Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը շարունակում է չկատարել ստանձնած պարտավորությունները





«ԱրմենՏել»-ն արդեն վաճառել է 14 հազար «Իզի- քարտ», որոնցից միայն 4 հազարն է միացված բջջային ցանցին: Մնացածը, ըստ «ԱրմենՏել»-ի, վերավաճառողների ձեռքում է: «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանելով՝ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ այսպիսի իրավիճակ չպետք է լիներ, քանի որ «ԱրմենՏելը» խոստացել էր, թե «Իզի-քարտերի» վաճառքը պրոբլեմներ չի առաջացնելու:

Դեռեւս գարնանը, երբ պարզվեց, որ «ԱրմենՏելի» տեխնիկական հնարավորությունները սահմանափակ են ու չեն կարող բավարարել պահանջարկը, ընկերության ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բջջային կապի համակարգը հզորացնելու վերաբերյալ: Ըստ այդմ, նախարարի տվյալներով, «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդում որոշում էր կայացվել բջջային ցանցի ընդլայնման համար ներդնել 24 միլիոն դոլար, եւ մինչեւ տարեվերջ բջջային հեռախոսակապի ծածկույթը պետք է ընդգրկեր Հայաստանի տարածքի 85 տոկոսը:

Նախարար Մանուկյանի բնութագրմամբ, «ԱրմենՏել»-ը հերթական անգամ չկատարեց ստանձնած պարտավորությունը ՝ չբարելավված համակարգով վերսկսեց «Իզի քարտերի» վաճառքը: Արդյունքում անկում է ապրել բջջային կապի որակը. «Տաս անգամ փորձելուց հետո գոնե մեկ անգամ հնարավոր չէ կապվել մյուս բաժանորդի հետ», - բողոքում է նախարարը:


Նախարարի պահանջով, «ԱրմենՏել»-ը բացատրական տեղեկանք է ներկայացրել, որում ասված է, թե նոր սարքավորումների՝ հաղորդիչ կայանների եւ անտենաների տեղադրումն ընթացքի մեջ է:


Անդրանիկ Մանուկյանը թյուրըմբռնման արդյունք համարեց այն կարծիքը, թե հաջորդ տարվա մարտի 3-ին ավարտվում է բջջային կապի ոլորտում «ԱրմենՏել»-ի մենաշնորհը: Իրականությունն այլ է:

Նախարարի մատուցմամբ, Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, առաջարկելով կառավարությանը օրենսդրական նախաձեռնությամբ մտնել Ազգային Ժողով եւ փոփոխություն կատարել «Հեռահաղորդակցության մասին ՀՀ օրենք»-ի 24-րդ հոդվածում՝ զրկելով «ԱրմենՏել»-ին մենաշնորհից: Այլապես «ԱրմենՏել»-ի մենաշնորհը կապի ոլորտում շարունակվելու է մինչեւ 2013 թվականը: Ավելացնենք նաեւ, որ կառավարությունը օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու նախաձեռնություն դեռեւս չի ցուցաբերել:

«ԱրմենՏել»-ը շարունակելով չկատարել պարտավորությունները եւ
չապահովելով կապի բարձր որակ, կարժանանա հենց այդ ճակատագրին՝ կզրկվի մենաշնորհից եւ քայլեր կձեռնարկվեն այլ օպերատորներ ներգրավելու ուղղությամբ: Սակայն Մանուկյանը հերքեց այն տեղեկատվությունը, թե ռուսաստանյան մի ընկերություն այդ հարցով կապի նախարարի հետ բանակցություններ է սկսել: Նրա խոսքերով, կան տասնյակ ընկերություններ, որոնք ցանկանում են որպես կապի ոլորտի օպերատոր աշխատել Հայաստանում, բայց «ԱրմենՏելի»-ի մենաշնորհն այսօր թույլ չի տալիս այլ ընկերությունների լիցենզավորում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG