Մատչելիության հղումներ

Առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարարը


Պաշտոնական երկօրյա այցով այսօր Հայաստան ժամանեց Վրաստանի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Դավիթ Թեւզաձեն: Նախարարի այցելության ծրագրով, դեռ մի քանի օր առաջ նախատեսված էր փաստաթղթի ստորագրում՝ ռազմական ոլորտում համագործակցության մտադրությունների վերաբերյալ, որին պետք է հաջորդեր երկու երկրների պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այսօր, սակայն, լրագրողներին բաժանված ծրագրում փաստաթուղթ ստորագրելու մասին ոչինչ գրված չէր: Լրագրողներին հարցերին պատասխանելով՝ Հայաստանի պաշտպանոթւյան նախարար Սերժ Սարգսյանն ասաց, որ «նախատեսվում է արձանագրություն ստորագրել, որտեղ արտացոլված կլինեն մեր հետագա գործողությունները»,- փաստորեն, հերքելով այն ենթադրությունը, թե փաստաթուղթ չի ստորագրվելու:

Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեի խոսքերով, ռազմական ոլորտում հայ-վրացական համագործակցությունը նոր է սկսվել. այժմ խորհրդակցում են, փորձում են ճշտել առավել արդյունքվետ համագործակցության ուղղությունները:

Դավիթ Թեւզաձեն նշեց, որ իր այցը Հայաստան ռուս-վրացական լարված հարաբերությունների հետ կապ չունի: Այցը պլանավորվել էր Ռուսաստանի հետ հարաբերություների սրումից դեռ 6 ամիս առաջ:

Վրաց-ռուսական լարվածության օջախի՝ Պանկիսի կիրճի իրավիճակի մասին պաշտպանության նախարարը հայտնեց, թե
«հասել ենք նրան, որ այս պահին մենք պայմաններ ենք թելադրում՝ գործողություններն ընթանում են ըստ պլանի. մոտ ժամանակներս արդյունքներ կլինեն»:


Չմեկնաբանելով Ռուսաստանի նախագահի վերջին սուր հայտարությունները՝ Վրաստանի պաշտպանության նախարարն ասաց. - «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վլադիմիր Պուտինը լիարժեք տեղեկացված չէ, թե ինչ է կատարվում իրականում»:

Դավիթ Թեւզաձեի խոսքերով, ռուսական ռազմակայանները Վրաստանից հանելու խնդիրը վաղուց է դրված, եւ այդ հարցը գործնականում լուծված է՝ 1999 թվականին ստորագրված համաձայնագրով, Վրաստանի տարածքից Ռուսաստանը դուրս է բերելու իր բոլոր ռազմական հենակետերը: Ներկայումս քննարկվում են ժամկետները:

Ըստ Վրաստանի նախարարի պարզաբանումների, Ախալքալակում խնդիրը ոչ թե ռուսական ռազմակայանն է, այլ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը: Տեղի բնակչության 60 տոկոսը ռազմակայանում աշխատանք ունի, եւ հիմա համալիր ծրագիր է մշակվում, որպեսզի ռազմակայանը հանելուց հետո լուծվեն այդ շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները:

Այսօր Դավիթ Թեւզաձեն հանդիպում է ունեցել արտգործնախարությունում: Վաղը հանդիպելու է Հայաստանի նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG