Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյանը՝ նախագահի թեկնածու






Ազգային միաբանություն կուսակցության երրորդ համագումարը որոշեց 2003 թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրել կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին: Դահլիճն այս որոշումն ընդունեց հոտնկայս, երկարատեւ ծափահարություններով: Բայց այդ պահին ընդդիմադիր «16»-ի միավորումը ներկայացնող մյուս կուսակցությունների առաջնորդներն արդեն գնացել էին:

Ինչպե՞ս են գնահատում ընդդիմադիրները Արտաշես Գեղամյանի առաջադրվելու որոշումը: Արդյո՞ք դա չի նշանակում միասնական թեկնածուով հանդես գալու «16»-ի մտադրության ձախողում:

Ըստ Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանի. «Ընդամենը համագումարը արձանագրեց «միասնական թեկնածուի» թեկնածու»:

Սահմանադրական իրավունք միության ղեկավար Հրանտ Խաչատրյանի խոսքերով, Ազգային միաբանությունը, ըստ էության, հայտ ներկայացրեց միասնական թեկնածուի համար:


Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը մեկնաբանությունները համարում է վաղաժամ, իսկ, թե ինչ կորոշի համագումարը՝ համագումարի գործն է: .

Հանրապետություն կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը եւս համարում է, որ Արտաշես Գեղամյանը առաջադրվում է կուսակցության կողմից, որպես «միասնական թենածուի» թեկնածու: Նա չբացառեց, որ մյուս կուսակցությունները եւս թեկնածուներ կառաջադրեն, կգրանցվեն, կգնան ընտրությունների եւ ընտրարշավի որեւէ փուլում, հաշվի առնելով ժողովրդի վերաբերմունքը՝ համաձայնության կգան, եւ ասպարեզում «16»-ի կողմից կմնա մի թեկնածու:

Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը համաձայն չէ, թե Արտաշես Գեղամյանի ծրագրային դրույթները բոլորի համար մինչեւ վերջ ընդունելի են եւ կարող են հիմք ծառայել միասնական ծրագրի համար: Նրա բնորոշմամբ, դա ընդամենը կուսակցության ծրագիր է, ոչ թե որոշակի ժամանակահատվածում պետությունը ոտքի կանգնեցնելու ծրագիր:

Իսկ Արտաշես Գեղամյանը, ըստ էության, հարցն արդեն փակված է համարում՝ նախագահի թեկնածու է: Համագումարից անմիջապես հետո լրագրողներին տրված հարցազրույցում նա, փաստորեն, բացառեց, որ «16»-ի ներսում միասնական թեկնածու որոշելիս ինքը կարող է զիջումների գնալ: Հիմնավորելով իր վճռականությունը Գեղամյանը մատնանշեց. «Տեսա՞ք՝ մարդիկ միաձայն որոշեցին, որ Արտաշես Գեղամյանը իր կուսակիցների, համակիրների հետ նախագահական ընտրություններում մինչեւ վերջ պետք է գնա»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG