Մատչելիության հղումներ




Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է սփյուռքահայ կինոռեժիսոր, «Արարատ» ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանին:
Նախագահի մամուլի գրասենյակից հաղորդում են, որ ազգային մշակույթի եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Ատոմ Էգոյանը պարգեւատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով:

Անվանի ռեժիսորը ու նրա տիկինը՝ Արսինե Խանջյանը, այսօր Ռոբերտ Քոչարյանից ստացել են նաեւ Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակի անձնագրեր:

Արվեստագետը Հանրապետության նախագահին ներկայացրել է «Արարատ» ֆիլմի ստեղծման պատմությունը եւ ընդգծել, որ ֆիլմում գնահատական տալով անցյալին, փորձել է հավարասակշռության մեջ դնել այն ներկայի հետ: Ֆիլմի նկատմամբ Հայաստանի ժողովրդի վերաբերմունքն իր համար անակնկալ էր, ասել է ռեժիսորը:

Այսօր Ատոմ Էգոյան ու Արսինե Խանջյանը այցելել են Խոր վիրապ, որտեղ ջերմ ընդունելության են արժանացել: - «Ես չգիտեի ինչ ակնկալել այս ֆիլը Հայաստան բերելիս, - այսօր էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկնել է ռեժիսորը, - մենք սփյուռքում փոքր-ինչ այլ մտայնությամբ ենք ապրում: Եվ այս արտակարգ զգացական հանդիսատեսը, որ ֆիլն ունեցավ՝ մեզ համար շատ հուզիչ էր»:

Ոչ հայ հանդիսատեսի կողմից եւս «Արարատ»-ը ընկալվել է, դրա ապացույցն է, որ բազմաթիվ կինոընկերություններ ֆիլմը գնել են ցուցադրման համար, փաստում է ռեժիսորը:

«Արարատ»-ը նկարահանվել է շնորհիվ Ռոբերտ Լանտոշի հետ տասնամյա համագործակցության: Վերջինս էլ երկու տարի առաջ Հունգարիայում ֆիլմ էր նկարահանել հրեաների ողջակիզման մասին: Ընդ որում «Արարատը» հոլիվուդյան ֆիլմերի համեմատ ավելի փոքր ծախսերով է ստեղծվել:

Ատոմ Էգոյանը նշեց, որ նախատեսում է «Արարատ» ֆիլմը ներկայացնել նաեւ Ստամբուլում կայանալիք կինոփառատոնին: Սակայն մի քանի օր առաջ Թուրքիայից վերադարձած մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը հայտնել էր, թե «Արարատ»-ը Ստամբուլում արգելված է:

Ռեժիսորը համոզված չէ, որ ֆիլմը Թուրքիայում պաշտոնապես է արգելված: Ու թեեւ նա շարունակում է սպառնալիքներ ստանալ իր կատարած աշխատանքի համար, այնուամենայնիվ փառատոնին մասնակցելու հրավեր ունի - «Ես, իհարկե, կուզենայի, որ մեզ այնտեղ ընդունեին, բայց նաեւ ռեալիստ եմ»:

Նա դժվարացավ կանխատեսել հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումը: Իսկ Արսինե Խանջյանի խորին համոզմամբ, այդ զարգացումը մեծապես կախված է միջազգային հանրության վերաբերմունքից. - «Սա միայն հայերի եւ թուրքերի խնդիրը չէ: Հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման պատասխանատվությունը ընկնում է նաեւ այն բազմաթիվ երկրների վրա, որոնք այս կամ այն պատճառով նույնպես չեն ընդունել ցեղասպանությունը: Իսկ մինչ այդ մենք իրավունք ունենք մեր պատմությունը աներկյուղ ներկայացնելու ամբողջ աշխարհին»:

Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG