Մատչելիության հղումներ

Լրտեսության մեջ մեղադրվող Բոջոլյանի գործն արդեն դատարանում է





Թուրքիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մուրադ Բոջոլյանի գործի նախաքննությունը ավարտվել է եւ ուղարկվել Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Դատավոր է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը, որն, ի դեպ, Առագաստ սրճարանում 2001 թվականին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավորն էր: Բոջոլյանի գործը դատավոր Մարտիրոսյանը ստացել է միայն երեկ, դատավարության օրը նշանակելու համար դեռ ժամանակ կա:

Այսօր արդեն Լյուդմիլա Բոջոլյանը եւ փոստաբանը մտավախություն ունեն, թե դատավարությունը կարող է փակ լինել, թեեւ փետրվարին «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում Ազգային անվտանգության առաջին փոխնախարար Գրիգոր Գրիգորյանը հավաստիացրել էր, որ դատավարությունը դռնբաց է լինելու:

Մուրադ Բոջոլյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 59 հոդվածի հատկանիշներով՝ օտարերկրյա կազմակերպություններին պետական, ռազմական կամ այլ բնույթի գաղտնիքների մասին տեղեկություններ հաղորդելու համար:

Նախկին պաշտպանի խոսքերով, մեղադրյալը մեղքն ընդունել է այնքանով, որ առանց հայաստանյան համապատասխան մարմիններին տեղյակ պահելու համագործակցել է թուրքական TV 6 հեռուստաալիքի հետ: Բոջոլյանի կնոջ՝ Լյուդմիլա Բոջոլյանի վկայությամբ, ամուսինը որեւէ մեկին գրավոր չի զեկուցել, որ թղթակցում է թուրքական լրատվամիջոցին, բայց չի էլ թաքցրել այդ փաստը:

Այսօր Բոջոլյանի նոր փաստաբանը՝ Հովհաննես Արսենյանը, հարցազրույցում պնդեց, որ պաշտպանյալը պետական, ռազմական գաղտնիքների չի տիրապետել, քրեական գործում էլ այդ մասին որեւէ փաստ չկա:

Արսենյանի խոսքերով, իր տրամադրության տակ են Մուրադ Բոջոլյան լրագրողի, վերլուծաբանի, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում թիվ մեկ թուրքագետի բոլոր այն հոդվածների թարգմանությունները, որոնք հրապարակվել են թուրքական լրատվամիջոցներում:

Նախկին փաստաբանն էլ պնդում էր, որ «իր պաշտպանյալը անմեղ է, լրտես չէ: Շատերից առավել հավատարիմ է հայրենիքին»: Նույնն այսօր հաստատեց Հովհաննես Արսենյանը եւ ավելացրեց, թե Բոջոլյանը նույնիսկ թուրքական մամուլում քննադատել է նրանց վարած քաղաքական, տնտեսական գիծը Հայաստանի նկատմամբ:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG