Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր միավորումը չի շտապում Գեղամյանին առաջադրել նախագահի միասնական թեկնածու


«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի՝ երեկ կատարած հայտարարություններին ընդդիմադիր 16 կուսակցությունները դեռեւս չեն շտապում արձագանքել: Եվ մամուլում տեղ գտած կարծիքները, թե «16»-ի միասնական ամենաարժանի թեկնածու Գեղամյանն իրեն է տեսնում է, չեն կիսում ընդդիմադիրների առնվազն մի քանի ներկայացուցիչներ:

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Մանուկ Գասպարյանը, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց մեջ այլ արժանիներ էլ կան: Նրա խոսքերով, պետք է անպայման ուսումնասիրվեն բոլոր հնարավոր թեկնածուների անցած ճանապարհը, կենսագրության մանրամասները, նրանց ունակությունները եւ հետո միայն որոշեն ամենաարժանիին:

Ինչ վերաբերում է այսօր մամուլում արդեն տպագրված Արտաշես Գեղամյանի համընդհանուր ճգնաժամի հաղթահարման ծրագրին, ապա ընդդիմադիր միավորման գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մինչեւ ծրագրին ծանոթանալն ու մյուս ծրագրերի հետ համադրելը հանդես գալ մեկնաբանություններով:

Մամուլում հրապարակված տեսակետի առնչությամբ, թե «Ազգային միաբանություն» եւ Հայկոմկուսի ներկայացուցիչները չեն մասնակցում 16-ի աշխատանքային քննարկումներին, եւ որ 16-ի միավորումը դարձել է 14-ի միավորում, Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «մամուլը մութ սենյակում կատու է փնտրում»: Գեղամյանը հավելեց, որ «Ազգային միաբանություն»-ը, մասնակցում է 16 կուսակցությունների միասնական հայտարարության մեջ ընդգրկված հիմնական խնդիրներին առնչվող քննարկումներին, այսինքն՝ քննարկումներին, որոնք ուղղված են օրինական իշխանությունների ձեւավորմանն ու երկրի կայուն զարգացմանը, ինչպես նաեւ ընտրակեղծիքների եւ ընտրությունների արդյունքների նենգափոխման փորձի դեմ պայքարին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG