Մատչելիության հղումներ





Եվրախորհրդի Խորհրդարանական Վերհաժողովի աշնանային լիագումար նիստի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցներում միանգամայն տարբեր շեշտադրումներ հնչեցին: Ադրբեջանի զեկույցի հեղինակի բնութագրմամբ, Ադրբեջանը մի երկիր է, որը չունի ոչ ներքին, ոչ արտաքին խաղաղություն:

Հայաստանի վերաբերյալ զեկույցն անհամեմատ ավելի դրական սկիզբ ուներ, որով փաստվում էր, որ երկրի նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Եվրախորհրդի պարտավորությունները իրականացնող հանձնախումբ: Սակայն սա չի նշանակում, թե Հայաստանն այլեւս խնդիր չունի:

Եվրախորհրդում բանաձեւ ընդունեց, որտեղ նշված է, որ վերահաժողովը ցնցված է Հայաստանի այն որոշմամբ, թե որոշ հանցագործությունների դեպքում կարող է նաեւ մահապատիժը կիրառվել: Այդուհանդերձ, մահապատժի վերացման նոր ժամկետ ամրագրվեց մինչեւ 2003-ի հունիսը, չնայած ադրբեջանական պատվիրակությունը առաջարկում էր ժամկետը երկարաձգել ոչ ավելի, քան մինչեւ 2003-ի հունվարը:

Հայաստանի վերաբերյալ զեկույցում, բացի մահապատժի վերացման հարցը, մատնանշված են մի շարք բացթողումներ, ինչպես օրինակ, զանգվածային լրատվամիջոցների մասին, տեղական ինքնակառավարման մարմինների մասին, օմբուդսմենի մասին օրենքները ընդունված չեն, նաեւ արդարադատության նախարարությանը փոխանցված չէ ազգային անվտանգության նախարարության մեկուսարանը եւ այլն: Վեհաժողովակաները կոչ արեցին լուծել այս խնդիրները, ավելի բարելավել ազատազրկվածների պայմանները՝ նրանց ապահովելով անհրաժեշտ բժշկական օգնությամբ եւ կանխել ֆիզիկական ճնշումները:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա որոշ խմբագրումներ կատարվեցին հայկական պատվիրակության ջանքերով: Փոխվեց՝ «տարածքային կոնֆլիկտ» արտահայտությունը՝ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ»-ի: Սակայն հայկական պատվիրակությանը չհաջողվեց զեկույցից հանել «օկուպացված տարածքներ» ձեւակերպումը:

Հայաստանի զեկույցի վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացրել էր 8 առաջարկություն, որոնցից եւ ոչ մեկը վերհաժողովում հավանության չարժանացավ: Նրանք պահաջեցին պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ այնպիսի ջանասիրությամբ, որ արժանացան նիստը նախագահողի նկատողությանը, թե պետք է ավելի կոռեկտ արտահայտվել ոչ սեփական երկրի մասին խոսելիս:

Հայկական պատվիրակությունը Ադրբեջանի զեկույցի վերաբերյալ ոչ մի առաջարակ չներկայացրեց: Հայաստանին վերաբերող առաջարկությունների քվերակության ժամանակ վերջինս հավաքում էր մոտ 30 կողմ քվե: Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստանի զեկույցի վերաբերյալ իր առաջարկությունների համար ստանում էր առավելագույնը 10-12 ձայն: Իրավիճակը կարող է այլ լինել, եթե Եվրախորհրդի Խորհրդարանական Վերհաժողովի աշնանային լիագումար նիստին մասնակցեր նաեւ Թուրքիայի պատվիրակությունը, որը այս անգամ Ստրասբուրգ չէր ժամանել Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով:

Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG