Մատչելիության հղումներ

Նախագահի նախասիրությունները հրահանգ են ստորադասների համար


Ընդդիմադիր կուսակցություններում նախագահի վերջին հայտարարությունները արձագանք են գտել:
Երեկ Ռոբերտ Քոչարյանը ողջունեց 16 կուսակցությունների միավորման փաստը, առաջարկեց իր աջակցությունը միասնական թեկնածուի ընտրության հարցում: Ասաց նաեւ, որ 15 թեկնածուով ընտրությունների գնալուց եւ անցանկալի երեւույթներից խուսափելու նպատակով ճիշտ կլինի նախագահական ընտրությունները մեկ փուլով անցկացնել: Այդպես տնտեսությանը վնաս չի հասցվի, ավելորդ լարվածություն չի լինի, ծախսերն էլ քիչ կլինեն:

«Ազգային ժողովրդավարական միության» նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով, տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա ժողովրդի վստահությունը նորընտիր նախագահի նկատմամբ եւ համոզվածությունը, որ նա ընտրվել է ազնիվ ճանապարհով: Հակառակ դեպքում՝ տնտեսությունն անկում կապրի եւ մարդիկ նորից կթողնեն Հայաստանից կհեռանան: Այսինքն, նախագահի ներկայացրած տնտեսական փաստարկները տեղին չեն, ըստ Վազգեն Մանուկյանի:

ԱԺՄ նախագահի կարծիքով, յուրաքանչյուր թեկնածու կարծիք հայտնելու իրավունք ունի, բայց՝ ոչ գործող նախագահը: Նախաընտրական այս շրջանում փուլերի քանակի մասին նախագահի նման հայտարարությունները, մեր կարգի երկներում, որտեղ բոլոր լծակները կենտրոնացած են նախագահի ձեռքում, ստորադաս շրջանակներում ընկալվում է որպես հրահանգ, այսինքն՝ ամեն ինչ անել, որպեսզի մեկ փուլով ընտրություններն ավարտվեն:

Մեկնաբանելով, թե ինչ դեր կարող է ունենալ նախագահը ընդդիմադիրներին աջակցելու առումով՝ Վազգեն Մանուկյանը նկատում է, թե դա պետք էր ավելի վաղ անել, այսօր ուշ է: Երկրի նախագահը կարող էր նախորդ տարիների ընթացքում նպաստել քաղաքական դաշտի ձեւավորմանը, որպեսզի կուսակցությունները զարգանային եւ փոշիացում չլիներ: Բայց ընտրությունից առաջ ասել, թե «ես կօգնեմ ընդդիմությանը», նշանակում է կասկած առաջացնել՝ առանց այն էլ կասկածամիտ երկրում:

«Հանրապետություն» կուսակցությունը կիսում է նախագահի՝ մեկ փուլով ընտրություններ անցկացնելու, նախասիրությունը: Ալբերտ Բայց արհեստականորեն մեկ փուլով ընտրությունների անցկացման համար պայմաններ ստեղծել նախագահը չի կարող, գտնում է Ալբերտ Բազեյանը: Իսկ Քոչարյանի աջակցության կարիքն այս պահին «Հանրապետություն» կուսակցությունը չունի:

«Հայաստանի ժողովրդական կուսակցության» անդամ Ստեփան Զաքարյանի կարծիքով էլ, այն անձը, որն իր գործունեության ընթացքում հնարավոր բոլոր միջոցներին դիմել է կուսակցություններին պառակտելու համար, - «Զավեշտական է,
որ այդպիսի արտահայտություններ է անում» :
Ըստ նրա, սա հերթական նախընտրական հնարք է՝ ոչ ավելին:

«Ազգային Միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանի, դիտարկմամբ, նախագահը անշուշտ շահագրգռված է մեկ փուլով ընտրություններ անցկացնել: Նրա խոսքերով, եթե 7 թեկնածու լինի, ընդդիմությունն առնվազն 70 տոկոս ձայն կհավաքեն: Բացի այդ, մեկ անգամ կեղծելուց հետո, բավականին դժվար կլինի նույն բան անել երկրորդ անգամ:

«Գիտակցելով այդ՝ պարոն Քոչարյանն ամեն ինչ կփորձի անել, որ (ընդդիմությունից) միասնական մեկ թեկնածու լինի, որոնհետեւ դա ավելի դյուրին է դարձնում 4-5 տոկոս վարկանիշ ունեցող Քոչարյանի ներթափանցումը նախագահի աթոռին», - եզրակացնում է Արտաշես Գեղամյանը:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG