Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը մահապատժի վերացման նոր վերջնաժամկետ է նշում





Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբի՝ Փարիզում կայացած նիստում գրավոր համաձայնություն է ձեռք բերվել եվրոպական այդ կառույցին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած առանցքային պարտավորություններից մեկի՝ մահապատժի վերացման նոր ժամկետի վերաբերյալ:

Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, սեպտեմբերի 10-ին Փարիզում կայացած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախմբի նիստում, որտեղ Հայաստանի հարցով համազեկուցող Իրենա Բելահորսկան ներկայացրել է սեպտեմբերի 26-ին Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում քննարկվելիք մեր պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող զեկույցի նախնական տարբերակը, գրավոր համաձայնություն է ձեռք բերվել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ արձանագրությունը վավերացվի մինչեւ 2003 թվականի հունիսը:

Հայաստանը պարտավորվել էր նշված արձանագրությունը, որը մահապատիժը թույլատրում է միայն պատերազմի սպառնալիքի կամ դրա ժամանակ կատարված ծանր հանցագործության դեպքում, վավերացներ մինչեւ 2002 թվականի հունվարը: Մինչդեռ Հայաստանում ինչպես օրենսդիրների մեծամասնությունը, այնպես էլ հասարակական կարծիքը հակված է վերապահումներ թողնել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների նկատմամբ: Եվրամիության ղեկավարները, սակայն, բազմիցս շեշտել են, որ մահապատժի վերացման հարցում որեւէ բացառություն անընդունելի է:

Մահապատժի վերացումը պետք է արտացոլվի նաեւ նոր Քրեական օրենսգրքում, որի ընդունումը նույնպես Հայաստանի ստանձնած պարտավորությունների ցանկում է: Ազգային ժողովը արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքի նախագիծը, որում առավելագույն պատժաժամկետը 15 տարի ազատազրկման փոխարեն ցմահ բանտարկությունն է: Նշված նախագծում, սակայն, վերապահումներ կան, որոնք հնարավոր են դարձնում «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալներին մահապատժի ենթարկելը՝ եթե դատարանը նման որոշում ընդունի:

Նոր Քրեական օրենսգրքի նախագիծը ներկայումս փորձագիտական ուսումնասիրության է ենթարկվում Եվրամիությունում: Հովհաննես Հովհաննիսյանի փոխանցմամբ, նոր Քրեական օրենսգիրքը պետք է վավերացվի մինչեւ տարեվերջ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG