Մատչելիության հղումներ

Ատոմակայանի հերթական վերանորոգման աշխատանքները հետաձգվում են


Մեծամորի ատոմակայանը հոկտեմբերի 4-ից պետք է 45 օրով կանգներ հերթական պլանային նորոգման։ Սակայն, ատոմակայանի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ռեակտորի աշխատանքի դադարեցման ժամկետը երկարաձգվել է մինչեւ հոկտեմբերի 11-ը: Հետաձգման նպատակը, ըստ տնօրենի, վերանորոգման եւ միջուկային վառելիքով վերալիցքավորման աշխատանքներին ավելի լավ նախապատրաստվելն է: Իսկ այն, որ միջուկային վառելիքի հայթայթման հոգսը կառավարությունը հասցեագրել է «Հայէներգո» ընկերությանը Գագիկ Մարկոսյանը բնական է համարում:

Մինչդեռ, մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ ատոմակայանը չի դադարեցնում աշխատանքը, քանի որ մի քանի ամսվա աշխատավարձային պարտք է կուտակվել: Մամուլը նաեւ լուրեր է տարածել, թե ատոմակայանը պլանային նորոգման կանգնելուց հետո, այլեւս չի վերսկսկի աշխատանքը: ԱԷԿ-ի տնօրենը նման խոսակցություններն ուղղակի չարամիտ բամբասանք է համարում: Նրա խոսքերով, Հայաստանն այսօր ատոմկայանին փոխարինող այլընտրանք չունի, ուստի ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցում չի նախատեսվում: Բացի այդ, ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցմումը տարիներ է տեւում՝ հատուկ նախագիծ, լուրջ նախապատրաստական աշխատանք եւ մեծ գումարներ են պետք, որպես ապացույց ասաց Գագիկ Մարկոսյանը:

Ատոմակայանը կոնսերվացնելու համար, որոշ գնահատականներով, առնվազն 300 միլիոն դոլար է անհրաժեշտ, որը Հայաստանն ի վիճակի չէ տրամադրելու: Իսկ նոր ԱԷԿ կառուցելն ավելի բարդ է՝ անհրաժեշտ է այդ գումարի առնվազն հնգապատիկը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG