Մատչելիության հղումներ

Հայաստանում նշվեց սեպտեմբերի 11-ի ողբերգության տարելիցը





Այսօր վաղ առավոտից ամբողջ Հայաստանում օրվա տարբեր ժամերին հարգանքի տուրք մատուցվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակին:

ժամը 8.46-ին Գրիգոր Լուսավորիչ տաճարում Հովհաննես Չեքիջյանի երգչախումբը կատարեց Մոցարտի ռեքվիեմը: Սուրբ Զորավոր եկեղեցում «Այրեքս» կազմակերպության շրջանավարտների նախաձեռնությամբ պատարագ մատուցվեց զոհվածների հիշատակին: Մարդիկ եկեղեցի էին եկել հենց պատարագին մասնակցելու նպատակով: Իսկ երեկոյան ժամը 17:46-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի դահլիճում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ «Սերենադ» կամերային նվագախմբի կատարմամբ կրկին հնչեց Մոցարտի ռեքվիեմը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան եւ հայաստանյան իշխանությունների նախաձեռնած հուշ- երեկոն բացեց դեսպան Ջոն Օրդուեյը: Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին անհամար կարեկից եւ ցավակցական խոսքերի համար:

«Այսօրվա համերգը Հայաստանում գտնվող ամերիկյան հասարակությանը հնարավորություն է ընձեռում արտահայտելու վիշտը եւ կիսելու կսկիծը հայ գործընկերների հետ», - ասաց դեսպանը՝ միեւնույն ժամանակ երախտագիտությամբ նշելով, որ Հայաստանը ողջ աշխարհի հետ միասնաբար աջակցում է ահաբեկչության դեմ պայքարին:

Միջոցառմանը մասնակցում էր ողջ քաղաքական եւ իշխանական վերնախավը, սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

«Ականատես եղա այդ ահավոր եղեռնին: Երեւի այդ պահին ազգություն գոյություն չուներ: Եվ բոլորս մեկ մարդու նման ցավեցինք, հուզվեցինք այդ ողբերգության համար: Բոլորիս մտքում մի բան էր. Աստված մարդկանց այնքան գիտակցություն տա, որ կարողանան բարի լինել, սիրեն կյանքը, չարիք չարարեն ամբողջ մարդկության հանդեպ», - ասաց ողբերգության օրը Նյու Յորքում գտնված տնտեսագետ Սուսաննա Զաքարյանը:

Երեւանի ժամանակով ուղիղ ժամը 18.46-ին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ահաբեկչության զոհերի հիշատակը: Իսկ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը աղոթեց նահատակների համար:

Դեսպանին եւ ամերիկյան ժողովրդին կարեկցանքի խոսք ուղղեց նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Այսօր լրանում է մեկ տարին այն ողբերգական օրից, երբ միջազգային ահաբեկչության անմեղ զոհը դարձան բազմահազար մարդիկ: Մենք կրկին մեր կարեկցանք ենք հայտնում ԱՄՆ կառավարությանը եւ ժողովրդին»,- այսօր ավելի վաղ հրավիրված ասուլիսում ասել էր արտգործնախարարը:

Ասուլիսում Օսկանյանը նաեւ նշեց, որ սեպտեմբերի 11-ը միջազգային ասպարեզում նոր իրողությունների սկիզբ դրեց, շրջադարձային եղավ մեր ժամանակների պատմության համար՝ ցույց տալով, որ «միայն միջազգային հանրության համախումբ ջանքերով է հնարավոր պայքարել ամբողջ աշխարհի առջեւ հառնած նման խնդիրների դեմ»:

Նրա խոսքերով, այդ օրը նշանավորվեց նաեւ աննախադեպ միջազգային կոալիցիայի ստեղծմամբ. ընդհանուր շահի շուրջ միավորվեցին «մրցակիցներն ու ախոյանները, մեծ ու փոքր տերությունները, յուրաքանչյուրը գիտակցելով իր անփոխարինելի դերն ու տեղն այդ գործում»:

«Հայաստանը նույնպես առաջին օրվանից միացավ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին՝ իր համեստ ներդրումը բերելով այդ ջանքերին», - ընդգծեց արտգործնախարարը:

Ի պատասխան հարցին, թե ի՞նչ դիրքորոշում կունենա Հայաստանը, եթե Միացյալ Նահանգները եւ նրա շուրջ համախմբված կոալիցիան որոշեն ռազմական գործողություններ սկսել Իրաքի դեմ, Օսկանյանը հույս հայտնեց, որ Իրաքի դեմ այս պահին ռազմական գործողություններ չեն սկսվի: Նրա խոսքերով, ցանկացած դեպքում այդ գործողությունները բացասաբար կանդրադառնան տարածաշրջանի վրա եւ, ցանկալի է, որ խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով:

Նման հարցերում Հայաստանի դերն ու նշանակությունը, իհարկե, շատ փոքր է: Այս պահին, ըստ նախարարի, մենք միայն հետեւում ենք իրադարձություններին, սպասում, թե ինչ զարգացումներ կլինեն, հատկապես, որ մենք Իրաքում դեսպանատուն ու հայ համայք ունենք:

«Նրանց անվտանգությունը, նրանց կյանքի նկատմամբ վտանգի հանգամանքը մեզ՝ որպես պետություն, մտահոգում է», - նշեց Օսկանյանը:


Հրաչ Մելքումյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG