Մատչելիության հղումներ

logo-print

Գույք՝ պարտքի դիմաց ծրագիրը ներդրումային ընթացք է ստանում


«Փոթիից մինչեւ Նովոռոսիյսկ երկաթուղային լաստանավի կառուցման ծրագիրը ձախողվեց՝ ինչպես ծրագրի ապաշնորհ մշակման, այնպես էլ հայ-ռուսական բիզնես կառույցների անհետեւողականության պատճառով, ասաց հայ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր «Արդյունաբերողների եւ գործարարների միջազգային Կոնգրես»-ի Երեւանում կայացած խորհրդաժողովի ժամանակ։

Ըստ Արսեն Ղազարյանի, Հայաստանից դեպի Ռուսաստան երրորդ երկրների տարածքով բեռների տարանցիկ փոխադրումը 20- 30 տոկոսով թանկ է նստում, քան իրականում կարող էր լինել, դրան հավելած ժամանակի անհամեմատ մեծ կորուստը:

-«Այս պայմաններում հումքի կամ ապրանքների կայուն փոխադրումների պլանավորումը Հայաստանից դեպի Ռուսաստան հերոսական գործ է», - ելույթում շեշտեց Հաայստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը:

Ի վերջո, նրա առաջարկը՝ ստեղծել ռուս-հայկական միջպետական ավտոընկերություն, Կոնգրեսի կողմից ընդունվել է, եւ որոշում է կայացվել ստեղծել կառույցներ, որոնք ոչ միայն կիջեցնեն բեռնափոխադրումների ծախսերը, այլեւ կկոորդինացնեն միջպետական բիզնեսը: Ընդ որում, կոնգրեսին անդամակցում են 22 երկրների արդյուանբերողների եւ գործարարների միություններ, որոնց միջեւ նման կոորդինացիոն կառույցի անհրաժեշտություն, իհարկե, կա:

Արդյունաբերողների եւ գործարարների միջազգային Կոնգրեսն հիմնադրվել է տասը տարի առաջ՝ հայ հանրությանը քաջ հայտնի Արկադի Վոլսկու նախաձեռնությամբ։ Այսպես ասած, նախկին «կարմիր դիրեկտորներին» միավորող այս հասարակական կազմակերպությունը փորձում է վերականգնել ու ամրապնդել նախկին սոցերկրների հանգած արդյունաբերական ձեռնարկությունների կապերը ու այդպիսով աշխատեցնել դրանք։ Այդ ձեռնարկությունների զգալի մասը նախկինում ռազմական կողմնորոշում ուներ, իսկ այժմ դրանք գործարկումը չափազանց բարդ է:

Կոնգրեսի մասնակից ավելի քան 60 գործարարներն ու պաշտոնյաները հույս ունեն, որ նոր որոշումները կնպաստեն ներդրումների ակտիվացմանը եւ երկրների տնտեսական ինտեգրացմանը: Քննարկումներին մասնակցող Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը նույնպես ներդրումների հոսք է ակնկալում. - «Շատ բիզնեսմենների զարմացրեց Ղարաբաղի ներդրումային հնարավորություները: Իմ կարծիքով, բանակցություններ կտան իրենց արդյունքները»:

100 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված 4 ձեռնարկություններն աշխատեցնելու ծրագրերը արդեն կոնկրետ ընթացք են ստանում։ Արսեն Ղազարյանի տվյալներով, Կոնգրեսի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ հայ-ռուսական բիզնես- ֆորում, որտեղ քննարկվել են նաեւ փոխանցված ձեռնարկությունների խնդիրները։

Ռադիոէլեկտրոնային արդյունաբերության հսկաներից մեկը՝ «Մարս»-ը, ամենայն հավանականությամբ, կվերագործարկվի հայկական հանրահայտ ընկերություններից մեկի՝ «Մշակ»-ի արտադրանքի հիման վրա:

«Մշակ»-ի տնօրեն Լեւոն Պողոսյանը, որ մասնակցում է կոնգրեսի քննարկումներին, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իրենք «Մարս»-ի բաժնետոմսերի փոխանցման գործարքին անմիջականորեն չեն մասնակցում, սակայն, բանակցություններ են վարում ձեռնարկության հետագա ծրագրերի շուրջ:

Ըստ Լեւոն Պողոսյանի, իրենց արտադրած էլեկտրոնային կառավարման ավտոմատացված համակարգերը մեծ պահանջարկ ունեն ռուսական շուկայում, որտեղ «Մշակ»-ը այդ արտադրանքի վաճառքի ծավալներով գերմանական երկու ֆիրմաներից հետո երրորդն է: «Մարս»-ի հետ համագործակցելու դեպքում «Մշակ»-ի արտահանման ծավալները կտրուկ կավելանան։ Լեւոն Պողոսյանը հույս ունի, որ այդ ձեռնարկի դեպքում հնարավորություն կստեղծվի պատվերներ ստանալու այդ երկրի ռազմա-արդյունաբերական համալիրից։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG