Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 11-ը փոխեց տարածաշրջանի արտաքին քաղաքականությունը


Սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որոշ շեշտադրումներ փոխվել են՝ ելնելով ստեղծված նոր իրավիճակից, ասաց արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանն այսօր Ռամկավար ազատական կուսակցության նախաձեռնած հանդիպման ժամանակ:

Այդ փոփոխության պատճառ դարձած 6-7 գործոնների թվում են թե միջազգային ահաբեկչության դեմ հայտարարված պայքարը, թե Աֆղանստանում սկսված պատերազմը, թե ԱՄՆ նախագահ Բուշի հայտարարությունը չարիքի առանցքի վերաբերյալ, որտեղ, Օսկանյանի խոսքերով, ներառված էր մեզ համար շատ կարեւոր մի երկիր՝ Իրանը:

Հաջորդ գործոնն, ըստ Օսկանյանի, Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունն է Կենտրոնական Ասիայում եւ Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող մյուս երկրում՝ Վրաստանում. «Դա նույնպես էապես նոր որակ հաղորդեց մեր տարածաշրջանին, մեր հարաբերություններին Վրաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանի հետ»:

Տարածաշրջանի վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ նաեւ ԱՄՆ-ի Իրաքի վրա հարձակվելու սպառնալիքները, որի իրագործման դեպքում Հայաստանը կարող է հայտնվել ծանր վիճակում:

«Պակաս մտահոգիչ չէ ռուս-վրացական հարաբերությունների հնարավոր սրումը: Վրաստանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկիր է,- ասաց նախարարը,- թե տնտեսական եւ թե անվտանգության առումով»:

Իսկ ստեղծված իրավիճակում մտահոգիչ խնդիրները երեքն են. առաջինը Միացյալ Նահանգների ռազմական ներկայության պատճառով, առավելապես Պանկիսի կիրճի հետ կապված, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունների սրումն է: Երկրորդ գործոնը՝ Վրաստանի ներքին կայունության խնդիրն է, ինչպես նաեւ արտաքին ինչ-ինչ ուժերի ցանկությունը՝ Ջավախքի միջոցով հայ-վրացական հարաբերությունների մեջ սեպ խրելը: Երրորդը՝ Թորքիայի թափանցումն է Վրաստան:

Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ Հայաստանը կոմպլեմենտար քաղաքականության միջոցով հնարավորություն է ունենում տոկոսային հարաբերությունների մեջ մտնել գերտերությունների եւ հարեւան երկրների հետ՝ ամբողջացնելով տնտեսության, քաղաքականության եւ անվտանգության բնագավառում հետաքրքրող բոլոր խնդիրները: Որպես օրինակ, ասվեց, որ Հայաստանը կարող է 90 տոկոսով հենվել Ռուսաստանի վրա, 10 տոկոսով՝ Միացյալ նահանգների, եւ այդ երկուսը միասին կապահովեն մեր անվտանգության խնդիրները՝ կոմպլեմենտարության շնորհիվ:

Եվրոպա ինտեգրվելու գործընթացում, ըստ Օսկանյանի, դրական տեղաշարժեր կան. «Եվրոպայի խորհրդում, կարծում եմ, Հայաստանի նկատմամբ բավական դրական բանաձեւ ընդունվեց: Բայց դեռեւս մեզ համար մնում է մի կարեւորագույն խոչընդոտ, դա մահապատժի վերացման խնդիրն է: Երեկվա բանաձեւը Հայաստանի առաջ հստակ ժամկետներ է դրել, որ արդեն պատժամիջոցների կգնան Հայաստանի նկատմամբ՝ ընդհուպ մինչեւ ձայնից զրկելը, անդամակցությունից զրկելը, եթե Հայաստանը մայիսից հետո չվավերացնի եվրոպական վեցերորդ արձանագրությունը»:

Հետաքրքրության արժանի էր նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամադ Ֆարհադ Քոլեյնիի՝ ոչ իբրեւ դեսպանի, այլ իբրեւ քննարկմանը հրավիրված անձի, դիտողությունները Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Նշելով, որ արտաքին քաղաքականությունը ոչ թե ստեղծվում, այլ ծնվում է, վերջինս հարց ուղղեց Վարդան Օսկանյանին, թե ավելի ճիշտ չէր լինի Հայաստանի որդեգրած քաղաքականությունը կոչել ոչ թե կոմպլեմենտարիզմ, այլ բազմակողմանի երկխոսություն: Քանի որ կոմպլեմենտարիզմի համար անհրաժեշտ է, այսպես կոչված, սոֆթուերային եւ հառդուերային գործիքներ:

Հայաստանն ունի սոֆթուերային կարողություններ, սակայն հարդուերային առումով խնդիրներ կան դեռեւս: Արտգործնախարարի խոսքերից, պարոն Քոլեյնին տպավորություն էր ստացել, թե Հայաստանը ձգտում է գլոբալ անվտանգության: Մինչդեռ, դեսպանի կարծիքով, նույնիսկ գերտերությունները չպետք է առասպելական մոտեցումներ ցուցաբերեն իրենց կարողությունների վերաբերյալ:

Անվտանգությունը բացառապես ռազմական ներկայությամբ չի պայմանավորվում, - ասաց դեսպանը - կարեւոր գործոններ են երկրի բնական ռեսուրսները, վստահելի հարեւաննների, բարեկամնների առկայությունը, ինչպես նաեւ իրական այլընտրանքները: Ըստ նրա, որոշիչ դեր պետք է կատարեն ոչ միայն տվյալ երկրի այլ նաեւ ողջ տարածաշրջանի շահերը:

Արտահայտված տեսակետները, մեկնաբանություններն ու դիտողությունները, որքան էլ հասկանալի էին Հայաստանի արտգործնախարարի համար, այդուհանդերձ Օսկանյանը ուրախ էր, որ ասվածը քննարկման մասնակցի եւ ոչ թե դեսպանի խոսք էր:
«Մենք այս տարածաշրջանում չենք անի որեւէ բան, որը կարող է մեզ համար կարեւոր ստրատեգիական նշանակություն ունեցող հարեւան երկրների շահերը ոտնահարել, - մտահոգությունները փարատեց Օսկանյանը, - Այնպես որ մենք բավական զգույշ ենք եւ հաշվի ենք առնում Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի նման երկրների ազգային շահերը»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG