Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ուկրաինան ընդլայնում են համագործակցությունը





Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի պաշտոնական այցի շրջանակներում ստորագրված չորս փաստաթղթերից մեկով սկիզբ է դրվում հայ-ուկրաինական ռազմական համագործակցությանը:

Թեեւ Լեոնիդ Կուչման երեկ էր ժամանել Երեւան ու արդեն երեկոյան Ռոբերտ Քոչարյանի հետ այցելել «Առագաստ» սրճարանը, Ուկրաինայի նախագահի եռօրյա պաշտոնական այցը Հայաստանի նախագահի նստավայրի մոտ դիմավորման արարողությունից հետո սկսվեց այսօր:

Այսօր էլ կայացան երկու նախագահների առանձնազրույցը, ընդլայնված կազմով հայ-ուկրաինական բանակցությունները, որից հետո լրագրողների ներկայությամբ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջկառավարական 4 համաձայնագիր ստորագրվեց՝ ռազմական համագործակցության մասին, էներգետիկայի բնագավառում համագործակցության եւ էներգետիկ սարքավորումների մատակարարման մասին, երկու երկրների կառավարությունների միջեւ տեղեկատվության փոխադարձ պահպանման եւ տեղեկատվության, գրահրատարակչության, գրքերի տարածման եւ պոլիգրաֆիական արտադրության բնագավառում համագործակցության մասին:

Հայաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրված «Ռազմական համագործակցության մասին» համաձայնագրով սկիզբ դրվեց երկու երկրների համագործակությանը ռազմական ոլորտում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակը երեկ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է, որ այդ փաստաթուղթը հնարավորություն է ստեղծում երկու երկրների զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում ինֆորմացիայի փոխանակման, Հայաստանի զինվորականների՝ Ուկրաինայի զինվորական ուսումնական հաստատություններում սովորելու եւ վերպատրաստվելու համար: Նախատեսվում է ընդլայնել կապերը ռազմագիտության բնագավառում, Հայաստանն ու Ուկրաինան մտադիր են քննարկել միջազգային խաղաղապահ ուժերի կազմում միասին մասնակցելու հնարավորությունները:

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ համաձայնագիրը ենթադրում է նաեւ ռազմատեխնիկական համագործակցություն:

Ավելի ուշ անցկացված նախագահների համատեղ ասուլիսում Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե երկու երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերի քանակը անցավ 60-ից: «Ես կարծում եմ, իրավապայմանագրային հիմքը մեզ մոտ ամբողջովին ձեւավորվել է», - ասաց Հայաստանի նախագահը:

Լեոնիդ Կուչման նշեց, որ պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրված համաձայնագիրը ռազմական ոլորտում համագործակցելու «առաջին քայլն է ու ոչ վերջինը»:

«Ես կարծում եմ, մենք լուրջ ներուժ ունենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու համար: Այստեղ մենք հետ ենք մնացել» - ասաց Ռոբերտ Քոչարյանը:


Հայաստանի նախագահը իր գոհունակությունը հայտնեց անցկացված բանակցությունների ընթացքից ու բնույթից: Նրա խոսքերով, քննարկված բոլոր հարցերի գծով կողմերի դիրքորոշումները շատ մոտ են եղել:

Համաձայնելով իր գործընկերոջ հնչեցրած գնահատականներին, Լեոնիդ Կուչման համոզմունք հայտնեց, որ բոլոր ոլորտներում հայ-ուկրաինական հարաբերությունները վերելք են ապրելու:

Ռոբերտ Քոչարյանի՝ անցյալ տարվա պաշտոնական այցից հետո, որի ընթացքում քննարկվել էին ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու հնարավորությունները, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, ինչպես այսօր տեղեկացրեց Հայաստանի նախագահը, ավելացել է ավելի քան 30 տոկոսով: Նա համոզմունք հայտնեց, որ եկող տարի ապրանքաշրջառությունը կկազմի 35-40 միլիոն դոլար: Ռոբերտ Քոչարյանը նշված աճը պայմանավորեց վերջին 3 տարվա ընթացքում Ուկրաինայում եւ Հայաստանում արձանագրվող կայուն տնտեսական աճով:

Ուկրաինան Հայաստանին պարտք ունեցող սակավաթիվ երկրներից է, այդ հարցը, սակայն, այսօր չի քննարկվել: Լեոնիդ Կուչման ճշտեց, որ դա միջպետական պարտք չէ. Ուկրաինայի որոշ ձեռնարկություններ պարտք են մնացել իրենց հայաստանցի գործընկերներին: «Պարտքից մենք չենք հրաժարվում», - ասաց Ուկրաինայի նախագահը՝ ավելացնելով, որ համապատասխան մարմիներին հանձնարարվել է ճշտել, թե ով, ում եւ ինչքան է պարտք, ինչից հետո իրենք կօժանդակեն այդ հարցի լուծմանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, բանակցություններում քննարկվել են մաեւ մեր տարածաշրջանին առնչվող հարցեր. «Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման եւ համագործակցության զարգացման հիմնական նախապայմանը տարածաշրջանի բոլոր երկրների փոխգործակցությունն է: Նախագահները պատրաստակամություն են հայտնել աջակցելու տարածաշրջանում վստահության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր նախաձեռնություններին: Նրանք հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծման օգտին՝ բացառապես քաղաքական, խաղաղ միջոցներով»:

Այս համատեքստում Ուկրաինան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձրագույն մակարդակով շարունակվող ուղիղ երկխոսությունը: «Մենք գտնում ենք, որ առաջին հերթին պետք է համաձայնության գան Հայաստանն ու Ադրբեջանը», - ասաց Կուչման:

Ուկրաինայի նախագահը այսօր եղավ նաեւ Ազգային ժողովում, Երեւանի պետական համալսարանում, Երեւանի կոնյակի գործարանում, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG