Մատչելիության հղումներ

Կառավարությունը չնչին չափով ավելացրեց կենսաթոշակները





Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց կենսաթոշակի հերթական բարձրացման մասին: Ըստ այդմ՝ գործադիրը կենսաթոշակառուի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց տրվող դրամական հավելումը, ներկայիս 60 դրամի փոխարեն, սահմանեց 80 դրամ։

Սոցիալական ապահովագրության հիմանդրամի տնօրեն Ֆրունզիկ Մուշեղյանը նիստից հետո հրավիրված ասուլիսում արձանագրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ բարձրացումն է՝ մեծ պարտքերը մարելուց հետո: «Այս տարվա հոկտեմբերի 1-ից միջին կենսաթոշակի չափը, որ այս պահին կազմում է 5400 դրամ, կկազմի 6000-6100 դրամ», - ասաց նա՝ ակնարկելով, թե սա վերջին բարձրացումը չէ. - «Դեկտեմբերին եւս կառավարությունը թոշակների հետ կապված ինչ-որ բան կունենա ասելու»:

Ինչի՞ հաշվին են ավելացել կենսաթոշակները: Ըստ Մուշեղյանի, եթե երկու տարի առաջ երկրում կար 550 հազար կենսաթոշակառու, ապա այժմ նրանց թիվը 50 հազարով պակասել է։ Ոչ միայն այն պատճառով, որ, այսպես կոչված, «մեռած հոգիներն» են դուրս բերվել ցուցակներից, այլեւ կիրառվող շատ պարզ ու նրբահնար մեթոդի շնորհիվ՝ եթե կենսաթոշակառուն հանրապետությունում չէ, ապա նրա կենսաթոշակը չի վճարվում.

«Հիմնադրամի աշխատանքների շնորհիվ, խիստ հասցեական վճարումներ կատարելու շնորհիվ, եթե մարդը բացակայում է հանրապետությունից, իր ընտանիքի անդամները, հարեւանները, բարեկամները չեն կարող ստանալ նրա կենսաթոշակը: Իսկ կենսաթոշակառուի վերադարձի դեպքում երկու օրվա ընթացքում իրենց կուտակված գումարը ստանում են», - բացատրեց Ֆրունզիկ Մուշեղյանը:

Հստակ չէ, սակայն, թե մարդու իրավունքների միջազգայնորեն ընդունված ո՞ր նորմերի հիման վրա է նման որոշում կայացվել:

Կարելի է ենթադրել, որ հերթական անգամ չնչին չափով բարձրացնելով կենսաթոշակը Անդրանիկ Մարգարյանի կաբինետը իր համար շահեկան երկու խնդիր է լուծում: Առաջինը, բնականաբար, քարոզչական է՝ հանրապետությունում կայանալիք տարամակարդակ ընտրություններից առաջ: Երկրորդը ֆինանսական է. կենսաթոշակների բարձրացմամբ, սահմանային միավորով ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները, բնականաբար, դուրս են մնալու նպաստառուների ցուցակից, այսինքն՝ ստանալով 600-700 դրամի կենսաթոշակի հավելում, զրկվելու են միջին հաշվով 5500 դրամ նպաստից։ Բնական է, որ այդքան չափով կթեթեւանա նաեւ բյուջեի բեռը։

«Պետք է գնալով կենսաթոշակները բարձրանան, եւ այն մարդիկ, ովքեր այդ միավորների տակ չեն գտնվում, նպաստների ծրագրերից պիտի դուրս մնան», - ասաց Կենսաթոշակային հիմնադրամի տնօրենը: - «Եվ վերջին հաշվով, գալու է մի ժամանակ, երբ նպաստառուները շատ քիչ մարդիկ պիտի լինեն»:

Նպաստառուների թիվը շոշափելիորեն նվազեց կենսաթոշակի նախորդ բարձրացումից հետո, երբ կենսաթոշակի 700 դրամ հավելում ստացած շուրջ 14 հազար ընտանիքներ դուրս մնացին ընտանեկան նպաստառուների ցուցակից: Բյուջեի համար դա մոտ 100 միլիոն դրամի տնտեսում է նշանակում։ Ամենայն հավանականությամբ, շուրջ նույնքան էլ կտնտեսվի կենսաթոշակի ներկա բարձրացումից հետո։

Մինչդեռ, այսօր բոլորին էլ պարզ է, որ գործող կենսաթոշակային համակարգը սնանկ է, ու, թերեւս, արմատական բարեփոխման կարիք ունի։ Ներկայում ամսական վճարվող 10-11 դոլարին համարժեք դրամ կազմող միջին կենսաթոշակը չնչին գումար է 30-40 տարի անընդմեջ աշխատած մարդու համար։

Դրա հակառակ երեսին տնտեսության ահռելի ստվերայնությունն է, երբ գործատուները՝ զանգվածաբար աշխատողների հետ համաձայնության գալով, աշխատավարձերի մեծ մասը վճարում են առձեռն՝ հաջողությամբ խուսափելով ինչպես եկամտահարկի, այնպես էլ սոցիալական ապահովագրության հիմնադրամի մուծումներից։ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատումներով, տնտեսության մասնավոր հատվածի գործատուները իրենց հաշվետվություններում արտացոլում են փաստացի վճարած աշխատավարձերի լավագույն դեպքում քառորդը: Մնացածը մնում է ստվերում:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG