Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ»-ի փորձագետները վերլուծում են հայաստանյան իրողությունները


Բրիտանական «Էկոնոմիստ» շաբաթականի վերլուծաբանները կանխատեսում են, որ ներքաղաքական կյանքը Հայաստանում առաջիկա ամիսներին ավելի ու ավելի է կենտրոնանալու ձմռանն ու գարնանը կայանալիք ընտրությունների շուրջ:

Անգլիացի փորձագետների համոզմամբ, թեեւ Ռոբերտ Քոչարյանը պահպանում է առաջնությունը հայաստանյան քաղաքականությունում, նրան սպասում են մի շարք մարտահրավերներ, որոնցից հիմնականը հետեւյալն է. «Չնայած Քոչարյանը այժմ վայելում է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, չկա որեւէ կուսակցություն, որ անվերապահորեն պաշտպանի նրան»: Որպես օրինակ «Էկոնոմիստ»-ի հետազոտական խմբի մասնագետները բերում են ՀՀԿ-ն (Հայաստանի հանրապետական կուսակցություն)՝ նշելով, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած խորհրդարանական խոշորագույն կուսակցությունը լայնորեն աջակցում է նախագահի օրենսդրական նախաձեռնություններին, սակայն այդ աջակցությունը կարող է եւ չտարածվել Քոչարյանի վերընտրության ձգտումների վրա: Մանավանդ, եթե վարչապետ Մարգարյանը ինքը որոշի մրցակցել նախագահության համար:

Բրիտանացի փորձագետների եզրակացությամբ, Քոչարյանը մասամբ ինքն է մեղավոր, որ ոչ մի կուսակցություն նրան անվերապահորեն չի սատարում. «Թեեւ նրան հաջողվում է կառավարել հայաստանյան քաղաքական գործընթացները, նա շատ քիչ բան է արել սիրաշահելու համար այն կուսակցություններին, որոնք կարող են պատկառելի հենք ապահովել իր վերընտրության համար»:

«Էկոնոմիստ»-ի մասնագետները չեն բացառում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն՝ փաստելով, որ ՀՀՇ-ն (Հայոց համազգային շարժում) վերջին ամիսներին զգալիորեն աշխուժացել է ու շատ ավելի քննադատաբար է վերաբերում Քոչարյանին: «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշի առաջադրել իր թեկնածությունը», - ենթադրում են բրիտանացի փորձագետները, - «դա Ռոբերտ Քոչարյանի համար լուրջ փորձություն կլինի, մանավանդ եթե նախկին նախագահին հաջողվի իր շուրջը համախմբել այն կուսակցությունները, որոնց հիասթափված են ներկա նախագահի քաղաքականությունից»:

Փորձագետների կարծիքով, Քոչարյանը մինչեւ այժմ հաջողությամբ դիմակայել է ընդդիմության մարտահրավերներին, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները ի վիճակի չեն եղել միավորվելու մի այնպիսի առաջնորդի շուրջ, որը դիտվեր որպես ուժեղ այլընտրանք Քոչարյանին կամ կարողանար միավորել բոլորին մեկ ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ: «Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք ընդդիմադիր կուսակցությունները կորոշեն առաջադրել մեկ միասնական թեկնածու, թե՞ ընտրությունների կգնան յուրաքանչյուրն իր թեկնածուով», - գրում են բրիտանացի մասնագետները, եզրակացնելով. - «Եթե ընդդիմությունն ընտրի երկրորդ տարբերակը եւ բազմաթիվ թեկնածուներ առաջադրի, ընտրվելու շանսերը շատ ավելի սահմանափակ կլինեն»:

Տնտեսության բնագավառում «Էկոնոմիստ»-ի հետազոտական խմբի հիմնական դիտողությունները գրեթե կրկնում են Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի վերջին զեկույցի բովանդակած դիտողությունները: Դրանք երեքն են՝ հարկերը լավ չեն հավաքվում, ներդրումային մթնոլորտը չի բարելավվում (այսինքն կոռուպցիայի դեմ պայքարը թույլ է) եւ, վերջապես, կարգ ու կանոն չի հաստատվում էներգետիկ հատվածում:

«Հարկահավաքման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների թվում վերջիններից է», - փաստում են «Էկոնոմիստ»-ի
փորձագետները՝ դա բացատրելով կաշառառության տարածվածությամբ եւ 40-տոկոսանոց ստվերային տնտեսությամբ:

Բրիտանացի վերլուծաբանները նույնպես վերահաստատում են այսպես կոչված «հայկական ֆենոմենը»՝ տնտեսությունն աճում է (եւ «Էկոնոմիստ»-ի հետազոտական խմբի կանխատեսումներով, կշարունակի կայուն կերպով աճել առաջիկա երկու տարիներին), բայց ժողովրդի կենսամակարդակը չի բարձրանում՝ ընտանիքների կեսից ավելին շարունակում է մնալ աղքատ: «Աղքատների մեծամասնությունը չի շահել վերջին տարիների տնտեսական աճից», - գրում են փորձագետները: - «Փոխարենը այդ աճը ավելի է սաստկացրել հարուստ եւ աղքատ ընտանիքների վաստակի միջեւ տարբերությունը»:

Անդրադառնալով Հայաստանի բնակչության թվին, «Էկոնոմիստ»-ի փորձագետները երեք թիվ են վկայակոչում՝ առաջինը պետվիճվարչության հրապարակած 3 միլիոն 800 հազարն է: Երկրորդը մարդահամարի նախնական արդյունքն է՝ մոտ 3 միլիոն: Եվ վերջապես, անցած տարվա վերջին հատուկ ուսումնասիրություն է անցկացվել՝ հիմնված սննդամթերքի եւ էլեկտրականության սպառման վրա: Ըստ այդ ուսումնասիրության, Հայաստանում իրականում ապրում է 2,1-2,5 միլիոն մարդ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG