Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Ուկրաինայի նախագահի այցի առիթով «Առավոտ» թերթը ուրվագծում է. - «Եթե Արեւմուտքը եւ նախեւառաջ ԱՄՆ-ը դժգոհ են Կուչմայից՝ նրան վերագրելով մի շարք մահացու մեղքեր ու պաշտպանում են Ուկրաինայի ընդդիմությանը, Կուչմային այլ բան չի մնում, քան նետվել Ռուսաստանի գիրկը։ Երախտապարտ Ռուսաստանը գնահատեց նրա այս քայլն ու մերժեց հանդիպել ուկրաինական ընդդիմության հետ»: ԱՊՀ վերջին գագաթաժողովում էլ Պուտինը առաջարկեց ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի ղեկավարությունը փոխանցել հենց Ուկրաինայի նախագահին։ Թեեւ Ռոբերտ Քոչարյանը սրան դեմ էր հանդես եկել, Կուչման չի նեղացել եւ պաշտոնական այցով ժամանել է Երեւան։ «Ասենք՝ ի՞նչ ունեն կիսելու», - մտորում է «Առավոտ»-ը։ - «Ռուսաստանի օգնությունն ու համակրա՞նքը։ Բայց այն, միեւնույն է, հիմնականում բաժին է հասնում ոչ թե հավատարիմ ու լսող Հայաստանին, այլ՝ հայացքը պարբերաբար Արեւմուտք հառած Ուկրաինայի տիպի «անառակ որդիներին»։ «Առավոտ»-ի հայացքով, իրենց պահվածքով էլ Քոչարյանն ու Կուչման իսկը եղբայրներ են. «Հիշենք թեկուզ Կուչմայի շաբաթօրյա հեռուստաելույթը, ուր բառ առ բառ կրկնվում էին Քոչարյանի հայտնի փաստարկները: Իբր՝ տեսեք, թե ինչ է անում այդ ընդդիմությունը։ Չի թողնում շունչ քաշենք ո'չ ես, ո'չ դուք։ Ապակայունացնում է իրավիճակը, քաղաքացիական պատերազմ է հրահրում։ Այս ոգով շարունակելով՝ Կուչման ասաց գլխավորը. ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ ընդդիմադիրները պղտոր ջրում ձուկ որսացող թոկից փախածներ են»։

Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հերթական այցին առնչվող հրապարակումներում, մասնավորապես «Հայոց Աշխարհ» եւ «Օրրան» թերթերում տրվող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հարցազրույցներում Հայաստան - Ռուսաստան անքակտելիության, շահերի ու նպատակների համընկնման հավաստիք է մեխվում եւս մեկ անգամ: Մյուս կողմից, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը արձագանքել է. - «Ի տարբերություն Միհրանյանի եւ Աբրահամյանի, լինելով Հայաստանի քաղաքացի՝ մենք հույս ունենք, որ Հայաստանի նախագահ կընտրվի այնպիսի մեկը, որը կկարողանա Ռուսաստանում ապրող հայերին դուրս բերել պատանդի նվաստացուցիչ վիճակից, որ մարդիկ պարտադրված չլինեն ներկայացնել Ռուսաստանի շահերը, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, շատ կցանկանան անել դա, լավագույն դեպքում Ռուսաստանի շահը կպաշտպանեն Ռուսաստանում, ոչ թե Հայաստանում»:

Երեկ վարչապետ Մարգարյանի արտահայտած տրամադրվածությունը՝ բանակցել ընդդիմության հետ՝ ընտրություններում խաղի որոշակի կանոններ պահպանելու նպատակով, ինչպես նաեւ Դաշնակցության սկսած հանդիպումների շարքը ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, տպավորություն են ստեղծել, թե, ինչպես «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանն է ձեւակերպել՝ «դիմությունն ու ընդդիմությունը միմյանցով նորովի են հետաքրքրվում»: «Առավոտ»-ի մեկնաբանը կասկածի որդը սրտում գրում է. - «Իշխանության մաս կազմող քաղաքական ուժը ընդդիմադիրների հետ հայտարարություններ նախապատրաստելու փոխարեն՝ ճիշտ կաներ, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու համար օգտագործեր այն լծակները, որոնց ամբողջապես է տիրապետում իշխանությունը: Եվ այդ տեսակետից ավելի արդյունավետ կլիներ, եթե փորձեին պայմանավորվածություններ ձեռք բերել նրանց հետ, ում հետ կիսում են իշխանությունը»: Մեկնաբանն առայժմ չի հասկանում՝ ՀՅԴ-ն համագործակցելով ընդդիմության հետ «փորձում է հանրապետության նախագահի համար իր կշի՞ռն ավելացնել՝ ցույց տալով, թե կարող է նաեւ հակառակ ճամբարն անցնել, թե՞ պատճառներն այլ են»:

«Հայոց Աշխարհ» թերթում այսօր մեղադրանք է ուղղված ընդդիմադիրներին, թե ձեւացնելով, թե Նաիրի Հունանյանի «թեկնածուական արշավը» հալած յուղի տեղ են ընդունում, մարդկային իրե'նց կերպին ու բարոյականության իրե'նց ընկալմանը համահունչ, գլխավոր ահաբեկչի թելն են թելում, «նախագահության» հեռանկարը ծանրութեթեւ անում: Վարչապետ Մարգարյանն էլ, սակայն, ինչպես շեշտադրում է «Հայկական ժամանակ»-ը, ի տարբերություն նախագահ Քոչարյանի, երեկ լրագրողների հետ լուրջ ու ծավալուն քննարկում էր Հունանյանի առաջադրման թեման:

«Պետք չէ հետեւել հիմարի նետած քարին, անլուրջ բաներին պետք չէ լուրջ վերաբերել կամ կարեւորել արհեստական միտքը». թեեւ Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը «Հայոց Աշխարհ»-ում սա ուղղում է նախագահի հրաժարականի մտքի հետեւից գնացողներին, բայց խորհուրդը խիստ արդիական է թվում եւ ներկայիս բազմաթիվ այլ ծավալումների դեպքում:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG