Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխահի» ձեւակերպմամբ, Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների շուրջ հասարակությանը պարտադրված անառողջ բանավեճը երբեմն աբսուրդի է հասնում, քանզի ոչ ավել ոչ պակաս տեղափոխվում է«կամ-կամ»-ի, այլ կերպ ասած, «Եվրախորհո՞ւրդ, թե՞ մահապատիժ» երկընտրանքի հարթություն:

Նշելով, թե ոմանք ոճրագործների գրոշանոց կյանքը եւ Հայաստանի Եվրախորհրդին անդամակցելու հեռանկարը նույն կշեռքի նժարներին են դնում, «Հայոց Աշխարհն» ընդգծում է. «Պետության վաղվա օրը, միջազգային վարկանիշը եւ հեռանկարային զարգացումնե՞րն են առաջնային, թե՞ ինչ գնով ուզում է լինի ստահակներին ֆիզիկապես բնաջնջելու գայթակղությունը»:

«Ազգ»-ի մատուցմամբ, «Հազիվ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցից ղարաբաղյան խնդրում կանխապես որեւէ էական տեղաշարժ էր ակնկալվում։ ... Միջնորդները պարզապես նպատակ ունեն «տաք պահելու» բանակցային գործընթացը»:

Մեկ այլ հրապարակմամբ, Եվրամիության ղեկավարների հետ հոկտեմբերի 9-ին կայանալիք միջնորդների հանդիպումը «Ազգը» շաղկապում է Ղարաբաղի խնդրի կարգավորման, թերթի ձեւակերպմամբ, Եվրամիության տարբերակի հետ:
«Եվրամիությունը մի շարք առիթներով կողմ է արտահայտվել ԼՂ հակամարտության միջանկյալ կարգավորման առաջարկությանը. հայկական կողմը դուրս է գալիս գրավյալ չորս շրջաններից՝ Ֆիզուլի, Զանգելան, Ջեբրայիլ, Ղուբաթլու, որի դիմաց ադրբեջանական կողմը վերաբացում է Բաքու-Երեւան երկաթուղին։ Հայաստանը եւ Ադրբեջանը տնտեսական հարաբերություններ են հաստատում, - մեկնաբանի հայացքով, - Ակնհայտ է, որ այս առաջարկությունը հղացվել է ԵՄ-ում, ստանում է միացյալ Եվրոպայի հավանությունը»։

Թերթի գնահատմամբ, տնտեսական այս տարբերակը ներկա պայմաններում անիրականալի է թվում երկու հիմնական պատճառներով։ Նախ, 2003 թ. Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, երկրորդ՝ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների թշնամանքը դեռեւս խորն է, հատկապես՝ ադրբեջանցիների թշնամանքը հայերի հանդեպ։

«Հայոց Աշխարհի» գնահատմամբ, եւս միջնորդներն, ըստ էության, հասկացնել տվեցին, որ համակարտության կարգավորման գործընթացում էական փոփոխություներ ակնկալելն այս պահին իրատեսական չէ:

Թերթը ներկայացնում է նաեւ մի քանի պատգամավորների կարծիքներ: «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշում է. «Հասկանալի է, որ նախընտրական այս վիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում որոշակի ազդեցություն ունի այս ամենի վրա: ...Սակայն դա ավելի ցայտուն արտահայտվում է Ադրբեջանի դեպքում: Հայաստանյան ընտրությունները սկզբունքորեն կարգավորման խոչընդոտ չեն, որովհետեւ պետությունն ու քաղաքական ուժերի ազդեցիկ մեծամասնությունը, ըստ էության, հանդես են գալիս միեւնույն դիրքորոշմամբ»:

Ֆիլարետ Բերիկյանի խոսքերով, լուրջ տեղաշարժեր կսկսեն անմիջապես ընտրություններից հետո: Իսկ Շավար Քոչարյանն այդ միտքն ավելի է զարգացնում. «Ընտրություններից հետո, իմ կարծիքով, երկու կողմերի վրա էլ ճնշումներ կլինեն»:

ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը «Հայկական Ժամանակ» թերթի հարցազրույցում անդրադառնում է ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորմանը. «Հայտնի է, որ դրանք հիմնականում այն ուժերն են, ովքեր 98-ին ողջունել են պետական հեղաշրջումը, եւ շատ զարմանալի է, որ իրենց պահվածքը վերջին 4,5 տարիների ընթացքում այսօր փորձում են բարդել մեզ վրա»:

Անդրանիկ Հովակիմյանի գնահատմամբ, «16»-ը ժողովրդին չի առաջարկում որեւէ գաղափար, որը տարբերվի Քոչարյանի գաղափարից: Այսինքն, ժողովրդին այլընտրանք չի առաջարկվում, իսկ զուտ անձ փոխելով ժողովրդին չես կարող հանել ընտրությունների:

«Ով է այլընտրանքը»՝ «Հայկական Ժամանակի» հարցին Անդրանիկ Հովակիմյանը պատասխանում է. «Կա այդպիսի թեկնածու, եւ դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որը կարող է միակ լուրջ այլընտրանքը լինել գործող իշխանությանը, բայց որը, սակայն, դեռ չի հայտարարել իր առաջադրման մասին»:

Գործուղումից նոր վերադարձած կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Հայոց Աշխարհ»-ում անդրադառնալով Իզի-քարտերի վաճառքի շուրջ ստեղծված իրավիճակին ասում է, - Այս ամենով «ԱրմենՏելը» ցույց տվեց իր անկարողությունը: Ասել եմ ու էլի կկրկնեմ, տնտեսագիտական աբսուրդ է, երբ պահանջարկ կա, մադիկ ուզում են գնել տվյալ ապրանքը, բայց «ԱրմենՏելը» չի վաճառում: Նշանակում է, որ նրանց բոլոր խոսակցություները ներդրումների մասին, պատկերավոր ասած, քամի են: Եթե «ԱրմենՏելն» իսկապես 130 միլիոն դոլարի ներդրում է կատարել, ապա հիմա Հայաստանում կապը ավելի զարգացած պիտի լիներ, քան Հունաստանում: ... Արդեն համոզված եմ, որ միջկառավարական հանձնաժողովը ճիշտ էր՝ պնդելով, թե «ԱրմենՏել»-ը ընդամենը 50 մլն դոլարի ներդրում է կատարել, այլ ոչ 127, ինչպես իրենք էին հայտարարում»:

«Գոլոս Արմենիի» թերթի փոխանցմամբ, Անդրանիկ Մանուկյանը իսկույն իր մոտ է հրավիրել «ԱրմենՏելի» գործադիր տնօրենին եւ հանձնարարել շտապ կարգավորել իրավիճակը: Նշելով, որ «ԱրմենՏելը» ինքը շահագրգռված է Իզի-քարտերի իրացմամբ, որ աժիոտաժի պատճառները տեխնիկական են՝ Անդրանիկ Մանուկյանը «Գոլոս Արմենիի»-ի թերթին հաղորդել է, թե Նիկոս Յորգուլասը խոստացել է հնարավորինս անել, որպեսզի բնակչության հետ այլեւս խնդիրներ չունենան:

«Խնդրել էի տեսակցել Սամվել Բաբայանին, քանի որ ունեմ նոր պայմանագիր նրա ընտանիքի հետ կնքած: Ազգային եւ միջազգային դատարանում գործը վերանայելու համար հարկավոր էր իմ պաշտպանյալի համաձայնությունը ստանալ եւ մարտավարություն ընտրել, - «Առավոտ»-ին պարզաբանում է Սամվել Բաբայանի դատապաշտպան Ժուդեքս Շաքարյանը: Թերթը տեղեկացնում է, որ նա այսօր նորից մեկնում է Ֆրանսիա, որտեղ ժամանակավոր բնակվում է մարտի 22-ի քրգործի դատաքննության ավարտից հետո: - Ոչ մի պատասխան չեն տվել: Պատասխան չլինելը նշանակում է, որ ինձ մերժել են: Արհեստական եղանակով մերժվել է իմ պաշտպանական իրավունքը», - «Առավոտ»-ում դժգոհում է փաստաբանը:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG