Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը քննարկում է բանկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը


Ազգային ժողովում այսօր սկսեց քննարկվել կառավարության ներկայացրած՝ Հայաստանի բանկային համակարգին վերաբերող օրենսդրության մեջ փոփոխությունների փաթեթը: Նախատեսվում է օրենսդրորեն արձանագրել, որ բանկերում արգելվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը:

Առաջարկվող փոփոխության հիմնական բովանդակությունը հետեւյալն է. Կենտրոնական բանկին իրավասություն է վերապահվում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներով գործառնությունները եւ տեռորիզմի ֆինանսավորումը կանխարգելելու կարգ սահամանել: Եթե կասկած հարուցած սուբյեկտը չի կարողանում ապացուցել, որ կասկածն անհիմն է, ապա Կենտրոնական բանկը իրավասու է նրա նկատմամբ կիրառել պատժամիջոցներ:

Պատգամավորներից շատերը դեմ արտահայտվեցին օրինագծին: «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը, օրինակ, առաջարկեց լուրջ բնույթ տալ տեռորիզմի դեմ պայքարին եւ իրավապահ մարմիններին պարտավորեցնել Ազգային ժողովին հաշվետվություն ներկայացնել այդ ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, այլ ոչ թե Կենտրոնական բանկի միջոցով բանկային գաղտնիքներ բացահայտել:

Ավելի ուշ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ այս առումով բացատրություններ տալով, ասաց. - «Անթույլատրելի է, որպեսզի այս վերահսկողական ֆունկցիան անցնի իրավապահ մարմիներին»:

Օրինագծի մյուս ընդդիմախոսը Արշակ Սադոյանն էր: Նրա խոսքերով, արտասահման ներդրումների մեծ հոսքի բացակայության պայմաններում ամենաառաջնային խնդիրը չէ դրսից ներդրված, գուցեեւ ոչ կեղտետ, բայց չապացուցված կասկածներով այդպիսին համարվող դրամական միջոցների հոսքի դեմ պայքարը:

«Առաջարկվում է ոչ միայն մեզ մոտ կասկածի հիման վրա, այլ որեւիցե արտասահմանյան կազմակերպության կամ ուժի կամ պետության կասկածի պատճառով մեզ մոտ վտանգի տակ դրվեն բանկային գաղտնիքները», - ասաց Սադոյանը՝ ավելացնելով, որ ահաբեկչությունը մեր օրենսդրությամբ եւս հանցագործություն է, եւ կեղտոտ փողերի դեմ պայքարը ամենեւին էլ հարկ չկա նույնացնել դրա հետ:

Ի պատասխան Սադոյանի կարծիքի, թե նման մոտեցումը կառավարության կողմից ցուցամոլության դրսեւորում է, արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ ներկայացված օրինագիծը բխում է միջազգային պարտավորություներից, որոնցով նախատեսված է պայքար կեղտոտ փողերի գոյացման դեմ, եւ անցյալ տարվանից այդ շրջանակում ընդգրկվել է նաեւ ահաբեկչությունը:

«Սա ընդամենը նոր խոսք է, որը կապված է ՄԱԿ-ի որոշումների հետ», - ասաց Դավիթ Հարությունյանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG