Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Անդրադառնալով իրենց թերթում ներկայացված սոցիոլոգիական հարցման արդյունքներին, ըստ որոնց, եթե նախագահական ընտրությունները կայանային այս կիրակի, ապա գործող նախագահը կստանար ձայների 20 տոկոսից ավելին, իսկ նրա մոտակա մրցակիցը կզիջեր նրան 10 տոկոսով, «Առավոտ»-ի խմբագիրն այսօր ընդգծում է. - «Անկախ նրանից, թե որքանով են ճշգրիտ այդ արդյունքները, դրանք պետք է որ սթափեցնող նշանակություն ունենան այսօրվա ընդդիմության համար: Չնայած հասարակության մեջ կա զգալի դժգոհություն ներկա իշխանությունից, մեր քաղաքացիները կարծես թե չեն տեղնում այն ուժը կամ այն գործչին, որը կարտահայտի եւ գրագետ եղանակով կձեւակերպի այդ դժգոհությունը: Այսօրվա դրությամբ, ընդդիմադիր 16-ի ալյանսի վարկը բարձր չէ ներքին հակասությունների եւ անձնական ամբիցիաների պատճառով, այդ միավորման գաղափարական անհստակության հետեւանքով: Պարզ ասած՝ լիդերներն առայժմ ցույց չեն տվել հասարակությանը, թե ինչով են իրենք Քոչարյանից լավը», - եզրափակել է խմբագիրը: «Եթե նույնիսկ Գեղամյանը այդ ընդդիմադիր դաշտում տեղավորված ականը չէր, ապա նա այդ դերը կատարեց ավելի քան հաջող», - գնահատում է «Օր» թերթը: - «Ընդդիմությունը պատային իրավիճակում է՝ նրա յուրաքանչյուր քայլ կարող է բերել անվերապեհ պարտության»: Դիտարկելով՝ Գեղամյանի ծրագրի հայտնության օգուտն է շատ, թե վնասը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը ընդդիմությունից ընդհանուր առմամբ արձագանքներ է փոխանցում, որ ծրագիր հրապարակելը յուրաքանչյուրի իրավունքն է, եւ դրանում արտառոց ոչինչ չկա: Միեւնույն ժամանակ, մեկնաբանին զարմացնում է կուսառաջնորդների օլմպիական հանգստությունը, անշտապությունը միասնական ծրագիր կազմելու հարցում. չէ՞ որ, ի վերջո «ծրագիրը պետք է մշակել նույնիսկ միասնական թեկնածու որոշելուց առաջ, այսինքն՝ մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը Գեղամյանի հրապարակած ծրագրի բովանդակությունը քննում է «Ջուր, կատարյալ ջուր» գնահատականային վերնագրի տակ, մասնավորապես ընդգծելով, թե այն ընդհանուր վերացական դրույթների կույտ է եւ որեւէ կերպ չի հստականում նաեւ, թե ինչ առանձնահատկություններ, առանցքներ ունի «Ազգային միաբանություն» կուսակցությունը: Գուցեեւ ներկա ընդդիմադիր միավորումը միայն այդօրինակ միասնական ծրագիր կարող է ունենալ, երբ կոմկուսի ներկայացուցիչ, պատգամավոր Գագիկ Թադեւոսյանն, օրինակ, «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. «Մենք, բնականաբար, ակնկալելու ենք, որ գոնե կոմկուսի համար հիմնարար դրույթներն ընդգրկվեն միասնական ծրագրում: Հակառակ դեպքում չեմ բացառում, որ մեզ համար էական, գաղափարական, առանցքային պահանջները անտեսելու դեպքում կուսակցությունը դուրս գա դաշինքից»: Բոլորի հիմնական դրույթները ներառող ծրագիր ամրագրումն էլ, սակայն, չի նշանակելու, որ խնդիրը լուծվեց, երբ շատերը միմիայն յուրային նախագահի թեկնածու են ուզում: Թադեւոսյանն էլ այս հարցազրույցում փոխանցում է. «Մեր շրջկոմների շատ քարտուղարներ իրավացիորեն գտնում են, որ կոմկուսը բոլոր մյուս կուսակցություններին չի զիջում ոչ իր ազդեցությամբ, ոչ իր անդամների թվակազմով եւ միանգամայն կարող է 1996 եւ 1998 թվականների օրինակով հանդես գալ սեփական թեկնածուով: Կարեւորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը. օլիմպիական կարգախոսի բնույթի մտայնությունների պայմաններում միացյալ ընդդիմության ընթացիկ գործնական քայլերն էլ, բնականաբար, մոլոր են:

«Հայկական ժամանակ»-ի արձանագրմամբ, երեկ միավորման առաջին հրապարակային միջոցառումը տապալվեց: Այստեղ բերված է «Ազգային միաբանության» ղեկավարներից մեկի հետեւյալ հայացքը ընթացքին. - «Մենք հռչակել ենք, որ մեր նպատակը իշխանափոխությունն է: Բայց այդ մանր կուսակցություններն անընդհատ պնդում էին, որ պետք է միջոցառում կազմակերպել եւ պայքարել բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման դեմ, մինչդեռ նրանց իրական նպատակն այն է, որ միջոցառում լինի, բոլոր 16-ի լիդերները հավաքվեն, իրենց հեռուստատեսությամբ ցույց տան Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի, Վլադիմիր Դարբինյանի, Արտաշես Գեղամյանի հետ նույն շարքում»:

«Առնվազն մինչեւ նախագահական ընտրությունների առաջին փուլ այս ընդդիմության՝ փոխհամաձայնության գալու շանսերը գրեթե զրոյական են», - ընդգծել է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը՝ միաժամանակ ակնարկելով. - «Բայց երկրորդ փուլում էլ շատերն ավելի շուտ ներկա նախագահին կպաշտպանեն, քան նրա հետ մնացած մրցակցին, որ կարող է հավակնել երկու նախագահական ժամկետի»:

Այս ֆոնի վրա ընդդիմության համար թերեւս առավել լավատեսական հրապարակումն այսօր «Հայկական ժամանակ»-ում է, ըստ որի՝ «իշխանությունը ներկայումս խոր ճգնաժամի վիճակից փոխադրվել է ճահճացման եւ փտման փուլ»։ «Քոչարյանի վերընտրությունը բացառվում է», - շեշտվում է այստեղ, սակայն՝ հետեւյալ շարունակությամբ. - «Դեպքերի որոշ զարգացման արդյունքում Սերժ Սարգսյանը կարող է դառնալ իշխանության առավել անցողիկ թեկնածու, քան Քոչարյանը... Այս սցենարը կարող են պաշտպանել իշխանության շուրջ համախմբված բոլոր ուժերը, քանի որ ամենակարեւորը՝ «տանիքը», ըստ էության, չի փոխվում: Փոխվում է միայն դերակատարը: Չի բացառվում անգամ, որ Սերժ Սարգսյանի առաջին դիրք մղվելը դրական արձագանք գտնի եւ ընդդիմության որոշակի շրջանակներում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG