Մատչելիության հղումներ

Պետեկամուտների նախարարը հարկահավաքի բարելավումը պայմանավորում է նոր աշխատատեղերի ստեղծմամբ





Ինչպես այսօր հայտարարեց Հայաստանի պետական եկամուտների նախարար Երվանդ Զախարյանը, ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին պետական եկամուտների նախարարությունը 75,5 միլիարդ դրամի հարկ է հավաքել: Դա 33,5 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հավաքված հարկերը:

Նախարարը հարկային մուտքերի ավելացումը պայմանավորում է նոր աշխատատեղերի բացմամբ, ինչպես նաեւ ստվերային տնտեսության կրճատմամբ:

«Անցյալ տարի այդքան մեծ աշխատատեղերի ստեղծումը, որը հանրապետության նախագահի կողմից նշվեց եւ կատարվեց 2001 թվականին, այսօր այդ արդյունքը արդեն երեւում է ոչ միայն համախառն ներքին արդյունքի մասով, այլ նաեւ ընդհանուր եկամուտների աճի մասով», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Երվանդ Զախարյանը՝ ավելացնելով, թե անցյալ տարվա համեմատ ավելի հավաքված շուրջ 19 միլիարդ դրամ հարկերից 7 միլիարդը ստվերում շրջանառվող եկամուտների հարկման, իսկ մնացած 4 միլիարդը հարկային օրենքների փոփոխման արդյունք է:

Մինչեւ տարեվերջ նախատեսվում է հավաքել եւս 30 միլիարդ դրամի հարկեր, ինչը, ըստ Զախարյանի միանգամայն կատարելի խնդիր է։

«Հույս ունենք կոլեկտիվի, ամբողջ հարկային մարմինների աշխատողների ընդհանուր ուժերի մոբիլիզացմամբ ապահովել նաեւ չորրորդ եռամսյակի հարկային մուտքերը», - ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է հաջորդ տարվա համար կանխատեսվող հարկային եկամուտներին, ապա, նախարարի համոզմամբ, առավել իրատեսական կլինի պետության հարկային եկամուտների 10 տոկոսանոց ավելացումը՝ հատկապես դեռեւս մեծ ծավալներ ունեցող ստվերային տնտեսության կրճատման հաշվին։ Դրա համար, թերեւս, հարկ կլինի արդեն մինչեւ տարեվերջ լուրջ օրենսդրական փոփոխություններ անել:

Զախարյանի փոխանցմամբ, նախագահ Քոչարյանը հարկահավաք գերատեսչությունից պահանջել է մինչեւ դեկտեմբերի 15-ը ներկայացնել հարկային բարեփոխումների լայնածավալ ծրագիր: Թեեւ ծրագիրը դեռ մշակման փուլում է, հիմնական մոտեցումները արդեն հայտնի են։

«Հարկային դրույքների փոփոխություններ չեն լինելու», -հավաստիացրեց Զախարյանը:- «Հարկադրույքների մասով մենք բոլորովին փոփոխություններ չենք նախատեսում. 2003 թվականին հարկային բեռի բարձրացում չի լինելու»:

Զգալի փոփոխություններ կրելու է վարչարարությունը: Հարկային գերատեսչությունը, օրինակ, նախատեսում է խոշոր հարկատուների մոտ ունենալ մշտական ներկայացուցիչ, որը օպերատիվ կերպով պետք է հետեւի տվյալ ընկերության բոլոր գործարքներին ու ֆիքսի ամբողջ շրջանառությունը:

Հարկային գերատեսչության ղեկավարը այսօր հայտարարեց, թե իր ղեկավարած կառույցը չի ենթարկվում բիզնես ունեցող կամ հովանավորող որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի ճնշմանը, ու հարկերը հավաքում է բոլորից. «Իշխանության որեւէ մարմնի կողմից եւ իշխանության որեւէ աշխատողի կողմից որեւէ զանգ, որեւէ միջամտություն, որեւէ ճնշում հարկային մարմինների վրա չի եղել այս կամ այն հարկատուի նկատմամբ մեղմ վերաբերմունքի համար», - ասաց իրեն ապաքաղաքական անձնավորություն համարող պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը՝ հայտարարելով, թե իր ղեկավարած կառույցը առաջիկայում եւս զերծ է մնալու քաղաքականությունից: Քիչ անց արած նրա հետեւյալ հայտարարությունը, սակայն, հակառակը ենթադրելու հիմքեր է տալիս. - «Եթե չլինի իշխանափոխություն, հաջորդ երկու, երեք, չորս, հինգ տարիներին միանշանակ կարող ենք բոլորս միասին ավելի մեծ աճ նախատեսել, ավելի մեծ աճ սպասել տնտեսության, աշխատավարձի եւ մնացած բոլոր բնագավառներում»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG