Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Առաջիկա ընտրությունների հետ կապված մի շատ մտահոգիչ երեւույթ կա, - «Հայոց Աշխարհ» թերթում առանձնացրել է Ազգային Ժողովի ու հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսայնը:

«Այսօր լուրջ խնդիրներ են առաջացնում այն անձինք, ում թվում է, թե այս կողմում են կանգնած: Նկատի ունեմ նրանց, ովքեր անձնական ինչ-ինչ շահերից ելնելով, վաղվա պաշտոնների ակնկալիքով, վերջին շրջանում սկսել են չափազանց ակտիվանալ ու փորձում են ցույց տալ, թե իրենք մեծ ազդեցություն ունեն՝ կարող են ձայներ բերել, ընտրություններում վճռորոշ դեր են ունենալու եւ այլն: ...Համոզված եմ, որ իշխանության համար ամենամեծ վտանգը հենց այդ մարդկանցից է գալիս, ոչ թե ընդդիմությունից: Ընդդիմության հետ պայքար է տարվում, բայց այս կողմում կան մարդիկ, ովքեր խանգարում եւ փչացնում են շատ ու շատ գործեր: Սրանից է, որ իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժերը, գործիչները պետք է մտահոգվեն»,- ուղղորդում է Տիգրան Թորոսյանը:

Նույն հարցազրույցում, քիչ անց, նա ձեւակերպել է. «Կան մարդիկ, ովքեր ունեն խոշոր գումարներ ու փորձում են մեր քաղաքական կյանքում մտցնել խմբային շահերի ուղղություն:.. Տարբեր մարդիկ հիմա փորձում են ինչ-որ ձեւով խմբեր ձեւավորել, հաջորդ խորհրդարանում իրենց տեղն ու ուժը ունենալու համար, հետագայում այդ ճանապարհով գնալ կառավարություն եւ այլն: Սա կարող է պարզապես քայքայիչ ազդեցություն ունենալ երկրի համար»:

Ավանդաբար բիզնեսի եւ իշխանության «ջերմ հարաբերությունները» իրենց գագաթնակետին են հասնում նախընտրական արշավի ընթացքում, - արձանագրում է այսօր «Օր» թերթի մեկնաբանը: «Քաղաքական գործիչներն ու կուսակցություններն իրենց գործունեությունն իրականացնելու համար նյութական աջակցության կարիք ունեն»:

Հաշվարկված է, օրինակ, որ 1995 թվականին ԱԺ պատգամավորի մեկ թեկնածուի համար ընտրություններն արժեցել են 20 հազար դոլար՝ վարչական լծակների եւ ՀՀՇ-ի պարտադիր օժանդակության առկայությամբ: 1999 թվականի ընտրությունները, դիտորդների գնահատմամբ, «Միասնություն» դաշինքի կողմնակիցների համար արժեցել են մոտավորապես 100 հազար դոլար: Ինչքա՞ն կարժենան խորհրդարանական ընտրությունները 2003 թվականին՝ առայժմ ոչ ոք չգիտի, սակայն, կարելի է ենթադրել, որ անշուշտ, ավելի թանկ...»: Նախագահական ընտրություններում էլ հիմնական թեկնածուներից յուրաքանչյուրը ծախսել է մոտ 2 միլիոն դոլար: Մի խոսքով, կոռուպցիայի առկայությունն ու ազնիվ ընտրությունների անհնարինությունը արդեն իսկ նախադրույթ է:

«Առավոտ» թերթում այսօր ներկայացված են սեպտեմբերի սկզբին Երեւանում «Լոգոս» հետազոտական կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: Հարցը եղել է «Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային հանրապետության նախագահի ընտրություններ, ո՞ր քաղաքական գործչին կտայիք Ձեր ձայնը» ձեւակերպմամբ։

Երեւանցիների մոտ կեսը, 47 տոկոսը, դեռ չի կողմնորոշվել: Ընտրություններին չմասնակցելու վճռականություն է ցուցաբերել ավելի քան 20 տոկոսանոց էական մի զանգված, 14 տոկոսն էլ տրամադրված է գնալ եւ բոլորին դեմ քվեարկել:

«Ինչ վերաբերում է արդեն կողմնորոշված ընտրողներին, ապա նկատելի է, որ եթե իշխանության բեւեռն, ըստ էության, հստակեցված է եւ սահմանափակվում է արդեն իսկ կրկին առաջադրվելու իր մտադրությունը հայտնած նախագահ Ռոբերտ Քոչարյանով (այս հարցմամբ էլ նա հավաքել է 21 տոկոս), ապա ընդդիմության դաշտում որեւէ հստակություն չկա, - նշվում է վերլուծականում, - Միասնական ընդդիմության լիդեր, որպես այդպիսին, չի նկատվում։ Ավելին, չի նկատվում նաեւ մեկը, որը հասարակական կարծիքում շահեկանորեն փոքրիշատե առանձնանա մյուսներից։ Այդ առումով ընդդիմադիր դաշտի հասարակական կարծիքի առաջատարներ, որոշակի վերապահումներով, կարելի է համարել Արտաշես Գեղամյանին ու Ստեփան Դեմիրճյանին»: Երեւանյան հասարակության մեջ նրանց էլեկտորալ վարկանիշերը գրեթե կրկնվում են՝ 6 տոկոսի շուրջ:

«Ընդդիմադիր տրամադրությունների կրող զանգվածների վրա լուրջ ազդեցություն ունեն եւ չի կարելի բացառել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վազգեն Մանուկյանի էլ ավելի ակտիվացման հնարավորությունները։ ...Իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի (...) ստացած չափազանց համեստ ցուցանիշները չեն արտացոլում նրանց իրական ներուժը, քանզի հարցման անցկացման պահին այդ գործիչները դեռեւս լրատվամիջոցների կողմից չէին դիտարկվում որպես նախագահի պաշտոնի պոտենցիալ հավակնորդներ», - մեկնաբանված է վերլուծականում:

Ընդհանուր առմամբ, «16»-ի ֆորմատի բոլոր ընդդիմադիր գործիչները միասին ստացել են հարցված երեւանցիների ձայների 18.33 % կամ թեկնածուների օգտին տրված ձայների 34.27 %: Մնացյալ ընդդիմադիրների ձայների միացման դեպքում այս ցուցանիշը կարող է հասնել 53 տոկոսի: Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանը կարող է առաջին փուլում ակնկալել թեկնածուների օգտին տրվող ձայների մինչեւ 40 տոկոսը։

Այստեղ ընդգծվում է նաեւ. «Մայրաքաղաքը, որպես կանոն, ավելի ընդդիմադիր է լինում գործող իշխանությանը, քան սովորաբար հանրապետության ընդհանուր միջինացված պատկերն է։ Այդ առումով մայրաքաղաքում հանրապետության նախագահի արձանագրած 40 տոկոսը պետք է լրջորեն մտահոգի ընդդիմությանը, քանզի այդ տոկոսը աճելու միտում ունի, - վերլուծականը նաեւ հուշում է, - գործող նախագահն ունի անհամեմատ մեծ նյութա-ֆինանսական եւ կազմակերպչական ռեսուրսներ ու նրան արժանի դիմադրություն ցույց տալու, առնվազն քվեարկության երկրորդ փուլ ապահովելու համար ընդդիմությունն արդեն այսօրվանից պետք է ակտիվ ու ծրագրված-նպատակային գործողությունների դիմի»։

«Հայկական Ժամանակ» թերթն, ի դեպ, լավատեղյակ աղբյուրների վրա հղումով այսօր փոխանցում է, թե այս ամսվա վերջն Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա հայտարարությամբ կամ հարցազրույցով, ուր կհիմնավորի առաջադրվելու կամ չառաջադրվելու իր որոշումը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG