Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Երեւանում է Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարը





Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինին:

Նախագահի մամուլի գրասենյակի բավականին սեղմ հաղորդագրությունը ծանուցում է, որ Հայաստանի նախագահի հետ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես խոսվել է տնտեսական, ռազմատեխնիկական բնագավառում փոխգործակցության մասին: Անդրադարձ է եղել նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանում ստեղծված իրավիճակին:

Հայ-֊ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի բուն նպատակը, լրագրողական շրջանակներում ենթադրվում է, թե Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների ենթատեքստում է, եւ թե այս իմաստով զուգահեռվում է Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզադեի օրերս Հայաստան կատարած այցին, ինչպես նաեւ պաշտոնական Երեւանի հայտարարությանը, թե պատրաստ է միջնորդել երկու երկրների միջեւ լարվածությունը կարգավորելուն:

Այսօր ավելի վաղ տեղի ունեցած՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ընթացքում, մամուլի գրասենյակը ծանուցում է, որ բացի հայ֊ռուսական հարաբերությունների զարգացման ընթացքից, քննարկվել է նաեւ երկու երկրների նախագահների աշխատակազմերի համագործակցությունն ընդլայնելու հետ կապված հարցեր:

Ցեղասպանության թանգարան այցից, Եղեռնի զոհերի հուշարձանին ծաղիկներ ու հարգանքի տուրք մատուցելուց հետո, Կրեմլի աշխատակազմի ղեկավարը ջրեց Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում Ռուսաստանի նախագահ Պուտինի տնկած եղեւնին:

Երեկոն բարձրաստիճան հյուրը կանցկացնի Սեւանում, իսկ վաղն առավոտյան հանդիպելու է Հայաստանի պաշտպանության նախարար, նախագահին առընթեր անվտագության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի հետ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG