Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանի հասարակության նախընտրական վիճակին ու տրամադրություններին նայելով, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն արձանագրում է. որեւէ ակնկալիք չունենալով առաջադրվող ղեկավարներից, մի մասը մտածում է գոնե ընտրակաշառք վերցնել, շատերը չեն էլ ուզում մասնակցել՝ ոչինչ չտեսնելով իրենցից կախված, եւ գրեթե ոչ ոք նախընտրական ծրագրեր կոչվածը տեսնելու, խորանալու, առավել եւս հետո դրանց իրականացում պահանջելու գլուխ չունի: Հետեւաբար, դեռ էլի երկար՝ մեր կյանքում ոչ թե բացառություն, այլ օրիանչափություն է լինելու անարժան ու պատահական մարդկանց ղեկավար դառնալը:

Ցավոք, - ընդգծում է մեկնաբանը, - մենք ոչ մի կերպ չենք գիտակցում, որ ոչ թե հյուր ենք, այլ մեր տանն ենք ապրում: 11 տարի առաջ մենք անկախություն ենք ձեռք բերել, բայց առ այսօր գտնում ենք, որ մեզանից որեւէ բան կախված չէ: Եվ վաճառելով կամ փակելով մեր ձայնը՝ չենք ուզում հասկանալ, որ բարդացնում ենք հենց մեր խնդիրները:

Արտաշես Գեղամյանի հակաճգնաժամային կոչված ծրագրի շուրջ վերջին շաբաթվա ընթացքում արտահայտված տեսակետներն ու վերլուծությունները ցույց տվեցին, որ այդ փաստաթուղթը միահամուռ կերպով մերժվեց գրեթե բոլոր ուժերի կողմից, - ընդգծվում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթում:

Եվ հիմա Գեղամյանը փորձում է դրանում մի յուրահատուկ «համազգային դավադրություն» գտնել: Մեկնաբանը գրում է. «Նման հավակնություն ունեցող եւ երկրում սկիզբ առած քաղաքական-գաղափարական պայքարում փաստորեն առաջինը հայտ ներկայացնող քաղաքական ուժն ու նրա առաջնորդը պարտավոր էին համապատասխան մակարդակ ապահովել: Ուստի նրանց համար շատ ավելի լավ ու ձեռնտու կլիներ բավարարվել սեփական էությանը համապատասխանող պոպուլիստական կարգախոսներով եւ չխոսել լուրջ բաների մասին, քան խոսել այդպես, այդ մակարդակով, գիտելիքների այդ պաշարով»:

«Ակնհայտ է դառնում , որ Գեղամյանը ծրագրից բացի չունի նաեւ կարծիքների արտահայտմանն ունկնդրելու եւ դրանցից դասեր քաղելու ունակություն», - եզրափակված է «Հայոց Աշխարհ»-ում:

Մեր այս ընթացքը 1996-ի սեպտեմբերյան իրադարձությունների հետ համեմատելու խնդրանքով «Հայոց Աշխարհը» դիմել է այն ժամանակ կիզակետում եղած մի խումբ պատգամավորների: Մասնավորապես, Ֆիլարետ Բերիկյանն ասում է. «Այժմ իշխանությունն այնպիսի գործելաձեւ է որդեգել, որը ոչնչով չի սահմանափակում ընդդիմության մասնակցությունը քաղաքականական, նաեւ տնտեսական եւ այլ ոլորտի կյանքին: Ես առանձնակի մտահոգություն չունեմ, թե 2003-ը կարող է 96-ի կրկնությունը լինել»:

Դրա նախադրյալներ չի տեսնում եւ Սեյրան Ավագյանը: Շավարշ Քոչարյանը, որ հիմա էլ մնացել է ընդդիմություն, նույնպես համոզված է, որ իշխանություններն ուղղակի չեն գնա այդ քայլին եւ չեն կրկնի 96-ի վարչախմբի սխալը:

Հրանտ Խաչատրյանը 96-ի կրկնության հավանականությունը չի բացառում, իսկ Աղասի Արշակյանի հայացքով՝ դրա հավանականությունը մեծ է:

Ըստ «Օրրան» թերթի, այն, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ամենաեռանդունը գործում եւ աշխատում է, ըստ էության, նույն
Քոչարյանը, վաղուց այլեւս գաղտնիք չէ: Այն, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը միտումնավոր կամ էլ, ուղղակի, մտավոր որոշակի պրոբլեմներ ունենալու պատճառով նպաստում է այդ գործընթացին՝ աստիճանաբար, բայց հետեւողականորեն հիմնավորվում է:

Նախագահի երեկվա մի արտահայտության հետքերով էլ, թե 90-ականների սկզբին, այսինքն նախկինների օրոք, վաղվա օրվա հույս չկար, «Օրրանը» հակադարձել է. «Եթե չլիներ մենք այսօր շատ ու շատ ավելի ողբալի վիճակում կլինեինք: Պատերազմը հաղթական ավարտ չէր ունենա: Եվ երկրում եղածի տաս տոկոս բնակչությունը կմնար միայն»:

«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը «Առավոտ»-ի հարցազրույցում անդրադառնալով կապուղիների համար մրցույթների ձգձգմանը, ասում է. «Ես հասկանում եմ, թե սա ինչ խաղ է. մտավախություն ունեն, որ ընտրական այս շրջանում այդ կապուղիները կարող են ընկնել ընդդիմության ձեռքը, եւ պրն Ամալյանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որ դա տեղի չունենա հանկարծ: Բայց թեկուզ եւ ընկնեին՝ ի՛նչ է, ընդդիմությունը մեր երկրի թշնամի՞ն է: Եվ այս մոտեցմա՞մբ պիտի նախագահը շարունակի կառավարել երկիրը»:

Մեսրոպ Մովսիսյանը նշում է, որ հիմա էլ իրենց տեղեկատվական գործունեությունը անընդհատ խոչընդոտվում է, ճնշումներ են գործադրվում, որ ««Ա1+»-ն ընդհանրապես դադարեցնի իր աշխատանքները: «Բայց չի ստացվելու, - շեշտում է նա:- Ինչպես խոստացել եմ իմ կոլեկտիվին՝ այս պայքարը տանելու եմ մինչեւ վերջ»: «Ա1+» հեռուստաընկերությունը հոկտեմբերի 5-ին դիմելու է Ստրասբուրգում գտնվող Եվրոպական դատարան»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG