Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նաիրի Հունանյանի այսպես ասած՝ ինքնաառաջադրումը մամուլն արհամարհել կամ կարճ «լկտիություն» որակել ու անցնել չկարողացավ: Եվ այսօր դեռ մի քանի թերթում բերվում ու փոխանցվում են քաղաքական ուժերի ներկայացուցիչների, պատգամավորների, «Օրրան»-ում՝ նախարարների արձագանքներ: Բոլորի արձագանքն այս երեւույթին միանշանակ բացասական է, ընդդիմադիրների խոսքի լրացուցիչ երանգն էլ՝ որ իշխանություններն ու դատավարության խայտառակ դրվածքն են նման հայտարարությունների ու հավակնության թեւեր տալիս:

«Ինչո՞ւ է լկտիանում հանցագործը» վերնագրով խմբագրականում «Առավոտ»-ը ընդգծում է. «Դատարանն ակնհայտորեն թույլ է տալիս մարդասպանին օգտագործել ամբաստանյալի աթոռը որպես քաղաքական ամբիոն: Ցանկացած վկայի հարցաքննություն վեր է ածվում քաղաքական բանավեճի՝ կարծես թե սա դատավարություն չէ, որտեղ դատվում է մարդկանց կյանքը խլած մի ոճրագործ, այլ ինչ-որ քաղաքական ակումբ: ... Բայց մեղադրել միայն իշխանություններին կամ դատարանին չափից դուրս պարզունակ կլինի: Մենք բոլորս՝ հասարակությունը, դարձել ենք չափից դուրս անտարբեր թե՛ այն հանցագործության նկատմամբ, որը կատարվել էր 1999 հոկտեմբերի 27-ին, եւ թե՛ դրա հետ կապված դատական պրոցեսի նկատմամբ», - ի մի է բերել «Առավոտ»-ը:

Աշնանից արդեն մեկ ամիս անցավ, բայց ոչ 16 կուսակցությունների միավորումը, ոչ էլ ՀՀՇ-ն ու նրա արբանյակները որեւէ լուրջ քաղաքական քայլ այդպես էլ չեն ձեռնարկել՝ ընդամենը 4-5 ամսից կայանալիք նախագահական ընտրություններից առաջ նախաձեռնությունն իշխանություններից խլելու համար, - կարծես մտահոգված արձանագրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, նաեւ նախանշելով՝ «Կուսակցական համագումարներով ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով գերհագեցած հոկտեմբեր ամսվա ընթացքում եւս ընդդիմությունն ի վիճակի չի լինի որեւէ լուրջ ու շոշափելի քաղաքական ակցիա նախաձեռնել: Ավելին, սկիզբ է առնում սեփական կուսակցությունների համագումարներում արդեն իսկ «թագադրված» նախագահացուների դիմակայությունը»:

Այս առումով վաղը կայանալիք «Ազգային միաբանություն» կուսակցության համագումարին ընդառաջ, «Հայոց Աշխարհ»-ում պատկերված է. «Այդ կուսակցությունը մեկ անհատի շուրջ խմբված մարդկանց միավորում է, որոնք բոլորն էլ իրենց բարեկեցությունն ու ապագան կապում են միայն ու միայն Արտաշես Գեղամյանի նախագահ դառնալու հեռանկարի հետ: Ի՞նչ 16-ի միավորում, ի՞նչ դաշինք կամ համագործակցություն, ի՞նչ ծրագիր կամ պլատֆորմ, եթե այդ մարդիկ ունեն ընդամենը մեկ նպատակ՝ «Արտաշ, հուպ տուր» գոռալով հասնել իշխանության»:

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն այսօր «Երկիր» թերթի հարցազրույցում հայտարարում է, որ Գեղամյանն անպայման առաջադրվելու է, եւ իրենք այդպես գնալու են մինչեւ երկրորդ փուլ: «Մենք ներկայումս ունենք 5-6 հասուն, բանիմաց թեկնածու: Ի՞նչ է պատահել՝ թող լինեն, 16-ը թող բաժանվի», - ասում է Ալեքսան Կարապետյանը:

«Այդ դեպքում բնականաբար մրցակցություն կառաջանա թեկնածուների միջեւ: Չեք կարծում, որ դա կթուլացնի իշխանափոխության ձեր նպատակը» հարցին ի պատասախան էլ նա հանգստացնում է. «Իրար միջեւ մցակցություն չի լինի, մրցակցություն կլինի գործող նախագահի դեմ: Իսկ ինչո՞ւ պետք է մրցեն, եթե խնդիրները նույնն են»:

«16»-ի միջկուսակացական պատգամավորական միավորման աշխատանքները համակարգող Շավարշ Քոչարյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում ձեւակերպել է. «Որեւէ մեկը կասկած չունի, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անելու է, որ ընտրվի ինքը: ... Ընդդիմությունն էլ պետք է իր հերթին ամեն ինչ անի, որ նա չընտրվի»։

Շավարշ Քոչարյանը դեռ կարծում է, որ միասնական աշխատանքի, մերձեցումների արդյունքում կլինեն թեկնածուներ, որոնք կզիջեն, այլ երաշխիքներ կստանան, կտեսնեն, որ համագործակցությունը փոխադարձ վստահություն է առաջացնում, կհրաժարվեն իրենց հավակնություններից:

«Հայկական Ժամանակ» թերթի վերլուծությամբ, եթե, նախ, շատ շուտ պարզվեց, որ ընդդիմության միասնական թեկնածուի հարցը չի լուծվելու, ապա հիմա էլ արդեն պարզվում է, խաբուսիկ են նաեւ այն տպավորությունները, թե 16-ի դաշինքը ձեւավորվել է Քոչարյանի վարչակազմը տապալելու համար:

«Այս դաշինքը նախաձեռնողների բուն նպատակն է ՀՀ իշխանություններին վերստին տանել Ռուսաստանի դուռը, - շեշտվում է «Հայկական Ժամանակ»-ում, - Այսպես կոչված, «ռուսական ընդդիմությունը» վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ, բառիս ամենալայն իմաստով, ծախել է ընդդիմադիր շարժումը»:

«Այն առաջ է մղվում, երբ Հայաստանին պետք է լինում նչ-որ բան կորզել Հայաստանից: Հայաստանի իշխանություններն էլ ամեն անգամ արագ գործարքի մեջ են մտնում՝ բավարարելով ռուսներին՝ երբեմն նաեւ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության»:

Մեկնաբանը ուշադրություն է սեւեռում նաեւ օրերս մի սեմինարում արտգործնախարար Օսկանյանի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը երբեք Հայաստանում չի կարող ունենալ այն դերը, որ ունեցել եւ շարունակում է ունենալ Ռուսաստանը: ... Կոմպլեմենտար քաղաքականության հիմնադիր հոր համար նման հայտարարությունը չափազանց տարօրինակ է եւ դա ընդամենը Ռուսաստանին ուղղված նախընտրական հաղորդագրություն է, -իմաստավորել է մեկնաբանը, - Նույն կերպ պետք է գնահատել նաեւ Սերժ Սարգսյանի վերջին այցելությունը Մոսկվա, որտեղ նա ստորագրեց Հայաստանի շահերից բացարձակապես չբխող մի քանի համաձայնագիր»:

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը «Իրավունք»-ի հարցազրույցում հերթական անգամ հավաստում է. «Մենք չենք կռվել այն բանի համար, որ այս կամ այն գործիչը լինի կամ չլինի երկրի նախագահ, ԱԺ նախագահ, կառավարության նախագահ: Մեզ մի խառնեք քաղաքականությանը, մենք մեր Սպարապետի կողմից ավանդված բազում խնդիրներ ունենք լուծելու», - հորդորում է նա: Ամեն դեպքում, Մանվել Գրիգորյանը, նաեւ որոշակի հարցերի առնչությամբ որոշակի կարծիքներ ունի: Մասնավոապես, ըստ նրա, մահապատժի պահպանման հարցն այսօր առնչվում է ազգային անվտանգության խնդիրների հետ, եւ վաղաժամ է նույնիսկ այդ մասին խոսելը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG