Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթը տեղական ինքնակառավարման ընտրություններին ընդդիմության մասնակցության դաշտից արձանագրում է. «Հանրապետություն» եւ ՀԺԿ կուսակցությունների մոտեցումը գրեթե նույնն է: Նրանք մասնակցելու են դրանց, իսկ որտեղ իրենց կուսակիցներից ոչ ոք չի առաջադրվել, ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը» աջակցելու են ընդդիմադիր թեկնածուին, եթե այդպիսին առկա է»: Ինչ վերաբերվում է «Ազգային միաբանությանը», ապա այս կուսակցությունը չի մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Եվ սա, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանությամբ, իրականում պայմանավորված է նրանով, որ Գեղամյանը «չի ցանկանում նախապես պայթեցնել իր բազմահազարանոց կուսակցության մասին միֆը: «Սակայն, հարց է առաջանում, թե նման անհույս տարածքային կառույցներով Գեղամյանը ինչպե՞ս է պատրաստվում հաղթել նախագահական ընտրություններում», - բազմակետ է դրել մեկնաբանը:

«Հայկական ժամանակ»-ը այսօր փոխանցում է ընդդիմության ճամբարից եւս մեկի՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի դիրքորոշումը, որ իրենք Կենտրոնի թաղապետի ընտրություններում պաշտպանելու են Արարատ Զուրաբյանի թեկնածությունը: «Մենք Զուրաբյանին պաշտպանելու ենք ոչ թե որպես ՀՀՇ ներկայացուցիչ, այլ որպես սկզբունքային մի անձնավորության, որը չնայած ամեն ինչին, չի դավաճանել իր գաղափարներին», - ասել է Գասպարյանը:

Օրերս հրապարակված՝ «Լոգոս» կենտրոնի սոցհետազոտության որոշ ծալքեր ավելի բացելով, այդ կենտրոնի տնօրեն Նաիրի Բադալյանը «Հայոց Աշխարհ» թերթում մասնավորապես նշում է. - «Հարցումը ցույց տվեց, որ մայրաքաղաքում հասարակական կարծիքը գրեթե բեւեռացված, կիսված է երկու համահավասար մասերի»: Պարզվել է նաեւ, որ «16»-ի միավորման փաստը որոշակի ակտիվություն էր հարուցել ընդդիմադիր տրամադրություն ունեցող հարցվողների շրջանում, երեք անգամ աճել էր Ստեփան Դեմիրճյանի վարկանիշը, երկու անգամ՝ Վլադիմիր Դարբինյանի, 1,75 անգամ՝ Արտաշես Գեղամյանի:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում պատկերում է. - «Մեր հասարակությունն այսօր միաբեւեռ է: Ունենք բնակչության 20 տոկոս եւ ունենք քանակական մեծամասնություն, որը դրա դիմաց կամ կողքը չի կանգնած: Այստեղ բեւեռների մասին խոսելը բարդ է: Քանզի մեր հասարակության մեջ, ընդհանուր առմամբ, կյանքի հիմնական որոշումներն ընդունվում են հիշյալ 20 տոկոսի միջոցով եւ 1-2 տոկոսի ցանկությամբ կամ ծրագրերով: Այդ 20 տոկոսի մեջ մտնում են կամ կառավարման համակարգում, կամ տնտեսական համակարգում կայացածները, ովքեր արդեն բավական ակտիվ են, գիտեն ինչ են ուզում, վաղուց ազդում են ընտրությունների ընթացքի վրա»: Ինչ վերաբերում է մտավորականությանը, Հրանուշ Խառատյանը դեռեւս ձեւակերպում է. - «Մեր տիպի երկրներում այս շերտը խաղից դուրս է. ո'չ ազդում է դեպքերի ընթացքի վրա, ո'չ էլ հավաքական կշիռ ունեցող ամբողջություն է, որ կարողանա երկրում ընթացող գործընթացների վրա ազդել»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Համոզված եմ, որ Նաիրի Հունանյանին չեն գրանցի իբրեւ նախագահի թեկնածու, քանի որ նա ակնհայտորեն կխլի Ռոբերտ Քոչարյանի ձայների 60%-ից ավելին: Նույն ընտրազանգվածն է ձայներ տալու երկուսին էլ»: Արամ Սարգսյանը ընդգծում է. - «Բացարձակ միանշանակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ընտրություններին: Բացարձակ միանշանակ չէ, որ նա կհասնի այդ օրվան՝ ինչեր ասես կարող են լինել, սկսած Ազգային ժողովում զարգացումներից: Ո՞վ է ասում, որ պաշտոնանկության նախաձեռնությունը դուրս է եկել օրակարգից, ո՞վ է ասում, որ ամբիոնը նորից չի գրավվելու, ո՞վ է ասում, որ երբ վերանա արձակման վտանգը, ընտրությունների շեմին պատգամավորները չեն դիմի ժողովրդահաճո քայլերի, ո՞վ է ասում, որ մենք չենք աջակցելու նրանց»: «Եթե գործող նախագահն իր իշխանության օրոք 30%-ից պակաս ձայներ ունի, ըստ քաղաքագիտական հստակ սահմանումների՝ սա վստահության ճգնաժամ է, այսինքն՝ երկրում լեգիտիմության պակաս կա», - սոցհետազոտություններին է անդրադառնում Արամ Սարգսյանը: Իսկ ժողովրդի հետ իր հանդիպումները վկայակոչելով՝ հավաստում է. - «Կասկած չունեմ, որ եթե Քոչարյանը հասնի ընտրություններին՝ չի վերընտրվելու: Նա չունի ժողովրդի աջակցությունը, խորին հակակրանք կա այս իշխանության նկատմամբ... Հստակ երեւում է, որ մարդիկ ակնհայտ վախեցած են տեղական իշխանություններից, եւ այդ վախեցածությունը մարդկանց մեջ՝ իշխանությունների հանդեպ կուտակում է լրացուցիչ չարություն: Իշխանական «դաբրոները», նրանց դրածոների լկտի կեցվածքը տեղերում ակնհայտորեն շրջվում են իրենց դեմ»:

«Պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի մեղադրանքները՝ ուղղված հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին (մասնավորապես՝ Արամ Սարգսյանին եւ Ստեփան Դեմիրճյանին), թվում էր, թե պիտի բուռն արձագանքներ ունենային: Բայց առնվազն պատգամավորական շրջանակներում քար անտարբերություն էր տիրում», - փոխանցում է «Օրրան» թերթը: - «Անգամ լրագրողների հորդորներին՝ որեւէ կերպ արձագանքել այդ անհավատալի եւ անբացատրելի լուտանքներին, պատգամավորները միայն «ցրողական» ու խուսափողական պատասխաններ էին տալիս»: Սրա կողքին «Օրրան»-ի հեղինակներից մեկը այսօր շեշտել է. - «Հասարակությունը վերարտադրում է իր տականքներին ճիշտ այնքան, որքան պահանջարկ կա, իսկ պահանջարկը ձեւավորում է իշխանությունը: Պնակալեզությունը վաղուց քաղաքական կատեգորիա է, որի պահանջարկը մեծանալու է՝ ինչքան մոտենում են ընտրությունները: Եվ արդեն մեր խնդիրն է՝ մեզ պաշտպանել նրանց զառանցանքից, ովքեր հանձն են առել «ժողովրդի» անունից ներկա ու ապագա իշխանություններին քսմսվելով՝ իրենց կյանքն ու կայքը ապահովագրել»:

«Հայկական ժամանակ» թերթն անդրադառնում է, որ լրացավ ժամկետը, երբ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը պետք է նախագահ Արկադի Ղուկասյանի հաստատմանը ներկայացներ ԼՂՀ կառավարության կառուցվածքը, ինչպես նաեւ առաջարկություններ՝ կառավարության կազմի վերաբերյալ: Բայց դա չի արվել, եւ, ըստ մեկնաբանի, բարդությունները պայմանավորված են հիմնականում կառավարության կազմի վերաբերյալ Արկադի Ղուկասյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումների տարբերություններով: Տարաձայնությունները, ըստ էության, նախարարական երեք պորտֆելների շուրջ են: Արկադի Ղուկասյանը ձգտում է ազատվել արտգործնախարար Նաիրա Մելքումյանից եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից: Քոչարյանը, իր հերթին, չի ուզում ԼՂՀ կառավարության կազմում տեսնել ազգային անվտանգության վարչության պետ Բակո Սահակյանին»: «ԼՂՀ կառավարությունը ամբողջովին յուրային տեսնելու՝ Քոչարյանի ձգտումը դիտորդները բնական են համարում», - շեշտադրված է «Հայկական ժամանակ»-ում: - «Վերջինս սեփական փորձից գիտի, թե Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ինչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂՀ նախագահը, երբ ունի իր թիմը, եւ ինչ վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի նախագահի համար Ղարաբաղի՝ ինքնուրույն քայլեր անող նախագահը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG