Մատչելիության հղումներ




Եվրոպայի խորհրդում շրջանառության մեջ է Հայաստանի 26 կետից բաղկացած զեկույցը, որը պատրաստել են դիտարկման հանձնաժողովի անդամներ Իրենա Բելահորսկայան եւ Եժի Յասկեռնիան: Զեկուցողները առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամաբ, եթե ամրագրվելիք նոր ժամկետում մահապատիժը չվերացվի:

Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցում կան եւ խրախուսական գնահատականեր եւ քննադական շեշտադրումներ:

Նշելով, որ Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ դրան կից եւս երեք արձանագրություն, զեկուցողները արձանագրել են, որ վերացված չէ մահապատիժը: Փաստաթղթի զգալի մասը նվիրված է հենց այդ խնդրին: Հայաստանի իշխանություներին կոչ է արված վավերանել 6-րդ արձանագրությունը եւ վերացնել մահապատիժը:

Այս շաբաթվա ընթացքում հայկական պատվիրակությունը ինտենսիվ բանակցություններ է վարում տարբեր խմբակցությունների եւ ազգային պատվիրակությունների հետ, որպեսզի այդ պարտավորության համար նոր ժամկետ սահմանվի, եւ հարցի լուծումը հետաձգվի մինչեւ 2003 թվականի հունիսը: Սակայն այդ տեսակետին ընդդիմախոսներ կան, ովքեր փաստարկում են, որ մահապատիժը Հայաստանը պետք է վերացներ մինչեւ 2002 թվականի հունվար ամիսը եւ ժամկետը կարելի է երկարաձգել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Խնդիրը կվճռվի դեռեւս ընթացքի մեջ գտնվող բանակցությունների ավարտին:

Մոնիտորինգի խմբի դիտարկումներում արձանագրված է նաեւ, որ 2002 թվականի ապրիլին ռադիո եւ հեռուստահաղորդումների արտոնագրերի տրամադրումը ակտիվ բողոքներ է հարուցել Հայաստանում: Բողոքողներն անվանապես նշված չեն, բայց հասկանալի է, որ խոսքը «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերություններ մասին է: Զեկուցողները կոչ են անում համապատասխան օրենքում կատարել Եվրախորհրդի առաջարկած փոփոխությունները: Ի գիտություն հայտարարվեց նաեւ, որ Հայաստանի իշխանությունները վճռական են հաճախությունների նոր մրցույթի անցկացման որոշման մեջ, որը նախատեսվում է հոկտեմբերի 25-ին:

Զեկույցում կան անդրադարձներ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին, եւ որոշ ձեւակերպումներ ընդունելի չեն: Առաջին հերթին, հայկական կողմը առաջարկում է Ղարաբաղի խնդիրը չդիտարկել եւ չձեւակերպել, որպես տարածքային հակամարտություն եւ ընդհանրապես շրջանառությունից հանել «օկուպացված տարածքներ» արտահայտությունը՝ այսպիսիով խուսափելով կողմնակալ դիրքորոշումից:

Ըստ զեկուցողների, Ադրբեջանում, թեեւ բավականին ծանր է իրավիճակը ժողովրդավարական զարգացումների առումով, այդուհանդերձ պատժամիջոցներ կիրառելու առաջարկություն չեն ներկայացրել: Ի դեպ, Ադրբեջանը դեռ անցած տարի օրենքով վերացրել է մահապատիժը:

Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG