Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը կրկին արդարանում է


Սեպտեմբերի 26-ից 50 հազար բաժանորդային ունակություն ունեցող «ԱրմենՏել»-ը սկսում է եւս 50 հազար բջջային աբոնենտի սպասարկում: «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեն Նիկոս Յորգուլասի կանխատեսմամբ, մինչեւ տարեվերջ ձեռնարկությունը կունենա եւս 100 հազար բջջային բաժանորդ, եւ բջջային կապից օգտվողների ընդհանուր թիվը կհասնի 200 հազարի:

«ԱրմենՏելի» նորանշանակ կորմերցիոն տնօրեն Յանիս Կրալիսի տվյալներով, սեպտեմբերի 26-ից սպառողներին առաջարկվող կանխավճարային՝ 24 դոլար արժողությամբ «Իզի-քարդ»-երը, վաճառքի կհանվեն ոչ միայն Երեւանում, այլ հանրապետության ողջ տարածքում եւ կսպառվեն 20 օրվա ընթացքում: Գործադիր տնօրենը չբացառեց, որ շուկայում նորից կարող են հայտնվել սպեկուլյատիվ գներով վաճառվող կանխավճարային փաթեթներ՝ ավելացնելով, որ ուշադրությամբ հետեւելու են վաճառքի ընթացքին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ԱրմենՏելի» ղեկավարները ընդունեցին, որ նաեւ իրենց մեղքով՝ պահանջարկը ճնշել է որակը: Նրանք եւս այնքան էլ գոհ չեն բջջային կապի որակից:

Յորգուլասը արդարացավ, թե «ԱրմենՏելը» ճիշտ չի գնահատել Հայաստանի շուկայի անհավասարակշիռ պահանջարկը: Բջջային համակարգի բաժանորդների թիվը 3 ամսում ավելացել է 300 տոկոսով, ինչը չէր կանխատեսվել: Բացի այդ, կապի շահագործողները չեն ենթադրել, որ բաժանորդների 70 տոկոսը խոսում են Օպերային հարակից երեք փողոցներից՝ մեծ ծանրաբեռնվածություն առաջացնելով հաղորդիչ կայանների վրա: Այս առանձնահատկությունը հաշվի առնելով՝ ձեռնարկությունը Երեւանի կենտրոնում տեղադրելու է 24 նոր ռադիոսարքավորումներ՝ հաղորդիչ կայաններ:

Ըստ Յորգուլասի, բջջային հեռախոսակապի ծածկույթը մնում է սահմանափակ, իսկ «ԱրմենՏելի» խոստումներն էլ՝ չիրականացած, քանի որ սեպտեմբերի 11-ից հետո դանդաղեց բջջայի համակարգին ուղղված ներդրումների հոսքը: «Եթե եղանակը չխանգարի, մինչեւ տարեվերջ տարբեր մարզերում կտեղադրվի նոր 47 հաղորդիչներ՝ կապի սպասարկման հնարավորություններն ընդլայնելով», - խոստացավ «ԱրմենՏելի» գործադիր տնօրենը:

Նիկոս Յորգուլասը պատասխանելով լրագրողների հարցերին՝ հերքեց, թե բջջային կապի համակարգում «ԱրմենՏել»-ն օգտագործում է հնացած սարքավորումներ: Նրա հավաստմամբ, այդ համակարգին անհրաժեշտ 45 մլն դոլարից 11 միլոնն արդեն ներդրված է, եւս 9 միլիոն դոլար կներդրվի մինչեւ տարեվերջ:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG