Մատչելիության հղումներ

logo-print

Դոնորները պահանջում են բարեփոխումներ եւ կայուն տնտեսական աճ


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը որոշել է Հայաստանի կառավարությանը հատկացնել երկրի աջակցության ծրագրով նախատեսված վարկի երկրորդ՝ 27 միլիոն դոլար, մասնաբաԺինը։ Այդ գումարը կհամալրի ավելի քան 331 միլիոն դոլարի արտաքին պահուստները։ Այս որոշումը կայացվել է ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) ամենամյա տարեկան համաժողովի նախօրեին։

Երեկ ավարտված երկօրյա համաԺողովում քննարկվել են միջազգային այդ երկու կառույցների գործողություների կոորդինացման եւ ճգնաժամերի դիմագրավմանն ուղղված քայլերը՝ գլոբալ տնտեսության անկայունության ուժեղացման պայմաններում։

Այս իրավիճակում, բնականաբար, Հայաստանի համար դժվարանում է արտաքին վարկերի հավելյալ չափաբաժիններ ստանալու հնարավորությունը։ Մինչ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը Վաշինգտոնում հայտարարել է, թե իր երկիրն արդեն ԱՄՀ- ի եւ ՀԲ-ի վարկերի կարիքը չունի ու այլեւս չի դիմելու այդ կառույցներին, մեր կառավարական պատվիրակությունը, հակառակը, այսօր եւ վաղը նախատեսվող բանակցություններում ձգտելու է ՀԲ-ից ստանալ այս տարվա պետական բյուջեով ծրագրված շուրջ 40 միլիոն դոլարի ֆինանսավորումը։

ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի տարեկան համաժողովի նախօրեին հիմնադրամը հրապարակել է հաջորդ երկու տարիներին համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ ամենամյա կանխատեսումները, որոնք բավականին զգույշ են:

Այս տարի գլոբալ տնտեսության միջին աճը լինելու է ընդամենը 2,8 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 3,7 տոկոս։ Համաշխարհային տնտեսական աճի միջինից ցածր ցուցանիշներ են ակնկալվում Միացյալ Նահանգներում, Եվրահամայնքում եւ Ճապոնիայում։

Հիմնադրամի փորձագետները, անհամեմատ բարձր տնտեսական աճ են կանխատեսում ԱՊՀ անդամ երկրների համար: Ամենաբարձրը՝ մոտ 8 տոկոս տնտեսական աճ, ակնկալում են Ադրբեջանում եւ Ղազախստանում։ Մինչդեռ, Հայաստանի դեպքում սպասվում է Համախռան ներքին արդյունքի 7,5 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ ընդամենը 6 տոկոս տնտեսական աճ։

Անցյած տարի եւս ԱՄՀ-ի փորձագետները Հայաստանի համար կանխատեսել էին 7,5 տոկոս աճ, մինչդեռ, փաստացի աճը 2 տոկոսով գերազանցեց ակնկալիքը։ Այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում տնտեսական աճը կազմել է ավելի քան 10 տոկոս: Պաշտոնյաների հավաստմամբ, մինչեւ տարեվերջ այդ տեմպերը կպահպանվեն։ Միջազգային դոնորները Հայաստանի իշխանություններից պահանջել են ոչ միայն կայունացնել տնտեսական աճը՝ այն դարձնելով ավելի վստահելի, այլեւ շարունակել բարեփոխումները եւ կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը:

Հայաստանի պետական ծախսումների վերաբերյալ ՀԲ-ի օրերս հրապարկված հետազոտության մեջ կանխատեսված է, թե առաջիկա երեք տարիներին պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի երկրի ՀՆԱ-ի 3,5 տոկոսը, իսկ առայժմ այդ ցուցանիշը գերազանցում է 5 տոկոսի սահմանագիծը։

ՀԲ-ի Հայաստանի գծով գլխավոր տնտեսագետ Լեւ Ֆրենկմանի համոզմամբ, իրենց կանխատեսումը միանգամայն իրատեսական է, քանի որ երկրի տնտեսության մեջ նկատվում է կայուն տնտեսական աճ, եւ առաջիկա տարիներին էլ 5-6 տոկոսի տնտեսական աճը պահպանելու միտումներ կան: Բացի այդ, կուտակված արտաքին պարտքը դեռեւս երկարաժամկետ խնդիր չի ներկայացնում:

«Իրավիճակը մի շարք պատճառներով նկատելիորեն բարելավվել է՝ 1999 թվականին անմիջականորեն հաջորդած ժամանակաշրջանի համենատ, - ասում է Լեւ Ֆրենկմանը, - Հայաստանն այսօր շատ հեշտ մուտք ունի էժան փողերի, այդ թվում՝ ՀԲ-ի գործնականում էժան, արտոնյալ վարկերի նկատմամբ, որոնք հնարավորություն են տալիս կրճատել բյուջեի դեֆիցիտը»:

Սակայն, արտաքին արտոնյալ վարկերի ներհոսքը անվերջ շարունակվել չի կարող: Դրան պետք է հետեւեն մեծածավալ ներքին եւ արտաքին մասնավոր ներդրումները, ինչի սկիզբը դեռեւս չի երեւում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG