Մատչելիության հղումներ

ֆինանսական դոնորները Հայաստանի նկատմամբ բարեհաճ են դառնում


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը ավարտեց Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի ծրագրի շրջանակներում իրականացվող Հայաստանի տնտեսական ցուցանիշների գնահատման առաջին եւ երկրորդ փուլերի ամփոփումները եւ ընդունեց Հայաստանի կառավարության կողմից ներկայացված խնդրագիրը` զիջել ծրագրային ցուցանիշների խախտումները:

Գործադիր խորհրդի որոշմամբ, Հայաստանին վերոհիշյալ ծրագրի շրջանակներում հատկացվելու է 20 միլիոն SDR-ի համարժեք գումար, որը կազմում է շուրջ 26 միլիոն դոլար:

Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի ծրագիրը հաստատվել էր 2001 թ. մայիսի 23-ին` 69 միլիոն SDR՝ շուրջ 91 միլիոն դոլար, ընդհանուր գումարով: Մինչ այժմ Հայաստանն այդ ծրագրի ներքո ստացել է 10 միլիոն SDR (շուրջ 13 միլիոն դոլար):

Դեռեւս անցյալ տարվա առաջին կեսին փոխանցման ենթակա այս տրանշը չհատկացնելու հիմնական պատճառաբանությունը հիմնադրամի ղեկավարության կողմից հարկերի հավաքման ցածր ցուցանիշներն էին, ինչպես նաեւ էներգետիկ բնագավառի կոմերցիոն անկենսունակությանը։ Մինչդեռ, վաշինգտոնյան համաժողովից առաջ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան խաչատրյանը հայտարարեց, թե Հայաստանը կատարել է բոլոր պահանջները:

Այդուհանդերձ, ըստ ԱՄՀ-ի երեւանյան գրասենյակի այսօր տարածած տեղեկատվության, Անդրանիկ Մարգարյանի կաբինետը հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստից առաջ խնդրագրով դիմել է այդ կառույցի ղեկավարությանը, որպեսզի վերջինս զիջի ծրագրային ցուցանիշների գծով առկա խախտումները։

Հիմնադրամի տարածած նույն տեղեկատվության մեջ նաեւ ասվում է, որ կառավարությունը հիմնադրամի առջեւ պարտավորություն է ստանձնել հաջորդ տարի ավելացնել հավաքվող հարկերի ծավալները, ինչը պետք է որոշակի ֆիսկալ կայունություն ապահովի:

Բացի այդ, կառավարությունն իր ամենախստահայաց դոնորին խոստացել է հաջորդ երկու տարիներին էապես կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը, ներկայիս Համախառն ներքին արդյունքի 5,5 տոկոս իջեցնելով մինչեւ 2,5 տոկոս:

Հիմնադրամի տեղեկատվության մեջ ասվում է, որ
դրամավարկային եւ փոխարժութային քաղաքականությունները հաջող են ընթանում, քայլեր են ձեռնարկվոմ նաեւ բանկային վերահսկողության բարելավման եւ ՀՀ ԿԲ-ի վարչարարության տակ գտնվող 8 բանկերի վիճակը բարելավելու համար: Ստանալով վերահսկիչի լրացուցիչ իրավունքներ Հայաստանի Կենտրոնական բանկը այժմ իրավասու է արդյունավետ լուծել բանկերի հիմնախնդիրները եւ բարելավել բանկային վերահսկողությունը:

Ըստ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի, անառողջ բանկերի վիճակի բարելավման համար օգտագործվելու են բոլոր հնարավոր միջոցները՝ սկսած անառողջ բանկերը վարկային կազմակերպությունների վերածելուց մինչեւ կամավոր հիմունքներով դրանց միաձուլման խրախուսումը: Մինչեւ 2005 թվականը մասնավոր բանկերը պարտավոր են իրենց ընդհանուր կապիտալը հասցնել 5 միլիոն դոլարի: Մինչդեռ, ըստ Տիրգան Սարգսյանի, այժմ կապիտալն ավելացնելու գործընթացը արագ չի ընթանում, բայց կոմերցիոն բանկերը այդ խնդիրը լուծելու համար դեռեւս ունեն երկու տարվա ճանապարհ:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG