Մատչելիության հղումներ




Այսօր Երեւան է ժամանել Ռուսաստանի հայերի միության 350 մարդուց բաղկացած պատվիրակությունը՝ միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ՝ Հայաստանում եւ Արցախում Ռուսաստանի հայերի միության օրեր անցկացնելու նպատակով:

Ծրագիրը բավական հագեցած է եւ ունի 3 հիմնական ուղղություն. Հայաստանի եւ Արցախի դպրոցների կոմպյուտերիզացիա, սոցիալական զարգացման եւ հումանիտար օգնություն, ինչպես նաեւ ներդրումային ծրագրեր: Ներկայումս Ռուսաստանի հայերի միությունը քննարկում է մոտ 70 սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի նախագծեր:

Պատվիրակության ներկայացուցիչներին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին, Ռոբերտ Քոչարյանը գոհունակությամբ փաստել է, որ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ տարին առնվազն մեկ-երկու անգամ կազմակերպվող խոշորամասշտաբ միջոցառումները գնալով ավելի լայն իմաստ են ձեռք բերում՝ առիթ ընձեռելով եւս մեկ անգամ բարձր մակարդակով քննարկել Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները, Ռուսաստանի հայ համայնքի գործերն ու խնդիրները:

Արա Աբրահամյանն այսօր հանդիպեց նաեւ լրագրողներին: Վերջիններիս հարցադրմանը, թե միակ երկիրը, որտեղ հայերին նեղացնում են եւ այն էլ՝ միայն հայերին, դա Ռուսաստանն է, Արա Աբրահամյանը պատասխանեց, որ ինքը չի կարծում, թե Ռուսաստանում հատուկ հայերին են նեղացնում: Նա գտնում է, որ դա մասնավոր բնույթ է կրում, եւ այստեղ լուրջ բացատրական, քարոզչական աշխատանք պետք է տանել, եւ Ռուսաստանի հայերի միությունը այդպես էլ վարվում է՝ ձեռնարկելով նաեւ հնարավոր բախումները կանխարգելելուն ուղղված համապատասխան միջոցներ:

Պատասխանելով «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքին վերաբերող հարցին, Արա Աբրահամյանը ասաց. - «Դա շատ շահավետ է ե'ւ Հայաստանի, ե'ւ Ռուսաստանի համար: Դա նոր մոդել է, որը Ռուսաստանը կիրագործի իրեն պարտք ունեցող այլ երկրների նկատմամբ»:

Պատվիրակության անդամ, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, մինչդեռ, գտնում է, որ Հայաստանի գործարանները բեռ են Ռուսաստանի համար, քանի որ այդ երկիրն էլ ունի տասնյակ «կողքի ընկած», չաշխատող գործարաններ: Այնպես որ, ըստ Միհրանյանի, սա արդեն Ռուսաստանի կողմից զիջում կարելի է համարել եւ պետք է գոհ լինել:

Աբրահամյանը հաստատեց, որ հայկական գործարանները ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին հանձնելու բանակցություններ են ընթանում:

«Ճշմարտություն կա այդ հարցի մեջ», - ասաց նա: - «Բայց դա առայժմ նախնական ծրագիր է. բավականին բարդ հարցեր կան կապված այդ գործարանների կարգավիճակի հետ, երկկողմ հարկերի հետ: Մենք այդ հարցերը քննարկում ենք մեր կառավարության հետ»:

Արա Աբրահամյանի խոսքերով, եթե առաջարկվող պայմանները իրենց բավարարեն, ապա կստանձնեն այդ գործարանները կառավարելու պարտավորությունը: Նա չհամաձայնեց, թե Ռուսաստանում այս նախաձեռնությունը բացասական արձագանք կստանա՝ հայերը վճարեցին պարտքը գույքով եւ գույքը նորից մնաց հայերի ձեռքում՝ կրկնելով, թե գործարքը փոխշահավետ է, իսկ ինքն էլ Ռուսաստանի քաղաքացի է:

Արա Աբրահամյանը հերքեց հօգուտ գործող նախագահի նախընտրական քարոզչությանը իր մասնակցությունը՝ ասելով, որ կարող է միայն համակրանք ունենալ, քանի որ Հայաստանի քաղաքացի չէ եւ չունի ընտրելու իրավունք:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG