Մատչելիության հղումներ

Հայաստանի գազի մատակարարը գոհ է 2002-ի ընթացիկ արդյունքներից


Չորեքշաբթի օրը «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի հերթական նիստում արձանագրվել է, որ զգալիորեն բարելավվել է գազի դիմաց վճարումների հավաքագրումը ինչպես անհատ սպառողներից, այնպես էլ կազմակերպություններից:

«Հայռուսգազարդ»-ի հիմնական բաժնետեր, ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը ներկայանող պատվիրակությունը գլխավորում էր ընկերության վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը: «Գազպրոմ»-ին է պատկանում «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 45 տոկոսը. եւս 10 տոկոս ունի Միացյալ Նահանգներում գրանցված «Իտեռա» ընկերությունը, որը արտաքին շուկայում վաճառահանման գծով «Գազպրոմ»-ի առեւտրային գործընկերն է: Հայաստանի կառավարությունը տնօրինում է բաժնետոմսերի 10 տոկոսը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հայռուսգազարդ»-ի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը, տնօրենների խորհրդի հերթական նիստում ուշադրության կենտրոնում են եղել վարձավճարների հավագրման հարցերը: Սարդարյանի տեղեկացմամբ, ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին հավաքագրվել է սպառված գազի ողջ գումարը եւ նույնիսկ կրճատվել է նախկինից մնացած պարտքը՝ 2001 թվականի սեպտեմբերի 21 միլիարդ դրամի դիմաց ներկայումս այն կազմում է 17 միլիարդ դրամ: Հիմնական պարտապանները պետական ջերմակայաններն են ու քիմիական ձեռնակությունները:

«Գազպրոմ»-ի պատվիրակությանը ընդունել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նշելով, որ այս տարի Հայաստանում գազի նվազ պահանջարկ է եղել, վարչապետը ընդգծել է, որ մեր տնտեսության համար անչափ կարեւոր այդ էներգակրի սպառման ծավալների մեծացումը առաջիկայում անխուսափելի է՝ նկատի առնելով գազաֆիկացվող բնակավայրերի ավելացման ուղղությամբ ընթացող աշխատանքները, վերագործարկվող կամ հզորություններն ավելացնող ձեռնարկությունների թվի մեծացումը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG