Մատչելիության հղումներ

logo-print

Եվրատլանտյան գործընկերության խորհուրդը սեմինար է անցկացնում Երեւանում


Երեւանում այսօր բացվեց Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ)՝ «Ահաբեկչության դեմ միջազգային պայքարը. տարածաշրջանային համագործակցության հեռանկարները Հարավային Կովկասում» թեմայով երկօրյա սեմինարը:

Սեմինարի կազմակերպել են 46 երկիր (ՆԱՏՕ-ի անդամ 19 երկրները եւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող երկրները) ընդգրկող ԵԱԳԽ-ն եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Սեմինարի աշխատանքներին մասնակցում են շուրջ երկու տասնյակ պետությունների, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի փորձագետներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, Ազգային ժողովի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Չնայած հրավերին, Ադրբեջանը երեւանյան սեմինարին չի մասնակցում:

Հայաստանի փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանը իր բացման խոսքում նշեց, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ այստեղ առկա է միջազգային ահաբեկչության վտանգը եւ դրան հարակից այնպիսի սպառնալիքներ, ինչպիսին են թմրանյութերի, երկակի օգտագործման նյութերի, թեթեւ զենքերի անօրինական շրջանառությունը: Փոխարտգործնախարարը թվարկեց այն ոլորտները, ուր հնարավոր է գտնում համագործակցությունը՝ սահմանային հսկողության ուժեղացումը, ահաբեկչության ֆինանսական աղբյուրների վերացումը, սպառազինությունների վերահսկումը, երկակի նշանակության նյութերի արտահանման վերահսկողությունը:

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը իր ելույթում հիշեցրեց, որ 1992-1993 թվականներին Ղարաբաղի դեմ ադրբեջանական կողմից կռվում էին նաեւ աղֆանցի մոջահեդներ՝ վերջիններիս ներթափանցումը Հարավային Կովկաս վտանգավոր գնահատելով ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար:

«Մինչեւ հիմա դրանց բները Ադրբեջանում արմատախիլ արված չեն», - ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով. - «Եվ «Ալ Քայդա»-յի գործակիցները այդ հանրապետությունում հայտնվեցին հենց այն ժամանակ»:

Խոսելով տարածաշրջանի քաղաքական սպառնալիքների մասին, որոնք դառնում կամ կարող են դառնալ ահաբեկչության պատճառ, նա անդրադարձավ ներքին սպառնալիքներին. - «Ամենամեծ ներքին վտանքն է հասարակության հիասթափությունը անկախությունից եւ ինքնուրույն ապրելու անհրաժեշտությունից»: Հովհաննիսյանը պարզաբանեց, թե կան բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ, բայց կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ՝ օրինակ, ազգային քաղաքական վերնախավի իներցիոն մտածելակերպը:

«Ադրբեջանում, օրինակ, վերնախավը, ղեկավարող էլիտան չի կարողացել մինչեւ հիմա հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի կազմում լինելը սովետական երեւույթ է», - ասաց նա:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ Վահան Հովհաննիսյանի, Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները կարող են օրինակ ծառայել, թե ինչպես սոցիալական, էթնիկ լարվածության պայմաններում երկու ժողովուրդ կարողանում են համակերպվել դժվարություններին եւ իրար նկատմամբ թշնամական վերաբերմունք չդրսեւորել:

Հայաստանում, Հովհաննիսյանի խոսքերով, ցածր է սոցիալական արդարության մակարդակը, ինչը բերում է ներքին լարվածության, որը նույնպես կարող է ներքին տեռորիզմի պատճառ դառնալ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG