Մատչելիության հղումներ

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը եւ Իսրայելի կառավարությունը համաձայնության են եկել


Երուսաղեմի հայոց պատրիարքության Պարոն Տեր կալվածքի խնդրին է անդրադարձել Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն Հոգեւոր Խորհրդի հերթական նիստը։ Ինչպես հաղորդել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Հոգեւոր Խորհուրդը բարձր է գնահատել կալվածքի խնդրի արդարացի լուծման համար Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ թեմերի գործադրած ջանքերը։

Ներկայումս Իսրայելի կառավարության եւ պատրիարքության միջեւ տարվող բանակցությունները գտել են իրենց լուծումը, եւ պատրաստվում է համապատասխան համաձայնագիր։

Կալվածքը Հայոց Պատրիարքությանն է պատկանում ավելի քան 400 տարի: Անցած գարնանը իսրայելական բանակը զավթել է այն՝ Իսրայելի եւ Պաղեստինի տարածքների միջեւ կառուցվելիք անվտանգության պատի մի հատվածը Պարոն Տեր կալվածքով անցկացնելու մտադրությամբ:

Դա դժգոհության ալիք է բարձրացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Երուսաղեմի հայոց պատրիարքությունը հայցով դիմել է Իսրայելի Գերագույն դատարան:
Իսրայելի բանակի կողմից Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող հողերի զավթման կապակցությամբ մտահոգություն է արտահայտել Հովհաննես Պողոս Բ պապը: Կաթոլիկ եկեղեցու հոգեւոր պետը նամակով իր մտահոգությունն է հայտնել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին՝ տեղեկացնելով, որ հանձնարարական է տրվել Վատիկանի արտաքին գործոց գրասենյակին` դիմելու Իսրայելի կառավարությանը՝ Պարոն Տեր կալվածքի շուրջ ծագած խնդրի արդարացի լուծման համար:

Պատրիարքությունն ու իսրայելական զինվորականները բանակցություններ են վարել՝ փոխընդունելի լուծում գտնելու նպատակով: Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը Ամերիկայի հայկական համագումարին ասել է, որ զինվորականները համաձայնել են անվտանգության պատը կառուցել ոչ թե կալվածքի կենտրոնով, այլ դրա հարավային սահմանի երկայնքով: Կողմերը դեռ համաձայնեցնելու հարցեր ունեն՝ ներառյալ կալվածքին հասցված վնասի փոխհատուցումը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG