Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի մեկնաբանի հայացքով, միանշանակ է, որ.
-«Վրաստանի պաշտպանության նախարար Թեւզաձեի եւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Վոլոշինի այցելությունները Հայաստան ամենեւին էլ պատահական չեն»: Այդպես Հայաստանի պաշտոնական շրջանակներին ստիպում են խույս չտալ ռուս-վրացական հարաբերություններին անդրադառնալուց: «Առավոտ»-ի տեղեկություներով, - «Մասնավորապես ՌԴ նախագահի ուղերձում արծարծված է նաեւ Հայաստանից՝ իբրեւ ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ պետություն, աջակցություն ստանալու հարցը»: Մի խոսքով, մեզանից պահանջում են ընտրություն կատարել կա՛մ Վրաստանի, կա՛մ Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելու երկընտրանքի մեջ, մինչդեռ Հայաստանը պատասխան տալու պատրաստ չէ, - շեշտվում է «Առավոտ»-ում:

«Իրար հետեւից Հայաստան այցելող վրացական եւ ռուսական պատվիրակությունները մեզ կարող են ներկայացնել արտաքինից շատ գայթակղիչ, բայց վերջնական արդյունքների առումով ոչինչ չտվող առաջարկություններ՝ փորձելով այս կամ այն կողմ թեքել Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականության նժարները, - նշում է «Հայոց Աշխարհի» մեկնաբանը, - բայց Հայաստանի որդեգրած դիրքորոշումները պետք է խարսխվեն իր ավանդական գործընկերների միջեւ ընտրություն կատարելու պարտադրանքի բացառման վրա:...Ի վերջո ռուսներն ու վրացիները հաշտվելու են իրար հետ, եւ այսօր ոչ հավասարակշռված քաղաքականություն որդեգրելու դեպքում մենք կարող ենք հետագայում հայտնվել բավականաչափ ծանր կացության մեջ»:

Անդրդառնալով երեկ «Հայկական Ժամանակ»-ում ներկայացված՝ «Հանրապետություն» կուսակցության պատվերով սոցհարցման թվերին «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը հավաստիացնում է , որ դրանք նենգափոխված, նկարված արդյունքներ են: Վկայակոչելով այդ կուսակցության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներ, խմբագիրը պնդում է, թե իրականում որպես նախագահացու, Ստեփան Դեմիրճյանը ստացել է ոչ թե 21, այլ՝ 9-ի չափ, իսկ Ռոբերտ Քոչարյանին էլ ձայն է տվել հարցման ենթարկվածների ոչ թե 21, այլ՝ 33 տոկոսից ավելին: Ընդհանուր առմամբ, «Հայոց Աշխարհի» այս արձագանքը հարուստ է Ստեփան Դեմիրճյանին տրված այլեւայլ բնորոշումներով, որոնցից ամենամեջբերելին հետեւյալն է. - «Անձնավորություն, որն ընդունակ չէ ոչ մի բանի՝ բացի սեփական դեմքին խորիմաստ արտահայտություն տալուց եւ հոր ձայնն ընդօրինակելուց»:

«Հայաստանի ժողովրդական կուսակցության» ղեկավարն իր հերթին «Հայկական Ժամանակ»-ի հարցազրույցում խորհուրդ է տալիս. առանձնապես ուշադրություն չդարձնել ամեն մի տափակ վերլուծության: Ինչ վերաբերվում է հայտնի հարցադրմանը , նշում է. - «Ի վերջո, իշխանությունն է իր կատարած քայլերով ստիպում, որ տարբեր գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները համախմբվեն: ... Հարցեր կան, որ երբեմն ուղղակի ստիպում են համախմբվել. որեւէ զարմանք չի առաջացնում, որ այսօր, աշխարհի ամենատարբեր ուղղվածության երկրներ միավորում են իրենց ուժերը՝ ահաբեկչության դեմ պայքարում»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի վերլուծությամբ. - «Այն, որ նախորդ աշնանը Արտաշես Գեղամյանը պառակտեց ընդդիմադիրների միասնական ճակատը, ... նաեւ այն, որ «Հանրապետություն» կուսակցության հարցման արդյունքներում՝ որպես միասնական թեկնածու Ստեփան Դեմիրճյան եւ Արտաշես Գեղամյանը հավաքել են գրեթե հավասար ձայներ, - հուշում է, որ, - միավորումը կարող է կիսվել այս երկու առաջնորդների միջեւ»: -«Ոչինչ չեմ կարող բացառել», - այդ կապակցությամբ թղթակցին ասել է Ալբերտ Բազեյանը, միանշանակ նկատել տալով, սակայն, որ նախագահի դերում հարցվածները ավելի մեծ տարբերությամբ են ուզում տեսնել Ստեփան Դեմիրճյանին՝ 16,8 տոկոս, իսկ Արտաշես Գեղամյանը՝ 7,2 տոկոս:

1998 թվականին ամեն ինչ հեշտ էր. դիմացինը ինտելիգենտ ու հոգնած նախագահ էր՝ թիկունքին Վազգեն Սարգսյան կար: Հիմա Ռոբերտ Քոչարյանը մեն-մենակ է՝ ընդդեմ ոչ միայն ժողովրդի, այլ նաեւ սպանված Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի, պատկերում է այսօր «Օրրան» թերթի մեկնաբանը: - Այս չորս տարվա ընթացքում որեւէ առումով լուծում ու բարելավում երկին ու ժողովուրդը չտեսան: Այս Հայաստանը ի վիճակի է միայն մայրաքաղաքի կենտրոնում բորդյուրներ փոխելու, - « բայց օգտակար այդ քայլը եւս ժողովուրդը չի ընդունում, որովհետեւ չկա ամենակարեւորը՝ փոխըմբռնումը»: Գործող նախագահի համար այս հուսահատական դատողություները «Օրրան»-ում եզրափակված են «Նախագահ դառնալը շատ ավելի հեշտ է, քան նախագահելը» փիլիսոփայությամբ:

«Գոլոս Արմենիի» թերթի շեշտադրմամբ, չափազանց ծանր վիճակում է հայտնվում կառավարությունը: Միջազգային վարկերի ուշացումը թույլ չի տալու կատարել բյուջեով ստանձնած պարտավորությունները, ընտրություններում իրենց չաջակցելը չեն ներելու բազմաթիվ պատգամավորներ ու ուժեր, իսկ առջեւում հաջորդ տարվա բյուջեի քննարկումն է խորհրդարանում, եւ դա միայն ընդդիմադիրների համար չի լինելու հրաշալի առիթ՝ կառավարությանը խփելով բարձրավնել սեփական վարկանիշը: Այդպես՝ էապես կթուլանան նաեւ «Հանրապետական» կուսակցության դիրքերը, ինչը մնացած բոլորին ձեռնտու է: Բյուջեի շուրջ այդ տուրուդմփոցը լավագույն առիթ կարող է դառնալ կառավարությունը փոխելու համար, ակնարկվում է թերթում. - «Հանրապետականների կառավարությունը գրգռում է եւ դիմությանը , եւ ընդդիմությանը»:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG