Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը գոհ է այս տարվա տնտեսական ցուցանիշներից


Հանրապետության նախագահն այսօր այցելեց «Լեդա սիստեմս» ընկերության հայաստանյան մասնաճյուղ եւ Նկարչի տանը բացված բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը:

«Լեդա սիստեմսի» հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել է 2000 թվականին: Ներկայումս ընկերությունն ունի 120 մասնագետ՝ 700-800 դոլար միջին աշխատավարձով: Միջազգային շուկայում «Լեդա սիստեմս»-ը առաջատար դիրք է գրավում՝ ազդանշանային միկրոսխեմաների ավտոմատ նախագծման ասպարեզում:

Արդեն 2 տարի է բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում գերակա ուղղություն է հռչակվել, եւ երկիրը ձգտում է տարածաշրջանում առաջատար դիրք գրավել: Ներկայումս բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը 51 ընկերություն ունի՝ մոտ 5 հազար աշխատատեղով: Այսօր բացված ցուցահանդեսին մասնակցում էր 25 ընկերություն:

Նախագահի գնահատականով, թեեւ տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային շուկայում որոշ ճգնաժամ կա, Հայաստանում այս ոլորտի անկում չի նկատվել, ընդհակառակը՝ զարգացում կա:

Նախագահը գոհ է նաեւ այս տարվա տնտեսական ցուցանիշներից, որոնք կհրապարակվեն հոկտեմբերի 20-ից հետո: Այսօր արդեն Քոչարյանը գոհունակությամբ նշեց, որ այս 9 ամիսներին արտահանումը գերազանցել է ամբողջ անցած տարվա ցուցանիշը: Բացի այդ, անցած տարի բացված 40 հազարից ավելի աշխատեղերի դրական ազդեցությունը տնտեսության վրա, ըստ նախագահի, արդեն նկատելի է:

Թեմայից դուրս Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ միայն Հեյդար Ալիեւի վերջին բացահայտումներին: Ադրբեջանի նախագահն ասել էր, որ գրավյալ 4 շրջանի դիմաց առաջարկել են բացել Բաքու-Երեւան երկաթգիծը: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, պետք է շատ հանգիստ ընկալել այս ամենը, դա կարգավորման տարբերակ չէր, պարզապես այդպիսի մի ակնարկ է եղել եւ մերժվել է:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG