Մատչելիության հղումներ

Ռընո Մյուզըլիեն՝ տարածաշրջանի խաղաղության բանբեր





Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետական քարտուղար Ռընո Մյուզըլիեի գլխավորած պատվիրակությանը: Պետքարտուղարը Ռոբերտ Քոչարյանին է հանձնել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի ուղերձը:

Հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարը քննարկելիս՝ նախագահ Քոչարյանը նշելով, որ Ֆրանսիան չափազանց կարեւոր երկիր է Հայաստանի համար, ասել է. «Մենք բարձր ենք գնահատում մինչ այժմ ձեւավորված ջերմ հարաբերությունները եւ պատրաստ ենք բոլոր ուղղություններով դրանք ընդլայնել»:

Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած տեղեկատվության, ԼՂՀ խնդրի կարգավորման եւ տարածաշրջանային խնդիրների քննարկման ընթացքում Քոչարյանը ընդգծել է, որ Ֆրանսիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկը, առանցքային դեր ունի նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում:

Ռընո Մյուզըլիեն հանդիպել է նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: «Փարիզում երկու երկրների նախագահների հետ Ֆրանսիայի նախագահի ունեցած հանդիպումից եւ Ֆրանսիայի սկզբունքների ամրագրումից հետո որոշակի հույսեր են ծագել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ համաձայնության կայացման առումով», - ասաց Ռընո Մյուզըլիեն:

Վարչապետն իր հերթին հավաստիացրել է, որ Հայաստանը չի նահանջելու հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ փոխզիջումների հիման վրա, կարգավորելու որդեգրած սկզբունքներից: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, հակամարտության կարգավորման ջանքերի արդյունավետության բարձրացմանը մեծապես կնպաստի Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը ընթացող բանակցություններին:

Պաշտոնական հանդիպումներից հետո արտաքին գործերի նախարարությունում մամլո ասուլիս էր կազմակերպված՝ Վարդան Օսկանյանի եւ Ռընո Մյուզըլիեի մասնակցությամբ: Օսկանյանի խոսքերով, քննարկումների ժամանակ ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային խնդիրները: Իսկ Մյուզըլիեն իր այցելությունը տարածաշրջան անվանեց՝ «խաղաղության բանբար»: Նա այցի հետագա արդյունքների նկատմամբ լավատեսորեն է տրամադրված. «Մեր երկրները բարեկամ են, եւ այդ բարեկամությունը գնալով ընդլայնվում եւ ամրապնդվում է գործնական քայլերով»,- նկատեց դիվանագետը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG