Մատչելիության հղումներ

Կառավարությունը խոստանում է մարել աղետյալների պարտքերը


Կառավարության հերթական նիստից հետո բրիֆինգի եկած ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան խաչատրյանը հայտնեց, թե գործադիրը զիջել է աղետի գոտու այն բնակիչների բնակարանային վարկերից գոյացած պարտքերը, որոնք տուն են կառուցել Համաշխարհային բանկի վարկերով: Բանկի հետ պայմանավորվածության համաձայն, վարկի 75 տոկոսը պետք է մարի կառավարությունը, իսկ մնացած 25 տոկոսը վարկ վերցնողը: Այս որոշմամբ, վերջին քառորդ մասն էլ կառավարությունը վեպրցնում է իր վրա:

Կառավարությունը որոշել է նաեւ պետական բյուջեից տրված անհատական բնակարանային վարկերի մարումը եւ տոկոսների վճարումը երկարաձգել մինչեւ 2007 թվականը։

Այսօր նաեւ որոշում ընդունվեց նախորդ տարիներից փոխանցված պարտքերի մարման վերաբերյալ: Թեեւ, այն փողերը որոնց պայմանավորված է այդ պարտքերի մարումը, կառավարությունը պարզապես չի ստացել` պետական բյուջեում ծրագրված Համաշխարահային բանկի ՍԱՔ-4 վարկի վերջին 20 միլիոնանոց տրանշը եւ նույնքան գումար կազմող ՍԱՔ-5 վարկը: Դրանց ստացումը խիստ կասկածահարույց է, իսկ առջեւում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են:

Վարդան խաչատրյանը չի թաքցնում, որ նախորդ տարիներից փոխանցված անհույս պարտքերի մարման մասին որոշում ընդունելով կառավարությունը այսպես ասած՝ կանխավճարով լավություն է անում:

Իսկ հավելյալ գումարները կառավարությունը ստացել է Կենտրոնական բանկի շահույթներից բյուջեով ծրագրվածից կրկնակի անգամ ավելի՝ մոտ 4 միլիարդ դրամ, փոխանցման հաշվին։ Այսօր նախորդ տարիներից փոխանցված պարտքը, ըստ Վարդան Խաչատրյանի 13 միլիարդ դրամ է, որից 7 միլիարդն արդեն մարվել է։ Գումարները հիմնականում ուղղվել են առողջապահության, գիտության, մշակույթի եւ սոցիալական ապահովության ոլորտների պարտքերի մարմանը։

Ըստ երեւոյթին, կառավարությունը հույս չունի, որ ծրագրված ժամկետում կստանա ՍԱՔ-4 վարկի վերջին տրանշը, քանի որ այն կապված է բաշխիչ ցանցերի վաճառքին: Հայաստանի գլխավոր դոնորը պետք է համոզվի, որ ցանցերի գնորդի ընտրած կառավարիչ ընկերությունը բավարարում է մրցույթի նախատեսած պայմաններին: Մինչդեռ, Վարդան Խաչատրյանը համոզված է, որ այդպես էլ կլինի , ու փողը կստացվի.- « ՍԱՔ-4-ը ստանալու ենք, ես վստահ եմ»:

Այսօր գլխավոր ֆինանսիստն ասաց, որ բյուջե-2003-ի նախագիծը արդեն պատրաստ է, շուտով կառավարությունը կսկսի քննարկումները: Այդ նախագիծը պետական եկամուտների զգալի աճ է նախատեում՝ համեմատած այս տարվա հետ.- «Միայն հարկային մուտքերը լինելու են 220,5 մլրդ դրամ, այս տարվա՝ 194 մլրդ եւ անցած տարվա՝ 170 մլրդ դրամի փոխարեն»:

Սա նշանակում է, որ դրսից պարտք վերցնելու շանսերը քիչ են, մյուս կողմից բյուջեի դեֆիցիկտն է անհամեմատ փոքր լինելու:

Այսօրվա բրիֆինգին մասնակցում էր նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը տեղակեցրեց, որ Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել բանկային օրենսդրության մեջ, որով նախատեսվում է հայկական բանկերի միջոցով տեռորիստական ակտերի ֆինանսավորման կանխարգելում: Նա հավելեց, թե մեր մասնավոր բանկերում առայժմ տեռորիստկան կազմակերպություններին պատկանող գումարներ չեն հայտնաբերվել:

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG