունք» թերթում ընթացքից դիտարկում է առանձնացված, թե Ռոբերտ Քոչարյանը կարծես արդեն հրահանգ է իջեցրել, որ «վարչամեքենան պետք է ցանկացած գնով կանխի երկրորդ փուլի հնարավորությունը»: Այստեղ, ինչպես եւ «Երկիր» թերթում առավել ուշադրություն է սեւեռվում արտաքին կողմնորոշումների դերին: «Առաջին ջութակի դերի համար պայքարը թեժանում է, աստիճանաբար դրա շուրջ բարձրանում է լարումը ե'ւ Հայաստանում, ե'ւ Հայաստանի շուրջ», - արձանագրում է «Իրավունք»-ը: Իսկ «Երկիր»-ում մասնավորապես ընդդիմության մասով ընդգծված է. «16»-ի միավորման մեջ առկա հակասությունները փաստում են ոչ միայն միասնական թեկնածուի եւ քաղաքական ծրագրի շուրջ եղած տեսակետների տարբերությունները, այլեւ արտաքին կողմնորոշումների խնդրում հակադիր մոտեցումներ, եւ դա էլ իր հերթին է ճաքեր առաջացնելու: Ընդհանուր առմամբ, մեկնաբանի հայացքով, ընդդիմադիրներն այնքան են խրվում բազմազան բանավեճերի մեջ, որ «արդեն օրեցօր հետին պլան է մղվում նրանց միասնական եւ միակ ընդհանուր նպատակը՝ իշխանափոխությունը»:

«16»-ի անդամ կուսակցություններում սկսվել է «Միավորման փոխադարձ պարտավորությունները՝ նախընտրական դաշինք ձեւավորելու հարցում» անվանումը կրող փաստաթղթի քննարկումը, ուր շարադրված են այն պայմանները, որոնց ընդունման դեպքում միավորումը կվերածվի նախընտրական դաշինքի: Դրույթներից մեկի համաձայն, դաշինքը մինչեւ նախագահական ընտրությունները համաձայնության է գալիս պատասխանատվության ոլորտների շուրջ: Դաշինքի` նախագահի թեկնածուն ընտրվելուց հետո ձեւավորվում է նոր կառավարություն՝ համաձայնեցնելով դրա կազմը դաշինքի խորհրդի հետ: «Այս կետը ենթադրում է, որ մինչեւ նախագահական ընտրությունները միավորման անդամները պետք է հաշտվեն, թե ում ինչ է բաժին հասնելու», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ի մենաբանը: - «Նշված ձեւակերպումը նաեւ նպատակ ունի սահմանափակել ապագա նախագահի ինքնուրույնությունը, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել հավանական մի քանի թեկնածուների մոտ»: Ուշագրով է եւ փաստաթղթի հետեւյալ կետը. «Ազգային ժողովի ընտրություններից հետո նախագահը եւ ԱԺ-ում ներկայացված դաշինքի պատգամավորները պարտավորվում են աջակցել, որ... խորհրդարանի նախագահ ընտրվի առավել ձայներ ստացած դաշինքի անդամ կուսակցության ներկայացուցիչը: Վարչապետը եւ ԱԺ նախագահը պետք է լինեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ»:

Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Իրավունք»-ի հարցազրույցում այսօր ձեւակերպել է. - «Ռոբերտ Քոչարյանն այսօր չունի այլընտրանքային թեկնածու»: «Դրսից, ներսից, որտեղից ասես մարդիկ ուզում են գալ ու միանգամից գիծ մտնել», - ասում է Սահակյանը: - «Այդպես չի լինում:Գուցեեւ շատ լավ մարդիկ են, շատ լավ կղեկավարեն երկիրը, բայց պիտի իմանան, որ նախագահի առոթը պայքարի ուղի է, ընդ որում, բավական լուրջ պայքարի»: Եւս մեկ մեջբերում. «Չեմ հավատում, թե այդքան մեծ թշվառություն կա: Ավելի ճիշտ, թշվառությունը 20 տոկոսի մոտ եմ տեսնում»:

«Հերթական անգամ պատմության մեջ է ընկել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ հերթական անգամ դա կապված է միջազգային կազմակերպությունների նկատմամբ նրա՝ հաճապակի փոփոխվող դիրքորոշումներով», - արձանագրում է «Օրրան» թերթը՝ նկատի ունենալով նախարարի երեկվա փորձը՝ հերքումով սրբագրել «Ազատություն» ռադիոկայանով հնչած իր մեկնաբանությունները, թե ինչու է ձգձգվում Հայաստանի անդամակցումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Հիշեցնելով, որ մի առիթով Վարդան Խաչատրյանը Հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս հայտարարեց, թե ինքը «փիս նեղացած է Համաշխարհային բանկից», այս հայտարարությունը լուրջ խնդիրներ առաջացրեց Հայաստանի իշխանությունների համար, եւ քիչ էր մնում նախարարը պաշտոնանկ արվեր: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն էլ արձանագրում է. - «Հիմա Վարդան Խաչատրյանը հայտնվել է մի նոր սկանդալի կենտրոնում: Եվ ինչպես ավանդաբար է դա լինում, սկանդալի պատճառը իր իսկ հայտարարություններն են»: «Վարդան Խաչատրյանը, իրոք, ասել է այն, ինչ հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը», - նշում է մեկնաբանը: - «Պարզապես անցած շաբաթ նախարարը ստիպված է եղել ինչ-որ կերպ բացատրել, թե ինչու Հայաստանը, այդուհանդերձ, դեռ չի դարձել ԱՀԿ անդամ, ինչպես նաեւ «ապահովագրել» իշխանություններին ապագա քննադատություններից: Եվ այդ նպատակով ընդամենը բերել էր հերթապահ մի պատճառաբանություն, որը, թերեւս, նախարարի կարծիքով, լրատվամիջոցները «կուլ կտային» եւ որեւէ բարդություն չէր առաջանա»:

«Կանխատեսումները, թե Լեռնային Ղարաբաղը չի կարողանա խուսափել կառավարական ճգնաժամից, կարծես իրականություն են դառնում», - անդրադառնում է այսօր «Հայկական ժամանակ»-ը: - «Պետությունների պատմության մեջ երեւի թե չի եղել նախադեպ, երբ երկրի կառավարությունը նշանակվի մի քանի փուլերով: Զուտ ֆորմալ առումով, սա, իհարկե, կառավարական ճգնաժամ է: Բայց, երբ դուրս ենք գալիս ֆորմալ ձեւակերպումների ոլորտից, հասկանալի է դառնում, որ կառավարության փուլային նշանակումը ոչ այնքան ճգնաժամային վիճակի արձանագրում է, որքան ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլ... Կառավարության նշանակման առաջին փուլով Արկադի Ղուկասյանը կարծես գծել է կոմպրոմիսի այն սահմանը, որի շրջանակներում ինքը կարող է գործել: Այս յոթ նախարարները նշանակվել են Դաշնակցության, Հայաստանի իշխանությունների, ներքին ուժերի հետ «հաշիվները մաքրելու» համար: Ղուկասյանն այս ձեւով վերը նշված ուժերին ակնարկում է, որ մնացած նախարարների նշանակմանը իրենք չպիտի խառնվեն: Այս շարքում ամենասկզբունքայինն, իհարկե, արտաքին գործերի նախարարի պարագան է»: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ արտգործնախարարի միջեւ հակասություններ են առաջացել դեռեւս տարիուկես առաջ: Ամիսներ առաջ Արկադի Ղուկասյանն ու Նաիրա Մելքումյանը նախագահական ընտրություններից հետո հաշտ ու խաղաղ բաժանվելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Ապա խոսք է գնացել այն մասին, որ ԼՂՀ նախագահը Մելքումյանին օգնի, որպեսզի վերջինս նշանակվի Հայաստանի փոխարտգործնախարար: Սակայն ինչ-ինչ պատճառներով նախարար Վարդան Օսկանյանը կտրականապես դեմ է արտահայտվել դրան, եւ Մելքումյանին այլ բան չի մնացել, քան փորձել մնալ ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնում:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG