Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյանը «արագացնում է ականների պայթեցումը»





«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի բնորոշմամբ՝ որպեսզի միավորված 16 ընդդիմադիր ուժերի մեջ դրված ականներն ուշացումով՝ դեկտեմբերին չպայթեն, ինքը «արագացնում է ականների պայթեցումը»: Վաղը արդեն մամուլում կհրապարակվի «Ազգային միաբանություն» կուսակցության՝ համընդհանուր ճգնաժամի հաղթահարման ծրագիրը՝ որպես ընդդիմադիր միավորման միասնական ծրագրի հնարավոր հենք:

Ընդդիմադիր մյուս 15 ուժերին փաստաթուղթն առձեռն կներկայացվի՝ առանձին գրքույկով, որը շուտով լույս կտեսնի: Եվ առաջարկվում է, որ առաջիկա 15-20 օրվա ընթացքում ծրագրի շուրջ դիտողություններն ու լրացումները վերջիններս ուղարկեն «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակ: Գեղամյանը, այսպիսով, կամենում է «16»-ի ծանրության կենտրոնը տեղափոխել իր կուսակցություն:

Ծրագրի դրույթներին սկզբունքային անհամաձայնությունների շուրջ Գեղամյանը պատրաստ է առաջին հերթին բանակցել միավորված ուժերի առաջնորդների հետ, ինչպես նաեւ բոլոր քաղաքական կուսակցությունների, հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ, որից հետո՝ կուսակցության սեպտեմբերի 28-֊ին հրավիրվելիք համագումարում մշակված փաստաթուղթը քննարկման եւ հաստատման կդրվի:

«Մենք էս գլխից ասում ենք՝ սա է մեր ծրագիրը», - ասաց նա: - «Ձեր առաջարկությունները՝ սպասում ենք, ձեր դիտողությունները՝ սպասում ենք: Մեր համագումարը կվստահի Արտաշես Գեղամյանին, որ այս ծրագիրը կյանքի կոչի, այս ծրագրով հանդես գա նախագահական ընտրություններին՝ բնականաբար, Արտաշես Գեղամյանը կենթարկվի կուսակցության որոշմանը», - հիմնավորում է Գեղամյանը՝ ավելացնելով, որ կարող է զիջել մեկ դեպքում միայն. եթե հրապարակ գա ավելի լավ ծրագիր, եւ «դրա հետեւում խիստ կոմպետենտ մարդ լինի»: - «Այսօր ես, ցավոք սրտի, չեմ տեսնում այդ մարդուն», - ասաց «Ազգային միաբանություն» առաջնորդը:

Արտաշես Գեղամյանը համոզված է, որ միասնական հայտարարությունը կյանքի կոչելու հարցում իր կուսակցությունն արդեն առաջ է ընկել համագործակիցներից. ծրագիրը արդեն ներկայացրել են, ընտրական հանձնաժողովներն իրենց անդամներով համալրել են, իրենք են արել նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի արատավոր լինելու մասին ամենազորեղ հայտարարությունները:

Համագործակիցները, սակայն չեն կարծում, թե «Ազգային միաբանություն»-ը ծրագրի առումով իրենցից առաջ է ընկել: ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) ղեկավար անդամ Գրիգոր Հարությունյանի խոսքերով, ՀԺԿ֊-ն նույնպես ունի իր ծրագիրը, որը ժողովրդի կողմից ընդունվել է դեռեւս 1998-ին:

ՀԺԿ ղեկավար անդամներից Վարդան Մկրտչյանն էլ համաձայն չէ, թե Ազգային Միաբանությունն իրենցից առաջ է ընկել: «Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր ծրագիրը: Ուղղակի ծրագրերի համադրման համար ժամանակ է հարկավոր», - ասաց Մկրտչյանը՝ ավելացնելով, որ ուշադրությամբ կուսումնասիրեն «Ազգային միաբանության» ծրագիրն ու կհամադրեն եղած ծրագրերի հետ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG