Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական հարաբերությունները մտահոգում են ե՝ւ իշխանություններին ե՝ւ ընդդիմադիրներին


Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանն այսօր անդրադարձավ Վրաստանում ստեղծված լարված իրավիճակին՝ «Ռազմական անվտանգության հիմնահարցերը եւ խաղաղության հաստատման հեռանկարները հարավային Կովկասում» թեմայով սեմինարի ընթացքում:

- «Ես կարծում եմ, որ ռուս-վրացական կոնտեքստում Հայաստանի քաղաքականությունը պետք է լինի շատ հստակ , մենք շահագրգռված ենք ունենալ կայուն հարեւան՝ կայուն Վրաստան», - ասաց նա:

Հայաստանը, սակայն, ըստ Ռուբեն Շուգարյանի, դեռ չի կարող միջնորդ հանդիսանալ միջազգային տարբեր կոնֆլիկտներում: Դրա փոխարեն մեր երկիրը կարող է օժանդակողի դեր ստանձնել:
Փոխնախարարի համոզմամբ, Հայաստանը կարող է օգտագործել իր «լավ հնարավորությունները՝ Վրաստանում եւ լավ հարաբերությունները՝ Ռուսաստանի հետ»: -«Կարող ենք նաեւ մասնակցել, որոշ բանակցությունների, եւ դա պետք է լինի Հայաստանի նպատակը՝ անկախ նրանից, թե Վրաստանն ինչ ուղի է բռնելու եւ ինչ անվտանգության համակարգի մաս է կազմելու»,- շեշտեց Ռուբեն Շուգարյանը:

Վաղարշակ Հարությունյանը՝ չնայած նախկին, բայց պաշտպանության նախարար է եղել եւ հստակ գիտի, թե ում շահերն է պաշտպանում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը: Նրա խոսքերով, ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի համաձայն, կայանը պաշտպանում է Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը:

Իսկ եթե հանկարծ ռուս-վրացական լարվածությունն էլ ավելի սրվի եւ Մոսկվան որոշի Վրաստանի տարածքում հակաահաբեկչական ռազմական գործողություններ կատարել, չե՞ն օգտագործվի արդյոք այդ ռազմակայանի հնարավորությունները՝ Հայաստանն անուղղակիորեն ներքաշելով հակամարտության մեջ:

Այս մտավախության առումով «Ազատություն» ռադիոկայանի հարցերի պատասխանեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդ Յուրի Ուրինը՝ ռազմակայանի հնարավորությունների, մասնավորապես օդուժի օգտագործումը կտրականապես բացառելով. - «Այդպիսի հարց չի քննարկվել: Իմաստ չկա, ոչ ռազմական տեսակետից , ես ինքս օդաչում եմ, ոչ էլ քաղաքական տեսակետից», - ասաց նա:

Նրա մեկնաբանությամբ, Ռուսաստանին պետք չէ բարդացնել հարաբերությունները Վրաստանի հետ. - «Մենք համոզված ենք, որ երբեւէ Վրաստանի հետ հարաբերությունները բարենպաստ կզարգանան: Մենք կաշխատենք Վրաստանի ղեկավարության հետ այնպիսի համաձայնության հասնել, որ գործը ուժային մեթոդներին չհասնի», - ասաց նա՝ ավելացնելով, թե ուժային գործողություններ կկիրառվեն միայն Ռուսաստանի քաղաքացիներին, սահմաններն ու պետությունը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում: Եթե, օրինակ, գրոհայինները ռազմական գործողությունների դիմելու նպատակով կփորձեն կենտրոնացնել իրենց ուժերն ու Ռուսաստանի տարածք անցել՝ Վրաստանից, այդ դեպքում գրոհայինների կուտակումների վրա հնարավոր է, որ հարվածներ հասցվեն, մասնավորեցրեց Ռուսաստնի դեսպանատան ռազմական կցորդը:

Վաղարշակ Հարությունյանը ընդգծեց նաեւ, որ առանց Հայաստանի իշախանությունների համաձայնության ռուսական ռազմակայանը իրավունք չունի մարտական գործողություններ կատարել: Եվ բացի այդ, ըստ նրա ռազմակայանի օդուժի օգտագործումը գործնականում անհանարին է, բացառվում է, քանի որ այստեղ այդպիսի ինքանթիռներ՝ ռմբակոծիչներ չկան:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG