Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Որտեղ էինք եւ ուր հասանք» հարցն է հերթական անգամ շոշափվում մամուլում անկախության հերթական տարելիցի օրը, եւ ընդհանուր առմամբ՝ պատասխանը դեռեւս ամրացած ողնաշար չունի: Ըստ «Հայոց Աշխարհ» թերթի, - «Անկախացումից 11 տարի անց թեւակոխում ենք աշխարհում մեր տեղի ու դերի եւ դրա հիման վրա՝ Հայոց պետականության նպատակների հստակեցման չորրորդ, ինչ-որ առումով վճռորոշ հանգրվանը»: Իսկ այս ավարտվող երրորդ հանգրվանում, մեկնաբանի ձեւակերպմամբ, մենք գտանք «Պահպանել պատերազմում ձեռքբերվածը ու միաժամանակ զարգանալ» արտաքինից անլուծելի թվացող բանաձեւի լուծման ուղիները: Ապացուցեցինք, որ կարող ենք ապրել որպես դե ֆակտո գոյություն ունեցող, բայց դե յուրե դեռեւս չճանաչված Միացյալ Արեւելա-Հաայսատան:

Եվ ուրմեն տեսլագծված է «Հայոց Աշխարհ»-ում, - «Մեր պետականության զարգացման չորրոդ եւ առաջնահերթ խնդիրը Հայաստանի տնտեսական եւ առաջին հերթին ադյունաբերական ներուժի համապատասխանեցումն է նրա ռազմաքաղաքական պոտենցիալին եւ աշխարհաքաղաքական առումով բացառիկ դիրքին: Տնտեսական ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում ի վիճակի ենք արդեն գալիք 4-5 տարիների ընթացքում կասեցնել արտագաղթը, հասնել հայկական կապիտալի մի մասի վերադարձին՝ գործարկել առկա արտադրական ողջ ներուժը եւ խթանել արդյունաբերության առավել արդիական ճյուղերի զարգացումը»:

«Գոլոս Արմենիի» թերթում ընդգծված է, թե օրինականության ու կարգուկանոնի պակասը, կոռուպցիան իշխանական բուրգի բոլոր մակարդակներում հասարակությունը ներսից քայքայում են եւ այդ երեւույթների մասին պետք է խոսել՝ իբրեւ մեր պետականության դեմ ոտնձգությունների: Ժամանակն է վերջապես հասկանալ, որ նախնական, ավազակային կապիտալի կուտակման փուլը Հայաստանում ավարտված է, ու օրենքը մեկն է բոլորի համար: Եվ պետք է նաեւ իրոք հետեւել եվրոպական արժեքներին, խաղալ կանոների շրջանակում, այսպես մենք բարեկամներ չենք ունենա: Դա ասելով, «Գոլոս Արմենիի» թերթում հատկապես շեշտված է. Եվրախորհուրդ մտնելուց ի վեր առաջին ընտրությունների շեմին հարկ է հիշել, որ ազատ կամքի արտահայտության դեմ ցանկացած քայլ ազգային շահերի դավաճանություն է:

«Ազգ» թերթի խմբագրականը շեշտադրել է, որ անկախության իսկական տերերն ամենահամեստ պայմաններում ապրող մեր այն հայրենակիցներն են, ովքեր. - «Մնացել են այս հողի վրա, տառապել, արյուն ու քրտինք են թափել եւ շարունակում են անվհատ կառչած մնալ այս հողին։ ... Աններելին այն է, որ իշխանությունները հաճախ անտեսում են հենց այս զանգվածին՝ նրան համարելով արդեն պայուսակում գտնվող կաքավ, որին, իբր, կարելի է նաեւ արհամարհել»։

«Անկախության լավը կարծես միայն հարուստների համար է», - ժողովրդի ձայն է փոխանցում «Օր» թերթը: - «Հակառակ պաշտոնապես տարեցտարի գրանցվող տնտեսական աճին, բնակչության կենսամակարդակի մեջ շոշափելի տեղաշարժեր չկան: Ավելի ճիշտ աճում է ընտանիքների միայն 3-4 տոկոսի բարեկեցությունը, - ընդգծված է «Օր»-ում, - Իսկ «Աղքատության նվազեցման ռազմավարական» ծրագրերը այն բանի համար են գրվում, որպեսզի դոնորները պարտքի հավելյալ բաժիններ «նետեն» թվացյալ բարեփոխումներ անող, սակայն կոռուպցիայի մեջ մինչեւ «ականջների ծայրը թաղված հերթական կառավարությանը»:

«Օրրան» թերթի ուղղորդմամբ. - «Պիտի կարողանանք, պիտի սովորենք անկախությունը չշոթել իշխանության հետ, հատկապես՝ ձախողված իշխանության հետ, որը չի կարողանում դառնալ այդ գաղափարի մարմնացումն ու երաշխավորը: Իշխանությունից մեր սրտնեղությունը հավկուրի նման չտարածենք անկախության վրա: Անկախությունից չէ, որ գյուղացին չի սերմանում, ինչպես պետք է: Այնպիսի ժամանակներ էլ են լինում, երբ հարկ է լինում անկախությունը պաշտպանել ոչ թե դրսեկ, այլ սեփական իշխանությունից»:

«Անկախությունը բարձր գաղափար է ու տոն, եթե, իհարկե, դրա անուշահամ պտուղները հասու են նաեւ ժողովրդին», - իր հերթին բանաձեւել է «Առավոտ» թերթը: Այստեղ տրվում է հերթական վերլուծականը, ըստ որի. - «Քոչարյանի ռեժիմը ջարդելու ունակ ուժն այսօր օբյեկտիվորեն Տեր-Պետրոսյանն է: ...Եթե Տեր-Պետրոսյանը առաջադրվի՝ չշեշտելով հատկապես ՀՀՇ-ով իշխանության գալու հանգամանքը, գուցե դա ինչ-որ բան փոխի, փափկացնի վերջիններիս, նաեւ՝ հասարակության դիրքորոշումը»:

«Առավոտի»-ի մատուցմամբ, եթե Տեր-Պետրոսյանը կարողանա, մասնավորապես դաշինքվել Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Սարգսյանի հետ՝ դա կունենա 1998-ի «Միասնություն» դաշինքի հայտնի էֆեկտը:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG