Մատչելիության հղումներ




Անկախության օրվա առթիվ այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:

Երեկոյան Անկախության օրվա առթիվ նախագահի պաշտոնական ընդունելությանը , որը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հրավիրված էր 1000-ից ավելի մարդ:

Ողջույնի խոսքում նախագահը ներքաղաքական կայնքի մասին ոչինչ չասաց, ելույթի հիմնական շեշտադրումը տնտեսական ձեռքբերումների վրա էր:
«Տնտեսական ցուցանիշները, հատկապես՝ արդյունաբերության բնագավառում հուսադրող են, - ասաց նախագահը, - Մենք դառնում ենք կայուն տնտեսական զարգացում ապրող երկիր։
Այսօր Հայաստանի գրեթե ողջ տարածքում ընթանում են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ, ինչպիսիք չեն եղել անկախության հռչակումից ի վեր: .... Մենք կարեւորում ենք խաղաղաությունը եւ գիտենք դրա արժեքը: Մեր տեսակետն ու դիրքորոշումը երբեք այնքան լսելի եւ ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար, որքան այսօր»։

Հանրապետության նախագահի խոսքերով, երկրի անվտանգության առաջին գրավականը Հայաստանի բանակն է։- «Նա անկախության ծնունդն է եւ մեր ժողովրդի հպարտությունը»։

Յուրաքանչյուրն իր տեղում ճիշտ աշխատելու դեպքում արդյունքները լինելու են տեսանելի ո՛չ թե վերացական ապագայում, այլ՝ ամեն տարի, վստահ է Ռոբերտ Քոչարյանը։ - «Չի կարելի մշտապես ապրել անցյալով կամ հեռավոր ապագայով։ Մեր ժողովուրդը քայլ առ քայլ ամրապնդում է իր պետականությունը, կառուցում է իր ներկան եւ հավատում ապագային»։

Պաշտոնական ընդունելությանը հրավիրված էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախկին ու ներկա իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչներ: Կարծես թե անկախությունն այն գաղափարն է, որը գոնե մեկ օրով, մի քանի ժամով մի տեղ է հավաքում նախկիններին ու ներկաններին, իշխանամետերին ու ընդդիմադիրներին, բայց իրականությունն այլ է: Ընդդիմադիր առնվազն մի կուսակցության ղեկավարները, մի շարք քաղաքական գործիչներ եւս պաշտոնական ընդունելությանը հրավիրված չէին:

Հայոց Համազգային Շարժման վարչությունն ընդհանրապես առանձին նշեց այս տոնը, չնայած նախագահի աշխատակազմից ասացին, թե անկախության օրվա ընդունելություններին նախկին իշխանությունները միշտ էլ հրավիրվել են:


Նախագահ Քոչարյանի ընդունելությանը ընդդիմադիրներից ներկա էր «Հայաստանի ժողովրդական կուսակցության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանը : «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան՝ նա ասաց, որ անկախության օրը որեւէ մեկի մենաշնորհը չէ: Ըստ նրա, - «փոքրորգություն է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներին՝ Արամ Սարգսյանն ու Ալբերտ Բազեյանին չհրավիրելը»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն էլ չցանկանում որեւէ կերպ մեկաբանել իրենց չհրավիրելու փաստը. - «Անցյալ տարի միայն ինձ էր հրավիրել՝ չեմ էլ գնացել, քանի որ Արամ Սարգսյանն ու Վաղարշակ Հարությունյանը հրավիրված չէին: Վիրավորական էր, մենակ չէի գնա», - շարունակեց Ալբերտ Բազեյանը՝ ասելով, թե հրավերքի դեպքում էլ իրենք չէին մասնակցելու ընդունելությանը:

«Ազգային միաբանության կուսակցության» ղեկավար Արտաշես Գեղամյանը պաշտոնական ընդունելության հրավեր ստացել էր, բայց չէր գնալու: Նա մերժել էր նաեւ ՀՀՇ-ում նշվող տոնակատարության հրավերը:

Իսկ «Ազգաին ժողովրդավարական կուսակցության» ղեկավար Շավարշ Քոչարյանը, թեեւ կարծում է, որ ճիշտը անկախության օրվա առթիվ միջոցառմանը մասնակցելն է, բայց բազմաթիվ փաստարկներ ունի չմասնակցելու օգտին. - «Բարոյական չեմ համարում, որ հավիրված չեն առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալբերտ Բազեյանն ու նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Երկրի նախագահն այցելում է նրա եղբոր Վազգեն Սարգսյանի շիրիմին, բայց Արամ Սարգսյանին ընդունելությանը չի հրավիրում»:

«Ազգային Ժողովրդավարական միության» նախագահ Վազգեն Մանուկյանը նշում է, որ իրենց օրոք երկիրն անկախացավ, բայց այն արդեն ժողովրդի սեփականությունն է: Եւ նեղեցած կեցվածք ընդունելը սխալ է:

Վազգեն Մանուկյանի խոսքերով, սեպտեմբերի 21-ի ընդունելության դահլիճում բազմաթիվ մարդկանց է տեսնում, ովքեր պայքարել են անկախության դեմ կամ անկախության հասնելու համար մատը մատին չեն խփել:

Այսօր ՀՀՇ-ի միջոցառման ժամանակ գրեթե նույն բանը կրկնեց նաեւ ՀՀՇ ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը. - «Իշխանության շուրջ այսօր հավաքված են այն մարդիկ, ովքեր փնովում էին անկախությունը եւ անկախությանը դեմ են քվեարկել:Ուղղակի այսօր քաղաքական կոնյուկտուրան պահանջում է, որ իրենք լինեն նախագահի կողքին..»:

ՀՀՇ-ն իր հերթին, իր կազմակերպած ընդունելությանը չէր հրավիրել «Կոմունիստական կուսակցությանը» եւ «Հայ Հեղափոխական Դաշնակցությանը»:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ներկա չէր ոչ ՀՀՇ-ի, ոչ էլ նախագահի կազմակերպած ընդունելություններին, չնայած երկու տեղից էլ հրավեր ուներ: Նրա փոխարեն ՀՀՇ-ի միջոցառմանը ներկա էին կինը՝ թոռնիկի փոքրիկ Լեւոն Տեր-Պետորսյանի հետ:


Հրաչ Մելքումյան, Կարինե Քալանթարյան
Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG