Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մոտեցած ընտրությունների քամին «Հայաստանի Հանրապետություն» թերթում էլ մեծ ծավալի նյութեր է կուտակել ընդդիմադիրների կյանքի ու հավակնությունների մասին եւ առաջին հերթին ընդգծում է՝ «ՀԺԿ- Հանրապետություն» զույգն այն «կառուցենք եւ պաշտպանենք»-ը չէ: «ՀԺԿ-ն չհասցրեց ձեւավորվել այնպես, ինչպես նախանշված էր, իսկ նորաստեղծ «Հանրապետությունը»-ը՝ միայն իշխանափոխության կոչերով ու հոկտեմբերի 27-ի պահանջատիրությամբ, չէր կարող որպես կուսակցություն կայանալ, - նշում է մեկնաբանը՝ շարունակելով, թե պետք չէ կուսակցությունների (եւ ոչ միայն հիշյալ երկուսի) կայացման գործընթացը շփոթել մարզերում գրասենյակներ հիմնելու հետ»: Իսկ ընդդիմադիր ճամբարի այսօրվա հախուռն ու արագ փոփոխվող ընթացքից, մեկնաբանի հայացքով, առավել ցայտունն այն է, որ 16-ի ղեկավարները կարծես ավելի մտածում են՝ ինչ տրանսպորտ են նստելու այդ միավորման սայլից ինջնելուց հետո:

«Ազգային միաբանություն» կուսակցության Երեւանի քաղաքային կազմակերպության նախագահ Սարգիս Մուրադխանյանը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ներկայացրել է, թե ինչ հիացական արձագանքներ են քաղաքացիներն ուղարկում իրենց ծրագրի հրապարակումից ի վեր: Բայց «առայժմ որեւեւէ կուսակցություն առաջարկություն կամ դիտողություն մեզ չի հասցեագրել», - ավելացնում է նա: Փոխարենը կոմկուսի կենտկոմի բյուրոն էլ «Հայաստանի կոմունիս» թերթում որպես նախագիծ միավորմանը եւ հանրությանը ներկայացնում է իշխանափոխության եւ համակարգային փոփոխությունների իր սկզբունքային մոտեցումները: Կոմկուսի հավաստմամբ - «Գաղափարական տարբեր նպատակներ ու խնդիրներ որդեգրած կուսակցություններս, նախագահական, խորհրդարանական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ ստանալով ժողովրդի քվեն եւ քաղաքական ասպարեզից հեռացնելով ներկայիս հակաժողովրդական իշխանություններին, համատեղ ուժերով կարճ ժամկետներում կվերականգնենք ավերված տնտեսությունը եւ գործնական պայմաններ կստեղծենք երկրի հետագա անշեղ զարգացման համար՝ ելակետ ունենալով ժողովրդի հսկայական մեծամասնության շահերը»: Ժողովրդա-հայրենասիրական ուժերին, անկախ բնակության վայրից եւ գաղափարաքաղաքական պատկանելությունից, կոչ ենք անում զերծ մնալ բոլոր տեսակի գայթակղություններից, սադրանքներից ու պատվախնդրություններից, հատկապես պաշտոնամոլությունից եւ կանգնել մեր կողքին, քայլել մեզ հետ», - հորդորում է կոմկուսը:

«Իրավունք»-ի մեկնաբանի դիտարկմամբ, եվ իշխանական եւ այսպես կոչված թունդ հակաիշխանական (իսկ ավելի ճիշտ ռեւանշիստական) քարոզչամեքենաները ձգտում են ամեն կերպ կանխավ գերեզման փորել «16»-ի միավորման համար, եւ ընդհանրապես գործում են չափազանց համահունչ: Տպավորություն է ստեղծվում, որ այս երկու քարոզչամեքենաների գործունեությունը համակարգվում է միեւնույն կենտրոնից: - «Երկու ճամբարներն էլ նշում են, որ նախագահական ընտրություններում հիմնական մրցակիցներ լինելու են Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, - առանձնացված է «Իրավունք»-ում, - երկու ճամբարի համար էլ ձեռնտու է, որ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը մրցակցեն իրար հետ, եւ նախկին ու ներկա իշխանություններից դուրս ասպարեզում այլեւս այլ ծանրակշիռ ուժ չլինի: ... Նախկին ու ներկա իշխանությունները պարզապես գործարքի են գնացել , որը փոխշահավետ է: Ռոբերտ Քոչարյանը կարող է առանց աղաղակող կեղծիքների եւ զինված ուժի կիրառման վերընտրվել միայն մի դեպքում , եթե իր հիմնական մրցակիցը լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակիցը լինի Ռոբերտ Քոչարյանը, ապա նրան ավելի հեշտ կլինի բավականին լուրջ տոկոսներով վերադառնալ քաղաքական ասպարեզ»:

Միեւնույն ժամանակ, «Իրավունք»-ում էլ հայացքը 16-ի միավորման հեռանկարին այնքան էլ լավատեսական չէ: Առավել հավանական է. «16-ի մեծամասնությունը ներառող ռուսամետ կողմնորոշում ունեցող միջուկի ստեղծում, որին մյուսները կամ հարկադրաբար կենթարկվեն, կամ կհեռանան», - նախանշում է մեկնաբանը:

«Մեծապատիվ մուրացկանները» վերնագրով է «Առավոտ» թերթն անդրադարձել օրերս «համազգային թեկնածուի առաջադրման նպատակով» ստեղծված մտավորականների միությանը: Անցյալի փորձից խմբագրականը զուգահեռում է. - «Իսկական մտավորականները դժվար թե պաշտպանեին Արկադի Վարդանյանի պես գործչին՝ ոչ այնքան խելացի, բայց ճարպիկ, փողատեր ու անչափ հավակնոտ: Ճշմարիտ մտավորականը (թեկուզ՝ քաղցած) իրեն թույլ չէր տա ներբողներ ձոնել այդ բիզնեսմենին եւ բորբոքել նրա ամբիցիաները: Իսկ եթե անգամ նման բան աներ, չէր հրաժարվի իր կուռքից՝ հենց որ նրան սկսեին հետապնդել: Բայց ամեն ինչ այդպես էլ եղավ»: Հիմա էլ «մեր «մտածող խավը» կարող է ցանկացած պատահական անցորդի Սոկրատես անվանել, եթե իր բարեկեցությանը նպաստավոր լինի, - շեշտել է «Առավոտ»-ը՝ եզրափակելով, - Թող մեր մտավորականությունը զբաղվի իր գործերով եւ քիթը չխոթի քաղաքականության մեջ: Առավել եւս չփնտրի համաժողովրդական թեկնածու: Թողեք, որ այդ գործով զբաղվի ժողովուրդը»:

«Օրրան» թերթի փարիզյան թղթակիցը զրուցել է Հայաստանից վերադարձած Ժանսեմի հետ. - «Նախագահն ասաց, որ ցանկություն ունի Հայաստանում ինձ համար թանգարան կառուցել: Շնորհակալություն հայտնեցի, բայց մերժեցի: Թող այդ գումարներն ուղղվեն արդյունաբերությանը. չքավորների համար թող պայմաններ ստեղծվեն, - կիսվում է Ժանսեմը, - Հայաստանը շատ է փոխվել: Երկիրն այս անգամ խեղճության եւ մեղկության մեջ տեսա: ... Ուզում եմ, որ երկրում գիշերային ակումբ կամ սրճարան բացվելու փոխարեն գործարաններ աշխատեն, իսկական՝ մեծ գործարաներ, որ երկիրը ոտքի կանգնի եւ ոչ թե վերածվի հիանալի սպասարկման ոլորտով թշվառ մի տարածքի: Ուզում եմ, որ մարդիկ իրենց գործով զբաղվեն եւ չտրվեն անհեթեթ ու սին մտքերի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG