Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ի պատասխան «Իրավունք» թերթի հարցադրմանը՝ «Դուք նույնպես այն կարծիքին եք, որ 2003-ի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն իրեն այլընտրանք ներկայացնող մրցակից չունի», նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն ասում է. «Եթե խոսքը վերաբերում է այսօրվա հրապարակում այս կամ այն կերպ հայտնի բոլոր հնարավոր թեկնածուներին, ապա իմ կարծիքով՝
ամենաուժեղ թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է»:

Արտաշես Թումանյանը մասամբ է հերքում այն մեկնաբանությունները, թե ընտրարշավում Ռոբերտ Քոչարյանը նախընտրում է հենվել ոչ թե քաղաքական դաշտի, այլ օլիգարխների վրա: «Իչպես կարող է նախագահը չունենալ քաղաքական հենարաններ: ... Չի կարող այնպես լինել, որ քաղաքական ոչ մի ուժ նախագահին չպաշտպանի: Կարծում եմ, ժամանակի եւ տակտիկայի խնդիր է: Միաժամանակ, դուք լավ գիտեք, որ նախագահ Քոչարյանը կուսակցական չէ, - շարունակում է Արտաշես Թումանյանը, - Ամենատարբեր հարցումները վկայում են, որ հասարակության մի ստվար զանգվածը ապաքաղաքականացված ու ակակուսակցականացված է: Այնպես որ, ճիշտ չէր լինի, որ նախագահի հաշվարկները կառուցված լինեին բացարձակապես միմիայն կուսակցություններ վրա: Նա կարող է հենվել նաեւ այլ ուժերի վրա, իսկ այդ ուժերը կարող են լինել նաեւ տնտեսությունը ներկայացնող շրջանակները»:

«Իսկ ինչո՞ւ ՝ ոչ: Ինչո՞վ նրանք կարեւոր չեն, - «Իրավունք»-ում ընդգծում է Արտաշես Թումանյանը, - ինչպե՞ս կարելի է նրանց շրջանցել, ավելի լավ է նրանք համախոհ լինեն, քան՝ հակառակը»:

Դուք հավակնո՞ւմ եք վարչապետի պաշտոնին՝ ուղղակի հարցին, նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանում է, թե այսօր անորոշություններն այնքան շատ են, որ ոչ մի սթափ մարդ այդպիսի իրական հավակնություններ չի կարող ունենալ:

ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիրը», անդրադառնալով անկախության օրվա պաշտոնական ընդունելութանը, գրում է. «Որքան էլ բնական ու հաճելի էր պաշտոնական ընդունելությանը տեսնել ներկա իշխանություններին անխնա քննադատող շատ գործիչների, նույնքան էլ տարօրինակ էր նրանց մի շարք զինակիցների բացակայությունը: ... Սա մեր քաղաքական կյանքում առկա, տիրական դարձած անառողջ մթնոլորտի մի նմուշ է միայն», - ըդգծում է «Երկիր»-ը:

Ըստ թերթի խմբագրականի, բոլոր քաղաքական կազմակերպությունների առջեւ ծառացած են նույն հարցերը՝ օրախնդիր դաձած ընտրությունների ազատ եւ արդար կազմակերպում ու լեգիտիմության ապահովում, երկրում հանդուրժողականության մթնոլորտի հաստատում եւ պահպանում: ... Այս հարցում բոլորս խնդիր ունենք, իշխանություններն՝ առաջին հերթին , ու նաեւ հավասարապես ՝ նրան քննադատող ուժերը, մյուս կուսակցությունները»:

Նշելով, թե իրականում ամեն ինչ չի ավարտվում առաջիկա ընտրություններով, թերթի խմբագրականն ամփոփում է, որ ընտրություններում, բնականաբար, պայքարը սուր է լինում, սահմաններն անցնող, բայց ոչ երբեք՝ կամուրջներն այրող:

«Հայկական ժամանակ»-ը մեջբերելով 16 ընդդիմադիր կուսակցությունների ծրագրի հիմադրույթներից մի քանիսը՝ եզրակացնում է՝ «ժամանակի հետ ավելի ակնհայտ է դառնում, որ «16»-ի համագործակցությունը դառնում է Հայաստանի ամենառեակցիոն ուժերի ֆորմատը»:

«Երկիր» շաբաթաթերթի մատուցմամբ, ուշագրավ մթնոլորտ է ձեւավորվել 16 կուսակցությունների շուրջ: Նրանք հայտնվել են բոլոր կողմերից միաժամանակ հնչող անխնա քննադատության կիզակետոմ: «Եթե իշխանության քննադատությունը հասկանալի է, ապա տարօրինակ է տեսնել, թե ինչ բառերով եւ արհամարհանքով են խոսում նրանց մասին նախկին իշխանությունները»:

Մեկանաբանի հայացքով, սույն իրավիճակն ունի միանգամայն տրամաբանական եւ արդարացված բացատրություն. «Երբ պազվեց, որ «16»-ը միավորվելով ուզում է միասնական թեկնածու ունենալ, եւ այդ թեկնածուն ակնհայտորեն նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ, նախորդ իշխանության ներկայացուցիչներն իսկույն սթափվեցն»:

«Իրավունք»-ի դիտարկմամբ, - «16»-ի ներսում, կարծես թե, չհայտարարված շրջափակման է ենթարկում Արտաշես Գեղամյանի կողմից ներկայացված ծրագիրը: Եվ «16»-ի ներքին խոհանոցում, կարծես, գերիշխում է այն միտումը, որ Արտաշես Գեղամյանին առաջ են մղում Արամ Սարգսյանի ՀԴԿ-ն ու բավականին խայտաբղետ սոցիալիստական ուժերը, իսկ Ստեփան Դեմիրճյանի դիրքի ամրապնդմանը նպաստում է «Հանրապետություն» կուսակցությունը, - ուրվագծում է «Իրավունք»-ը:

Նույն թերթի հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն ասում է. «Հայաստանի քաղաքական համակարգն այնպիսին չէ, որ ընտրություններին մասնակցեն ընդամենը 2 թեկնածու: Ընդդիմադիր դաշտն էլ մեզանում միատարր չէ, որ ամբողջ ընդդիմությունը համախմբվեր եւ հանդես գար մեկ թեկնածուով: Եթե անգամ դա տեղի ունենա, իշխանությունն անպայման կունենա աջակից, վերահսկելի թեկնածուներ, որոնք կարող են հանդես գալ ընդդիմադիր դիրքերից եւ ձայներ տանել ընդդիմությունից»:

«Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների վերաբերյալ կառավարության դիրքորոշումը միանգամայն հստակ է: Կառավարությունը չի միջամտելու ընտրություններն, - «Հայոց Աշխարհ»-ում հայտարարում է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:-
Իսկապես միայն իմ տեսակետն եմ արտահայտել, ասելով, որ Գյումրիում պաշտպանելու ենք քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, հետագայում ճշգրտվեց, որ Հանրապետական կուսակցությունն այս կապակցությամբ որոշում չի կայացել»:


Անձնական տեսակետով Երեւանի կենտրոն համայնքում էլ պաշտպանելով Գագիկ Բեգլարյանի թեկանածությունը, Հովիկ Աբրահամյանը անցնում է նախագահական ընտրություններին. «Կցանկանայի պարզապես նշել, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու եմ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի նա ընտվի»:

Ըստ «Երկիր» թերթի, «ԱրմենՏելի» տնօրինության հրամանով, այսուհետ քաղաքական գործունեությամբ զբաղվող եւ առաջիկա ընտրություններում առաջադրված նրա աշխատակիցները պետք է դուրս գան աշխատանքից: «Երկիր»-ը ներկայացնում է նաեւ «ԱրմենՏել»-ի պարզաբանումը, ըստ որի անգլերենից հայերեն թարգմանված հրամանում սխալ կա՝ «Անգլերեն բնագրում չի նշվում ընդհանրապես քաղաքական գործունեությունը, այլ միայն սահմանում է նախընտրական փուլը: Ընտրություններին քաղաքական գործունեությամբ զբաղվել ցանկացողները պետք է ժամանակավորապես դադարեցնեն իրենց պաշտոնավարումը ձեռնարկությունում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG