Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Աշունն արդեն իր տարերքի մեջ է Հայաստանում, ու ժամանակն է պահարաններից հանելու տաք հագուստները. «Քաղաքական թեժ աշնան վրա հույս դնել, կարծում ենք, չարժե», - ակնարկում է «Հայկական Ժամանակ» թերթը:

Որպես այս ընթացքի կարեւորագույն երակ մամուլում առավել ուշադրության են արժանացած տեղական մարմինների ընտրությունները: Ընդդիմություն ներկայացնող սակավաթիվ թեկնածուներից Երեւանի կենտրոնի համայնքապետ Արարատ Զուրաբյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է. «Իշխանական համակարգը բավականաչափ թույլ վիճակում է, եւ առանձնապես չեմ տեսնում ինչ-որ քայլեր, որ իշխանությունները կարող են անել՝ խոչընդոտելու բնականոն ընտրապայքարը: Առջեւում նախագահական ընտրություններ են, եւ, կարծում եմ, խելամիտ կլինի, որ դրան նախորդող բոլոր ընտրություններն անցկացվեն առավելագույնս արդար, ուստի հնարավոր եմ համարում հաղթելը»:

Արարատ Զուրաբյանը նաեւ համոզված է. «իշխանությունները չեն վայելում ժողովրդի գերակշիռ մասի աջակցությունը, որն անհրաժեշտ կլինի գլխավոր ընտրություններում հաղթելու համար»:

Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսան Հարությունյանը «Հայոց Աշխարհ» թերթում շեշտում է. «Կարեւոր է, որ այս ընտրություններն անցնեն ազատ եւ արդար, առանց լուրջ թերությունների: Սա շատ ավելի էական խնդիր է, քան այս կամ այն թեկնածուի ընտրվել-չընտրվելը»:

Ալեքսան Հարությունյանը նաեւ առանձնացրել է. «Չեմ կարծում, թե այս ընտրություններում փողն այդքան մեծ դեր է խաղալու: Չեմ կարծում, որովհետեւ, ի վերջո, մարդիկ, ընտրողներն իրենց մաշկի վրա զգացին, թե փողով ընտրելն ինչ հետեւանքներ է ունենում»:

«Ոչ մի իշխանափոխություն էլ չի եղել, պարզապես մի ՀՀՇ-ականին փոխարինեց մյուսը», - «Օրրանի» հարցազրույցում այսօր բնորոշում է Արտաշե Գեղամյանը՝ շարունակելով պնդել, որ հիմա էլ նախկինների եւ ներկաների միջեւ պայմանավորվածություններ կան:

«Ասում են, թե արդեն իսկ որոշված է, թե ով է լինելու ընդդիմության միասնական թեկնածուն». լրագրողի այս խոսքին Գեղամյանը բավականին առեղծվածային է արձագանքում. - «Այո, ես էլ տեղեկություններ ունեմ, որ որոշված է, եւ, այնուամենայնիվ, հանգում ենք այն եզրակացությանը, որ Ռոբերտ Քոչարյանն է լինելու «16»-ի միասնական թեկնածուն»: Ազգային միաբանության ղեկավարը կրկին ակնարկում է նաեւ, թե դեկտեմբերին պարզ կդառնա կուսակցություններից որը, ինչի համար էր մտել 16-ի մեջ:

«Ազգ» թերթի մեկնաբանի դիտարկմամբ, հավանական համարելով աղճատված, առանձին խմբավորումներով ընտրություններին գնալու տարբերակը, ընդդիմությունը միտումնավոր ընտրողներին նախապատրաստում է իր պարտությանը՝ դրա համար նախօրոք պատրաստելով ընտրությունները իշխանությունների կողմից կեղծվելու ուրվապատկերը:

«Ընդհանրապես Հայաստանում տարածված տեսակետ կա, թե Եվրոպայում ամեն ինչ զուլալ ու մաքուր է: Բայց Եվրոպական երկրներն էլ պակաս կոռումպացված չեն, - «Հայոց Աշխարհում» շեշտում է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, - Ես շատ լավ գիտեմ, որ Ադրբեջան այցելող նրանց որոշ ներկայացուցիչներ դատարկ ձեռքերով չեն հայրենիք վերադառնում»:

Վահան Հովհաննիսյանին վրդովեցրել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում պարտավորությունների կատարման առումով Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերված երկակի մոտեցումը: «Չեմ հասկանում մեր այն գործիչներին, որոնք հակված են Եվրախորհրդին ամեն ինչ ներել, - ասում է նա, - Համարում եմ, որ Եվրախորհուրդն անարդար է այս հարցում, ինչպես անարդար էր ԼՂՀ ընտրությունների խնդրում եւ կողմնակալ է»:

«ԱրմենՏելը» հաճույքից շփում է ձեռքերը: Թող այժմ որեւէ մեկը փորձի բողոքել րոպեավճար մտցնելու դեմ՝ ժողովրդի ծանր սոցիալական վիճակը որպես իր բողոքի հիմնավորում ներկայացնելով։ Այդ դեպքում, ինչպե՞ս հասկանալ, որ աղքատ պետության բնակչությունը գլուխ է ջարդում չարաբաստիկ «իզի քարտերը» ստանալու համար,- անդրադառնում է «Առավոտը», - Այսպես «ԱրմենՏելը» կարող է բարձրացնել իր ծառայությունների, այդ թվում՝ «իզի քարտերի» արժեքը, քանի որ գինը որոշում է շուկան, իսկ շուկայում պահանջարկը գերազանցում է առաջարկին»։

Միեւնույն ժամանակ մոնոպոլիստ ընկերությունը «ի վիճակի չէ ապահովել հեռահաղորդակցության մեր շուկայի պահանջարկը։ ... Չի կարողանում իր գործը լուրջ ու գրագետ կազմակերպել», եւ որեւէ ազդակ էլ չկա, որ նրան խթանի:

Առնո Բաբաջանյանի աղմկահարույց արձանի հեղինակ, քանդակագործ Դավիթ Բեջանյանը «Օր» թերթի թղթակցին ասել է. «Իմ աշխատանքի նկատմամբ քննադատությունը լուրջ չեմ ընդունում, իսկ խոսողները թող խոսեն, դա իրենց պրոբլեմն է: Երբ որ Սախարովը ստեղծեց ջրածնային ռումբը, ոչ ոք նրան չասաց՝ ապրես, լավ ես արել: ...Դուք բոլորդ չեք մտածում Հայաստանի մասին: Անդաստիարակ ազգ ենք, ոչինչ չենք ընդունում, համբերություն չունենք հասկանալու համար»: Քանդակագործը վստահ է, որ արձանը մնալու է, իսկ եթե հանկարծ որոշեն հանել. «ես կբողոքեմ եւ կդիմեմ մինչեւ Եվրոպական դատարան»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG